Ադրբեջանում անհանգստացած են Նիկոլ Փաշինյանի՝ Զանգեզուրի միջանցքի շուրջ վերջին հայտարարություններից եւ դրանք կապում են Մոսկվայի ազդեցության հետ: Նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուղարովը հարցազրույցում ասել է, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արգելել է Փաշինյանին կատարել Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները։ Ռուս քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի ինստիտուտի հիմնադիր եւ նախագահ Եվգենի Սատանովսկուն խնդրեցինք մեկնաբանել այս լուրերը: «Հրապարակի» հետ զրույցում նա ասաց, որ իմաստ չունի հետեւել Փաշինյանի գործունեությանը եւ մեկնաբանել այն, որ Ռուսաստանին առհասարակ հետաքրքիր չեն այսօր Հայաստանն ու Զանգեզուրը:
– Միջանցքի հարցում Ռուսաստանի վերաբերմունքն անհասկանալի է, նեյտրա՞լ է:
– Ես դրանից տեղյակ չեմ: Այսօրվա դրությամբ Սիրիան եւ Անդրկովկասը տանուլ են տված թուրքերին կամ թուրքերի ալյանսին, այդ նույն՝ ՆԱՏՕ-ի բլոկին, առավելապես՝ անգլիացիներին: Միջին Ասիան եւ Ղազախստանը թրքացվում են սրընթաց տեմպով, եւ ես չգիտեմ ինչ պատասխանեմ Ձեր հարցին:
– Ստացվում է, որ Ռուսաստանը ձեռքերը լվացե՞լ է Հայաստանից, Սյունիքի միջանցքից:
Կարդացեք նաև
– Ես չգիտեմ: Ռուսաստանը մինչեւ կոկորդը զբաղված է Ուկրաինայում ծավալվող մեծ պատերազմով: Մեզ մոտ, իմիջիայլոց, ամեն օր քաղաքներ ու գյուղեր են ռմբակոծվում, ամեն օր մեր երկրի ամբողջ տարածքով ահաբեկչական գործողություններ են ծավալվում, եւ «Զանգեզուրի միջանցքի» հարցը ՌԴ բնակչության մեծամասնության համար սայլակի տասներորդ անիվն է, ի տարբերություն այն հարցի, թե պատրաստվո՞ւմ է արդյոք Ռուսաստանի ղեկավարությունը գրավել Կիեւն ու Օդեսան եւ իդեալում` նաեւ Լվովը, թե՝ ոչ: Ինչպես նաեւ այն մեծ համաեվրոպական պատերազմով, եվրոպական ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ եւ նրանց դաշնակիցների հետ, որը շուտով` մի երկու տարուց սպասվում է: Եվ Ռուսաստանում ո՞ւմ է լրջորեն հետաքրքրում «Զանգեզուրի միջանցքը»: Մենք ո՞ւմ ունենք ի դեմս Փաշինյանի` դաշնակցի՞:
– Ի դեմս հայ ժողովրդի՝ այո:
– Հայ ժողովուրդը ոչ մի դեր չի խաղում: Հայ ժողովուրդը հերթական անգամ ընտրեց Փաշինյանին, որի ծրագրի հիմքը, բացի բլբլոցից, Լեռնային Ղարաբաղից ազատվելն էր: Հայ ժողովուրդը, ինչպես Հայաստանում, այդպես էլ սփյուռքում փող չհավաքեց՝ Ղարաբաղի համար ԱԹՍ-ներ գնելու նպատակով, այն դեպքում, երբ Հայաստանի ռազմական ղեկավարությանը դրա համար անհրաժեշտ բոլոր կոնտակտները տրվել էին, եւ, որքան ես գիտեմ, նույնիսկ պայմանագրերն էին արդեն պատրաստ եւ ստորագրված, բայց ոչ ոք այդ պայմանագրերով ոչ մի կոպեկ վճարում չարեց: Հայ ժողովուրդը, որը հազարամյակների ընթացքում հայտնի է իր քաջությամբ, ռազմական ընդունակություններով, զորավարներով, ո՛չ Հայաստանում, ո՛չ սփյուռքում չգտավ բավականաչափ կամավորներ, որ գնան ու կռվեն ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ, դուք ի՞նչ եք հիմա ասում: Մոռացեք «ժողովուրդ» բառը: Այն լավ է քարոզչության համար, բայց առայժմ Ղարաբաղի հանձնումը ցույց տվեց, որ ավելի հեշտ է վազվզել Երեւանի փողոցներով ու ցույցեր անել, քան գնալ ռազմաճակատ: Սա սկզբունքորեն տարբերվում է այն իրավիճակից, որը կա Իսրայելում, երբ ԱՄՆ-ից, Եվրոպայից Գազայի պատերազմին մասնակցելու համար արձակուրդից վերադառնում էին իսրայելցիներ, որոնք այդ երկրներում աշխատում էին պայմանագրով, ես այդպիսի մարդկանց ճանաչում եմ: Իսրայելի ղեկավարությունն ուղարկեց իր քաղաքացիներին կռվի, եւ նրանց մի մասը զոհվեց: Քանի որ ես գիտեմ, թե ինչ էր կատարվում Ղարաբաղում խաղաղարար օպերացիայի ժամանակ, ես դա գիտեմ ոչ թե լսելով, այլ՝ անձամբ, ու գիտեմ, թե այդ պահին ինչ էր կատարվում Երեւանում, Բաքվում, եւ Ռուսաստանի դերը, նաեւ պաշտոնական Երեւանի դերը այն է՝ տապալել ինչ հնարավոր է, եւ դրանից հետո Փաշինյանը մնաց իշխանության, եւ նրան վերընտրեցին:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: