Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախը դեօկուպացիայի համար կան և մշտապես լինելու են անժամանցելի, անհաշվելի հիմնավորումներ. Ստեփան Հասան-Ջալալյան          

Հոկտեմբեր 03,2025 16:18

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԵՎ ԲՈԼՈՐ ԱՐՑԱԽԱՏՅԱՑՆԵՐԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը բացառապես Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 63 պատգամավորների և խմբակցություններում չընդգրկված մեկ պատգամավորի «կողմ» քվեարկության արդյունքում 2025թ. հոկտեմբերի 2-ին ընդունել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն հաստատելու վերաբերյալ» Ազգային Ժողովի հայտարարություն:

Հայտարարության 9-րդ կետում արձանագրված է. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը՝… 9. կոչ է անում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հանրային, քաղաքական, փորձագիտական, գիտական, մշակութային շրջանակներին՝ ձեռնպահ մնալ կոնֆլիկտը խորհրդանշող և/կամ այն վերաձևակերպելուն կամ բորբոքելուն ուղղված խոսույթներից և գործողություններից, հաստատված խաղաղության հարատևությունն ու հուսալիությունը հանուն Հարավային Կովկասի բարգավաճման երաշխավորելու համար:»:

Որպես Ադրբեջան-Արցախ չկարգավորված հակամարտության ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետ՝ հիմք ընդունելով՝

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 1948 թվականի դեկտեմբերի 10-ին ընդունված «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 19-րդ հոդվածը, ըստ որի՝ «Յուրաքանչյուր ոք ունի համոզմունքների ազատության և դրանք անկաշկանդ արտահայտելու իրավունք, այդ իրավունքը ներառում է իր համոզմունքներին հավատարիմ մնալու ազատությունը և ցանկացած միջոցներով ու պետական սահմաններից անկախ իրազեկում և գաղափարներ որոնելու, ստանալու և տարածելու ազատությունը:»,

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից 1966 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 19-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, ըստ որոնց՝ «1. Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի անարգել կերպով հավատարիմ մնալ իր կարծիքներին: 2. Յուրաքանչյուր մարդ ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք. այդ իրավունքն ընդգրկում է, անկախ պետական սահմաններից, բանավոր, գրավոր կամ մամուլի միջոցով կամ էլ գեղարվեստական ձևով արտահայտված կամ մի այլ ձևով սեփական ընտրությամբ ամեն տեսակի ինֆորմացիա ու գաղափարներ որոնելու, ստանալու և տարածելու ազատությունը:»,

ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասը, ըստ որի՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաեւ առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:»,

հայտարարում եմ, որ ի գիտություն Արցախի Հանրապետությունն օկուպանտ, ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանի և բոլոր արցախատյացների գիտականորեն զբաղվել և շարունակելու եմ զբաղվել Ադրբեջան-Արցախ չկարգավորված կոնֆլիկտի ուսումնասիրությամբ, այն կարգավորելու ուղիների մշակմամբ և այդ ուսումնասիրության արդյունքները հասանելի ու հնարավոր միջոցներով հանրահռչակմամբ:

Նիկոլ Փաշինյանը, լիազորված չլինելով Արցախի Հանրապետության ժողովրդի կամքով ձևավորված Արցախի Հանրապետության վարչակազմի կողմից, չունենալով իրավունք՝ այդուհանդերձ, 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրել է ազատագրված և Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածքներն օկուպանտ Ադրբեջանին հանձնելու մասին փաստաթուղթ: Նման իրավունք չունենալու մասին հայտարարել է հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, 2018 և 2019 թվականներին Ստեփանակերտում, Երևանում և Մոսկվայում:

Ավելին, 2023թ. մայիսի 22-ին Երևանում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով այն հարցին, թե երբ Հայաստանը հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի 86.600 կմ2 տարածքային ամբողջականությունը, դա ներառո՞ւմ է Արցախի Հանրապետությունը, թե՞ ոչ, Նիկոլ Փաշինյանը, մասնավորաբար, հայտարարել է. «86.600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը…»:
Չկա և չի կարող լինել որևէ պատճառաբանություն, որը կարող է բերվել քաղաքական, պատմական, հոգևոր-մշակութային և մի շարք այլ առումներով առնվազն երեքհազարամյա մաքուր հայկական Արցախը դեօկուպացիայի չենթարկելու համար:

Արցախի ազատագրման համար կան և մշտապես լինելու են անժամանցելի (վաղեմության ժամկետ չունեցող) ու անհաշվելի հիմնավորումներ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կազմող հայ ժողովուրդն ազատվելու է ստի, կեղծիքի, տառապանքի, մահվան, դժբախտության, հայրենազրկման խորհրդանիշից ու համազգային ուժերի գերլարմամբ հասնելու է Արցախի Հանրապետության դեօկուպացիային և Արցախի մեր հայրենակիցների՝ տիրոջ իրավունքով ու կարգավիճակով Արցախ վերադարձին և այնտեղ նրանց խաղաղ, անվտանգ ու ստեղծարար կենսագործունեության ապահովմանը:

Ստեփան ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ   
քաղաքագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031