Չեխական օրինակը ցույց է տալիս, որ անգամ երկու տասնամյակ ԵՄ-ում լինելուց հետո էլ հասարակության ու մամուլի վերաբերմունքը կարող է մնալ երկփեղկված․ եվրախանդավառների եւ եվրաթերահավատների հակադրությունը ամենօրյա քաղաքական եւ մեդիա դիսկուրսի մասն է։
Արդյոք լավ լուրերով կարելի՞ է հնչեղ վերնագրեր ստանալ. Չեխիայի ԱԳՆ-ի հովանավորած ծրագրով, որի նպատակը Եվրոպական Միության և ԵՄ-ի ընդլայնման վերաբերյալ հուսալի տեղեկատվության հասանելիությունը բարելավելն է՝ Պրահա ժամանած հայ լրագրողներին հարցնում է Եվրոպական հանձնաժողովում Չեխիայի հանրապետության ներկայացուցիչ Վացլավ Լեբեդան:
Ու ակնհայտորեն ենթադրվող բացասական պատասխանը ստանալով՝ շարունակում, թե հենց այդպես էլ լինում է, երբ մարդիկ ամեն օր մամուլում ընթերցում են, ասենք, որ այսուհետ ձեր հզոր փոշեկուլները չեք կարող գործածել, քանի որ Բրյուսելն այդպես է որոշել:
Կարդացեք նաև
Փոքրիկ տեղեկանք. ԵՄ-ում փոշեկուլների վերաբերյալ ամենաշատ քննարկումներ և բողոքներ առաջացրածը էներգախնայողության էկոդիզայնի 2013-ին ընդունված կանոնակարգն է, որով սահմանվում է, որ 2014-ից ԵՄ շուկայում վաճառվող փոշեկուլները պետք է ունենան առավելագույնը 1600 Վտ հզորություն, իսկ 2017-ից՝ առավելագույնը 900 Վտ։ Նպատակը մասնավորապես էներգախնայողությունն է։ Շատ սպառողներ և արտադրողներ դժգոհում էին, որ փոքր հզորությամբ փոշեկուլները նույն արդյունավետությամբ չեն մաքրում, և սա իրականում ավելի շատ անհարմարություն է ստեղծում։ Մամուլում տարածվեցին սարկաստիկ արտահայտություններ, թե «Բրյուսելը անգամ մեր փոշեկուլներն է վերահսկում»։
Եվրոպական հանձնաժողովում Չեխիայի հանրապետության ներկայացուցիչը նշում է, թե որոշումը, թե ինչ փոշեկուլ պետք է գնեն խանութներից՝ բնավ արտաքին քաղաքական հարց էլ չէ: Ըստ Վացլավ Լեբեդայի՝ երբեք չավարտվող յուրօրինակ պատերազմի դրսեւորում են պահանջները, թե Բրյուսելը պետք է սա անի, այն անի… Ու նշում է, թե Բրյուսելն ախր Մոսկվան չի, որ մեր փոխարեն որոշումներ կայացնի. «Սա մեր մասին է… Սա «մենք» ու ինչ որ «նրանք» չի»:
Պատմականորեն ապստամբ չեխերը ինչ որ առումով եվրաթերահավատ են: Չեխ ընդդիմադիրները Բրյուսելին են մեղադրում ամեն ինչի համար. Արձանագրում է EURACTIV պարբերականի գլխավոր խմբագիր Անետա Զաչովան ու հավելում, որ մինչ 1-2 օրվա ընթացքում արձագանքում են անհիմն քննադատությանը՝ վնասն արդեն հասցված է լինում:
Թեեւ 20 տարի է, ինչ Չեխիան Եվրոպական միության անդամ է՝ հասարակությունն ու մամուլը մինչ այժմ էլ բեւեռացված է այս անդամակցության հարցում: Մի մասն ասում է՝ ինչ ԵՄ-ն անում է, լավ է, մյուս մասը՝ ինչ անում է, վատ է: Խնդիրների դիտարկումը ազգային տեսակետից է, այլ ոչ ԵՄ-ի:
Մինչդեռ սոցիոլոգիական հարցումները հանրության առավել միանշանակ տրամադրություններ են արձանագրում՝ չեխերի մեծամասնությունը չի կասկածում ԵՄ անդամակցության անհրաժեշտությանը: Էմպիրիկ հետազոտությունների STEM ինստիտուտի ներկայացուցիչ Հեդվիկա Միխալչակովան հարցման արդյունքներ է ներկայացնում, որոնք ապացույց են՝ չեխերի 70 տոկոսն իրեն եվրոպացի է զգում եւ 59 տոկոսը ԵՄ-ում մնալու կողմնակից է: Սակայն այսուհանդերձ՝ իրենց եվրոպացի զգալով հանդերձ, նրանք բավարարված չեն նրանով, ինչ ԵՄ-ն անում է իրենց համար:
Մեկ այլ փոքրիկ տեղեկանք. Նման երկակիությունը բնորոշ է ոչ միայն Չեխիային․ «Eurobarometer»-ի տվյալներով՝ ԵՄ երկրներում միջինը շուրջ 70 տոկոս քաղաքացիներ իրեն «եվրոպացի» են համարում, սակայն միաժամանակ դժգոհում են եվրոպական ինստիտուտների աշխատանքից։
Այս հակասական դաշտում ԵՄ-ն փորձում է պայքարել ապատեղեկատվության եւ միֆերի դեմ՝ լինի դա փոշեկուլների հզորության սահմանափակման, թե միգրացիոն ճգնաժամի թեմայով։ Մի առանձին խնդիր է միգրանտների հանդեպ վերաբերմունքը. Նրանք գրավում են մեր աշխատատեղերի բողոքներից մինչեւ մտահոգությունները, որ երբ պատերազմն ավարտվի եւ ուկրաինացի կանայք վերադառնան՝ կդատարկվեն ռեստորանները եւ հյուրանոցները, որտեղ նրանք այժմ աշխատում են: Հա, ու բողոքն ու մտահոգությունը դեռ մեղմ է ասված՝ մեզ պատմեցին վախեցնող մի պաստառի մասին, որում դանակը ձեռքին աֆրոամերիկացի է պատկերված՝ մակագրությամբ. «Կուզեի՞ր, որ նա լիներ քո վիրաբույժը»:
…Հոկտեմբերի 3-4-ին Չեխիայում խորհրդարանական ընտրություններ են: Ու երբ հայկական ընտրարշավում «շեքսպիրյան կրքերի» սովոր լրագրողներս հետաքրքրվում էինք, թե բա ո՞ւր են մեծ պաստառները, քարոզիչները՝ մեզ պատասխանում էին, թե ընտրարշավը ընթանում է Պրահայի սահմաններից դուրս, իսկ հիմնականում՝ առցանց:
Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալ Յան Մարիանը հանդիպման ընթացքում նշում է, թե Հայաստանն իրենց գերակա երկրների ցանկում է՝ աջակցություն ցուցաբերելու առումով, եւ մի օր գուցե իրենց փորձն էլ օգտագործենք հարեւանների հետ հարաբերություններ կառուցելու առումով; Վստահեցնում է, որ թեեւ առջեւում ընտրություններ են՝ սա մի բան է, որ չի փոխվի երբեք:
Ամփոփենք, ի վերջո, թե՛ Պրահայում, թե՛ Երեւանում հասարակությունը պառակտվում է ոչ այնքան «Եվրոպայի հանդեպ սիրո» կամ «Եվրոպայից վախի», որքան այն հարցի շուրջ, թե որքանով է եվրոպական քաղաքականությունը կիրառելի իրենց առօրյա կյանքում։ Իսկ սա արդեն բաց քննարկումների տարածք է։
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
ՊՐԱՀԱ-ԵՐԵՎԱՆ
Նկարը ստեղծված է արհեստական բանականության միջոցով
Հոդվածը պատրաստվել է «Աջակցել անկախ լրատվամիջոցներին և ՔՀԿ-ներին` Հայաստանում սոցիալական մեդիայի միջոցով Եվրամիության և ԵՄ ընդլայնման վերաբերյալ հավաստի տեղեկատվության հասանելիության խթանման գործում» ծրագրի շրջանակում։
Այն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ EUROPEUM Եվրոպական քաղաքականության ինստիտուտի հետ համագործակցությամբ՝ Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության (Փոխակերպման խթանման ծրագիր) ֆինանսական աջակցությամբ։