Լրահոս
Օրվա լրահոսը

«Կամ Փաշինյանը չի կարողանում աշխատել միջազգային փաստաթղթերի հետ, որը քիչ հավանական է, կամ հատուկ կեղծիք է դնում դրանցում, որ խաբի մեր քաղաքացիներին»․ Հայկ Մամիջանյան

Հոկտեմբեր 02,2025 20:15

«Փաշինյանի ելույթներում բովանդակությունն այնքան քիչ է, որ դրանց գնահատական տալն անշնորհակալ գործ է»,-Aravot.am-ի հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում հնչեցված ելույթին ի՞նչ գնահատական կտաք, այսպես պատասխանեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Հայկ Մամիջանյանը։

Անդրադառնալով այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հետ կապված հարցին Հայկ Մամիջանյանն ասաց․ «Ինչ վերաբերում է հարցերից մեկին, որը վերաբերվում էր այսպես կոչված միջանցքային տրամաբանությանը, այդ հարցուպատասխանը բացահայտեց մեկ բան։ Հերթական անգամ փաստացի, ինչպես նոյեմբերի 9-ի պարագայում, Փաշինյանը ստորագրել է մի փաստաթուղթ, որի շուրջ առնվազն առկա են տարընթերցումներ՝ համեստ ձևակերպմամբ։ Այդպես էր նոյեմբերի 9-ից հետո․ պարզապես նոյեմբերի 9-ից հետո դա սկսեց ի հայտ գալ մոտ մեկ տարի հետո, իսկ վաշինգտոնյան արձանագրությունների պարագայում դա արդեն ակնհայտ էր մեկ ամիս հետո։

Ուստի այստեղից երկու հետևություն է գալիս՝ կամ Փաշինյանն ունակ չէ, չի կարողանում աշխատել միջազգային փաստաթղթերի հետ, որը քիչ հավանական է, կամ ինքը հատուկ կեղծիք է դնում  միջազգային փաստաթղթերի մեջ, որ դրանով խաբի մեր քաղաքացիներին, փորձի խաբել մեզ՝ բոլորիս, օգտագործել դա ներքաղաքական դիվիդենտներ ստանալու համար, իսկ իրականում բավարարի այլ երկրների պահանջները։ Երկու տարբերակներն էլ ահավոր են»։

Հետաքրքրվեցինք՝ այն, որ Նիկոլ Փաշինյանն արցախցիների վերադարձի հետ կապված հարցին ի պատասխան ասաց, որ փախստականների վերադարձի թեման վտանգավոր է խաղաղության գործընթացի համար, և նրանք պետք է «տնավորվեն ՀՀ-ում», դա չի՞ նշանակում, որ արցախցիների վերադարձի հարցը փակվում է և տեղ չի թողնվում իրավական ճանապարհով հարցի լուծմանը, պատգամավորն այսպես արձագանքեց․ «Առաջին անգամ չէ, որ Փաշինյանը դա ասում է․ նույնիսկ չեմ կարող ասել՝ որերորդ անգամն է։ Այնպես որ, դա ինձ համար զարմանքի առարկա չէր։

Ըստ սահմանման իրավունքը չի կարող խանգարել խաղաղությանը։ Ըստ սահմանման՝ դա քաղաքագիտական, իրավական տեսանկյունից աբսուրս է։ Խոսքը իրավունքի մասին է։ Մեր քույրերն ու եղբայրներն ունեն իրենց հայրենիքում ապրելու իրավունք, որի պաշտպանությունը, իրացումն անառարկելի է։ Այն, ինչ ասում է Փաշինյանը, ոչ մի կապ չունի դրա հետ։ Այսինքն՝ իրեն տրված հարցը և իր տված պատասխանը, ինչպես միշտ, որևէ կապ չունեն իրար հետ»։

Հետաքրքրվեցինք՝ դա չի՞ դժվարացնում Ձեր գործը միջազգային գործընկերների հետ աշխատանքում, Հայկ Մամիջանյանը պատասխանեց․ «Այս տարիներին, երբ միջազգային գործընկերների փաստարկներն ավարտվում էին իմ՝ այս կամ այն պահանջին հակադարձելու, վերջին փաստարկը միշտ մնում էր հետևյալը՝ ձեր երկրի՝ վարչապետի աթոռին նստած անձը մեզ նման պահանջներ, պայմաններ չի ներկայացրել, գնացեք ձեր երկիր, փոխեք իշխանությունը, և մենք ականջալուր կլինենք ձեր պահանջներին, ինչը և ՀՀԿ-ն փորձում է անել իմպիչմենտի միջոցով»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031