ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը հոկտեմբերի 2-ին հանդիպել է Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման հարթակի ղեկավար Ջոլանտա Տաչինսկայի եւ հարթակի ներկայացուցիչների հետ:
Ողջունելով հյուրերին` Մերի Գալստյանը կարեւորել է համաձայնագրի արդյունավետ կիրարկման գործում հարթակի դերակատարությունն ու գործադիր մարմիններին տրամադրվող տեխնիկական աջակցությունը:
Հանձնաժողովի փոխնախագահը բարձր է գնահատել հարթակի դերակատարությունն այս գործընթացում` կարեւորելով այն որպես երկխոսության եւ վերահսկողության արդյունավետ միջոց:
Պատգամավորը ներկայացրել է համաձայնագրի կիրարկման ընթացքը, մշտադիտարկման եւ խորհրդարանական քննարկումների արդյունքները` մատնանշելով այն ոլորտները, որտեղ հավելյալ կարողությունների անհրաժեշտություն կա:
Կարդացեք նաև
Հյուրերն անդրադարձել են համաձայնագրի իրականացման ընթացքին` ներկայացնելով մինչ այժմ կատարված աշխատանքները եւ առանձնացնելով այն ոլորտները, որտեղ առկա է տեխնիկական աջակցության անհրաժեշտություն: Կարեւորվել են ոչ միայն համաձայնագրի վերաբերյալ հանրային իրազեկումը, այլեւ այն բարեփոխումները, որոնք արդեն իսկ տվել են տեսանելի եւ կոնկրետ արդյունքներ:
Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցությունը շարունակելու եւ ավելի խորացնելու` նպատակ ունենալով ապահովել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի առավել արդյունավետ իրականացումը:
ՀՀ Ազգային ժողով