Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր ընթանում էր «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և 17 մասնակիցների դեմ քրեական գործով հերթական դատական նիստը։
Փաստաբանները միջնորդել էին հանրային մեղադրողներին բացարկ հայտնել։ Ըստ նրանց, հանրային մեղադրողները բացահայտ կողմնակալ վերաբերմունք են դրսևորել իրենց վստահորդների նկատմամբ։
Այս գործով անցնող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը ներկայացրեց իր կարծիքը միջնորդության վերաբերյալ՝ հայտարարելով, որ ինքն ի սկզբանե գիտեր, որ սա շինծու գործ է, քանի որ առաջին իսկ օրվանից եղել է Բագրատ Սրբազանի կողքին։
Կարդացեք նաև
«Մենք ոչինչ հակապետական ու հակաօրինական չենք արել»,-ասաց նա։
Արթուր Սարգսյանը նշեց, որ սա պետական, քաղաքական պատվեր է, և որ ինքը հանրային մեղադրողներին չի մեղադրում, որովհետև ամեն մեկն է որոշելու իր արարքները ու պատասխան է տալու անկախ նրանից՝ պատգամավոր է, թե դատախազ։
«Էդ գործը տարել են առաջ, պարգևատրվել են Մխիթար Գոշով, վարչության պետի պաշտոն են ստացել։
Անկախ այս ամենից՝ մի կարևոր բան կա․ դատախազի էլ, պատգամավորի էլ տղամարդ տեսակ կա։ Հիմա գործը կա, 18 հոգի պիտի կալանավորվեն, ԱԺ բարձր ամբիոնից էն օրը հայտարարեցին, որ այ՝ իրենք որ լինեին, խաղաղության պայմանագիրը չէր ստորագրվի, կխանգարեին։ Հիմա խաղաղության պայմանագիրն էլ կա, բայց սրանից զատ մի կարևոր բան կա․ 18 հոգուն կալանավորում եք, 18 հոգու մեջ կա Լիդյա Մանթաշյան կին։ Ես զարմանում եմ, դրանից հետո ոնց են գնացել իրենց տուն ու նայել իրենց կանանց աչքերին։
Ես ուզում եմ ասեմ՝ գոնե հիմա կամք ունենան, կամք չեն ունեցել այն ժամանակ, որ իրենց պատվեր իջեցնողներին ասեին՝ լավ, գոնե էսքանն անում ենք, գոնե էն կնոջը ազատություն տանք, որը չարեցին։ Հիմա պաշտոնները ստացել են, գոնե կամք ունենան, մեզ զրկել են մեր ընտանիքներից, մենք հարմարված ենք դրան, մենք պայքարել ու պայքարելու ենք, բայց գոնե ինքնաբացարկ հայտնեն, գնան, նոր դատախազները գան, միգուցե իրենց որոշումը փոխվի։
Ուզում եմ մի բան էլ ասեմ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին մեղադրող քննչական խմբի ղեկավարը, որը ևս ստացել է «Մխիթար Գոշ», հիմա գտնվում է Վարդաշենի քրեակատարողական հիմնարկում»,- ասաց պատգամավորը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ