Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և 17 մասնակիցների դեմ քրեական գործով հերթական դատական նիստին փաստաբանները բացարկի միջնորդություն էին ներկայացրել հանրային պաշտպաններին՝ որպես հիմք ներկայացնելով այն, որ կեղծված ապացույց է ներկայացված մեղադրական եզրակացության մեջ։
Հանրային մեղադրողը նշեց, որ պաշտպանների խոսքն ուղղված է ունկնդիրներին, և որ պաշտպան Հովհաննես Խուդոյանը, որը ներկայացնում է Բագրատ Սրբազանի շահերը, դիմել է հին հնարանքի՝ սոփեստության։ Նա մի անգամ օգտագործել է կեղծիք բառն ու հետո անընդմեջ կրկնել, այստեղ կեղծիքի մասին խոսք լինել չի կարող ։
Կարդացեք նաև
Նա նշեց, որ Բագրատ Սրբազանը դատարանում դատվում է ոչ որպես հոգևորական, այլ աշխարհիկ արարքի համար, հետևաբար և դատապարտելի համարեց նրա հոգևորական լինելը շահարկելն ու հուզական կարծիք ստեղծելը հանրային դաշտում։
Հանրային մեղադրողը նաև նշեց, որ չի պատրաստվում բանավեճի մեջ մտնել որևէ մեկի հետ։
Բագրատ Սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ ինքը սոփեստությունը որպես հնարանք չի կիրառել։ Ըստ նրա, հասարակությունը լսել է ձայնագրության ամբողջական տարբերակը, նաև ներկայացվող հատվածները և նաև Քննչական կոմիտեի նախագահի ելույթը։ Ըստ փաստաբանի, բացահայտ երկու տարբեր կոնտեքստներ են․ մի դեպքում բարձրագույն պաշտոնատար անձինք պնդում են, որ մեղադրվող գործողությունների շրջանակում պլանավորում էին մարդկանց գնդակահարել, որը հստակ մեղադրանք է, իսկ իրական կոնտեքստում, որը կա ձայնագրության մեջ, խոսքը վերաբերում է լրիվ ուրիշ բանի։
«Սա բովանդակության խեղաթյուրման մասին տվյալ է», -ասաց փաստաբանը։
Խոսք խնդրեց Բագրատ Սրբազանն ու ասաց․ «Ես երեք հատ ուղիղ հարց եմ տվել՝ ինչի՞ն են վերաբերում երկու հոգուն գյուլլելու և 15 հոգուն բանտ դնելու պատմությունը։
Դուք, վստահ եմ ականատես եք եղել՝ Ազգային ժողովի ամբիոնում իրար հերթ չտալով՝ մարդիկ ասել են, որ մարդկանց գնդակահարում էին։
Հիմա ես ձեզ հարցնում եմ՝ դուք կարո՞ղ եք պատասխանել այդ հարցին, չեք կարող, որովհետև խաբեության մեջ եք։
Երկրորդը՝ հարց եմ տվել ձեզ, էդ գործի մեջ ավտոբուս վառելու պատմություն կա՞, թե՞ ոչ։
Երրորդ, դուք որ ասում եք՝ էս մարդկանց համար արեցիք, դուք էս մարդկանց համար չե՞ք անում, բա դուք ո՞ւմ եք ծառայում, կարող եք ասել, ո՞ւմ եք ծառայում։
Չորրորդ՝ էդ ձայնագրությունները, որ կտոր-կտոր հրապարակում էին, ո՞ւմ համար էին հրապարակում, իրենց հոր համա՞ր, իրենց տնեցիների համա՞ր, հանրության համար չէին հրապարակո՞ւմ։
Ի՞նչ եք բան դարձրել ձեր ձեռքին, գնում-գալիս, ասում եք՝ շոու եք անում, բա դուք ի՞նչ եք անում, կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ եք անում ու մեկ էլ ոգևորվում եք, այո, հիշեք, ասում եմ ձեզ՝ դժվար գործի մեջ եք մտել, սիրելի տղաներ, այդպես եմ դիմելու ես ձեզ։
Ես աշխարհիկ գործի մեջ չեմ, ես նաև ձեր ազատագրության համար եմ նստել, ձեր, հենց ձեր, որ վաղը նաեւ Հայաստանի Հանրապետությունը կեղծիք չունենա։ Այո՛, եթե պետք լինի նաև գնդակահարել այն մարդկանց, որոնք կեղծիքով ու ստով պիտի առաջնորդվեն, և այո՛, գործը դրա մասին է, և դուք չեք կարող պատասխանել, չեք կարող, ուղղակի չեք կարող, ինչ ուզում եք արեք։
Ձեր Ազգային ժողովի նախագահի խոսքերով ասեմ ՝թռնեք վերև, իջնեք ներքև, այո՛, ոչ մի իրավական բան չկա ձեր ասածների մեջ, երբ որ ասում եք՝ էս մարդկանց համար եք անում ու ցույց եք տալիս էդ մարդկանց։ Մենք էնքան հիմար ենք, դուք էլ խելո՞ք եք, ինչի՞ մասին եք խոսում դուք ընդհանրապես, դուք դրսում չեք կարող շնչել, եկել եք նստել եք էս սեղանի շուրջ, կեղծիք եք սարքել, մի հատ էլ խոսում եք։ Խնդրում եմ իմ հարցերին պատասխանել ուղիղ»։
Դատավորը մերժեց հանրային պաշտպանին բացարկ հայտնելու միջնորդությունը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ