«Գերիների խնդիրը նախ իրավական է։ Գերուն չհայրենադարձելը հանգեցնում է մի քանի իրավախախտումների՝ այդ թվում անձնական ազատության իրավունքի։ Եթե նրանք նաև դատավարությունների մաս են կազմում, հետապնդվում իրենց կարգավիճակից բխող գործողությունների համար, ինչպես օրինակ՝ մարտական գործողությունների մասնակցությունն է, օկուպացված տարածքի բնակիչ լինելը, հասկանալի է, որ նրանք պետք է նաև պաշտպանված լինեն արդար դատաքննության իրավունքի համատեքստում»,-«Հայ ռազմագերիների պաշտպանությունը. ինչպես օգնել նախկին գերիներին հաղթահարել հետտրավմատիկ սթրեսային խանգարումները» թեմայով քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան, միջազգային ու համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանը։
Նա փաստեց՝ Ադրբեջանում ձևավորված է հակահայկական քաղաքականություն, որով պայմանավորված հայերը ենթարկվում են խտրականության և մարդու իրավունքների ծայրագույն խախտումների․ «Կան դատական ակտեր, որոնք այս փաստերն արձանագրում են․ սա ընդամենը հայկական կողմի նարատիվը չէ, սրանք արդեն միջազգային դատական գործընթացներով ստուգված, հաստատված փաստեր են, որոնք պետք է առաջ բերեն նաև այլ բնույթի հետևանքներ։ Ուստի այնտեղ պահվող հայերը ենթարկվում են դաժան, անմարդկային վերաբերմունքի, և սա է պատճառը, որ հայրենադարձվելուց հետո բախվում են հոգեբանական խնդիրների։ Այս դատական գործընթացների միջոցով փորձ է արվում արձանագրել իրավական խախտումները և հասնել իրավաբանորեն պարտադիր դատական ակտերի կայացման, ինչը կպարտադրի Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներին»։
Նա փաստեց՝ գերիների որոշ խումբը ներկայացված է եղել անհատական գանգատների միջոցով, որտեղ գործել են նրանց ընտանիքների ընտրությամբ փաստաբաններ ու վստահեցրեց․ «Սա որևէ կերպ չի նույնանում պետական գործերի հետ։ Սակայն գերիների մի խումբ ներկայացված է եղել միջպետական գանգատի միջոցով, ընդորում, գերիների հարցը արծարծվել է ինչպես ՄԱԿ-ի դատարանում, այնպես էլ ՄԻԵԴ-ում։ Մենք ունենք միջպետական մեկ հայց ՄԱԿ-ի դատարանում և միջպետական 4 հայցեր Եվրոպական դատարանում։ Կարևոր է այս հայցերի ճակատագիրը։ Խաղաղության համաձայնագրի հրապարակված և նախաստորագրված տեքստը ունի դրույթ՝ համաձայն որի՝ պետությունները պարտավորվում են հետ կանչել, հրաժարվել միջպետական հայցերից, և երբ այս համաձայնագիրը ուժի մեջ մտնի, նախատեսված է մեկ ամիս ժամկետ, որից հետո նորմը գործողության մեջ լինելով՝ հանգեցնելու է դրա կատարողականի։ Ուստի միջպետական հայցերի հետկանչը կարող է մեզ համար դառնալ իրողություն, և իրավական պաշտպանության միջպետական ուղին կարգելափակվի, հետագա իրավական գործընթացների ողջ ծանրաբեռնվածությունը հայտնվելու է իրավապաշտպանների և ընտանիքների ուսերին։ Խաղաղության համաձայնագիրը չի կարգավորում և չէր էլ կարող կարգավորել անհատական հայցերի ճակատագիրը։ Այս առումով վստահեցնում եմ, որ պայմանավորվածությունները որևէ նշանակություն չունեն մեզ համար։ Մենք հետամուտ ենք մեր կողմից նախաձեռնված իրավական գործընթացների ավարտին»։
Կարդացեք նաև
Սիրանուշ Սահակյանը տեղեկացրեց՝ ՄԻԵԴ-ն այս պահին Ադրբեջանում պահվող 23 հայերի առնչությամբ կիրառել է անհապաղ միջոցներ և պահանջել Ադրբեջանին հեռու մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են մեր գերիների բարեկեցությունը, ֆիզիկական անվտանգությունը և կյանքը դնել սպառնալիքի ներքո։ Ադրբեջանն այս ողջ ժամանակահատվածում փորձ է անում վերացնել այս միջոցները, որը կրկին մարդու իրավունքների տրամաբանությանը չի ենթարկվում»։
Նա հայտնեց, որ նախորդ ամսվա ընթացքում ադրբեջանական կողմը ՄՒԵԴ-ին միջնորդություն էր ներկայացրել՝ խնդրելով վերացնել կիրառված անհապաղ միջոցները․ «Մենք առարկել էինք։ Սեպտեմբերի 24-ին դատարանը կայացրեց որոշում, որ կիրառված միջոցները պետք է մնան անփոփոխ։ Այս պահին էլ հայ պատանդները գտնվում են միջազգային դատարանների հատուկ միջոցների պաշտպանության ներքո։ Ադրբեջանական կողմը պարտավոր է որոշակի պարբերականությամբ հաշվետվություն ներկայացնել նրանց պահման պայմանների, առողջական վիճակի և այլ հանգամանքների վերաբերյալ։ Այս հաշվետվության ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 4-ն է»։
Սիրանուշ Սահակյանը մտահոգություն հայտնեց՝ Կարմիր խաչը վերջին անգամ հայ գերիներին տեսակցել է հունիսին, դրանից հետո այլ այցելություններ չեն եղել․ «Հայ գերիները գտնվում են արտաքին աշխարհից բացարձակ մեկուսացման պայմաններում։ Ունենք տեղեկություններ, որ Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն կարողացել է երկարատև բանակցություններից հետո այցելել Ադրբեջանի փակ հաստատություններ ու ասաց․ «Թե այս այցելությունների ընթացքում տեսակցել են բացառապես ադրբեջանցիներին, թե՝ հնարավորություն են ունեցել նաև տեսակցել որոշ հայերի, այս մասով դեռ ամբողջական տեղեկություններ չունենք»։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ կարող է լինել միջպետական հայցերի՝ հետ կանչումից հետո, Սիրանուշ Սահակյանն ասաց․ «Մենք չգիտենք՝ ինչպիսին կարող է լինել ՄԻԵԴ մոտեցումը։ Աննախադեպ իրավիճակ է, չունենք նաև կանխատեսելի դատարանի վարքագիծ։ Եթե անալոգիա անենք անհատական գործերին, երբ անհատն է դիմում իր իրավունքի պաշտպանության համար և հետագայում հրաժարվում իր գործից, Եվրոպական դատարանն ավտոմատ չի դադարեցնում գործի քննությունը։ Մասնագիտական հանրության դիրքորոշումն այն է, որ միջպետական հայցերից հրաժարման՝ պետության կամարտահայտությունը չպետք է հանգեցնի ավտոմատ այս գործերի քննության դադարեցման, և Եվրոպական դատարանը պետք է կարևորի արդարադատության շահը։ Եթե դատարանը առաջադեմ գտնվի և մերժի հրաժարման խնդրանքները, ապա մենք ունենք տեսական հնարավորություն, որ գործերը կքննվեն»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ