Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսոպուլոսն արձագանքել է Մամիջանյանի ելույթին, նշելով՝ «որակումը, թե ԵԽԽՎ-ն «քնած է», անընդունելի է». 168.am

Հոկտեմբեր 03,2025 21:33

Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում բանավեճ ծավալվեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի միջև։

Եվրոպական ինստիտուտներին ուղղված Մամիջանյանի քննադատությունից հետո Ռուսապոլոսը փորձեց արձագանքել։

ԵԽԽՎ հայկական պատվիրակության ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանն իր ելույթը սկսեց՝ անդրադառնալով ԵԽԽՎ անդամների նկատմամբ կիրառվող ճանապարհորդական արգելքի խնդրին։

Նա մասնավորապես ասաց, որ պետությունների կողմից ԵԽԽՎ անդամների համար սահմանված ճանապարհորդական սահմանափակումներն անընդունելի են, ինչը հակասում է ԵԽԽՎ բնույթին։

«Ինչպե՞ս հասանք այստեղ։ Ես կփորձեմ պատասխանել այս հարցին։ Մենք հասանք այստեղ, քանի որ ինչ-որ պահի ժողովրդավարության պահապանները, միջազգային հաստատությունները, ինչպիսին է ԵԽԽՎ-ն, քուն մտան կամ ձևացրին, թե քնած են։ Եվ հիմա մենք չպետք է կենտրոնանանք միայն ԵԽԽՎ անդամների ճանապարհորդության սահմանափակումների վրա։ Դա չափազանց եսասիրական կլիներ։ Մենք պետք է ավելին անենք։

Ինչպես նշեցի համազեկուցողի հետ Երևանում մեր հանդիպման ժամանակ, մեր խմբակցության պատգամավոր, պարոն Տարոն Մարգարյանը և իմ երկրում շատ այլ ընդդիմադիր պատգամավորներ չեն կարողանում կատարել իրենց պարտականությունները քաղաքական դրդապատճառներով ճանապարհորդության արգելքի պատճառով։

Նրանք պետք է դիմեն դատավորին կամ քննիչին՝ արտասահման մեկնելու և իրենց երկիրը ներկայացնելու, այն աշխատանքն իրականացնելու համար, որի համար ժողովրդի կողմից ընտրվել են։ Եվ այդ թույլտվությունները միշտ չէ, որ տրամադրվում են։

Բայց նրանք համեմատաբար բախտավոր են, քանի որ մեր գործընկերներ՝ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանը, Դավիթ Գալստյանը, արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանը և Միքայել Աջապահյանը, բարերար Սամվել Կարապետյանը և 30 այլ քաղբանտարկյալներ, իմ երկրում ձերբակալված են։

Այսպիսով, մենք պետք է պայքարենք պատճառի, այլ ոչ թե ախտանիշի դեմ, քանի որ Եվրոպայի խորհրդի երեք հիմնական արժեքներն են՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը, այլ ոչ թե աշխարհաքաղաքական շահերը կամ ավտորիտարիզմը»,- այսպես ավարտեց իր խոսքը «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսն արձագանքեց Մամիջանյանի ելույթին՝ նշելով, որ՝ որակումը, թե ԵԽԽՎ-ն «քնած է», անընդունելի է։

Ռուսապոլոսը փորձեց արդարանալ՝ ասելով, որ ոչ միայն ինքը, այլև իրեն նախորդող նախագահողը բոլոր նմանատիպ դեպքերում փորձել են արձագանքել և բողոքի նամակներ են հղել ԵԽԽՎ ներկայացուցիչներին՝ ճանապարհորդական արգելք սահմանող երկրների խորհրդարանի խոսնակներին։ ԵԽԽՎ նախագահի վստահեցմամբ, խորհրդարանականների՝ ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցելու արգելքի դեպքում մշտապես փորձում են արձագանքել։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031