Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի անտառներում եւ սարերում գտնվող, պետության կողմից իբր պահպանվող հին վանքերն ու եկեղեցիները քանդվում-քայքայվում են. «Հրապարակ»

Հոկտեմբեր 04,2025 11:50

Մայիսի 29-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Վերջերս մի քանի եկեղեցիներ, տաճարներ, բառիս բուն իմաստով, «տաճար» մոմ վառելու այցելելուց հետո ԿԳՄՍ նախարարին հարց եմ տալիս՝ պատմամշակութային հուշարձան է, չէ՞, որն այսօր կառավարում է ո՛չ կառավարությունը, ո՛չ ՊՈԱԿ-ը:

Մենք խնդիր դնո՞ւմ ենք այդտեղի սանիտարական վիճակի համար: Ես ձեզ պաշտոնապես ասում եմ՝ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացվա՛ծ: Ով որտեղ ինչ ոչ պետքական ապրանք ունի, մեկ էլ գնում, տեսնում ես՝ ավելացված մետլախ, պարկով ցեմենտ, «աբալովկի» հին կտորներ, արմատուրայի հին, ժանգոտ կտորներ: Մտնում ես… Մարդն ինչի՞ համար է եկեղեցի մտնում, մտնում է հոգեւոր հաղորդակցություն ունենալու, մեկ էլ մտնում-տեսնում ես՝ այնտեղ աղբ է լցված, այնտեղ ինչ-որ մեկի հին շորերն են, այնտեղ մեկը կոշիկներն է դրել, հին կռավաթը… Ո՞նց կարելի է նման կերպ: Ինչքա՞ն կարելի է այսքան կեղծ լինել, հարգելի՛ ներկաներ: Ինչքա՞ն կարելի է այդքան խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լինել: Ինչքա՞ն կարելի է ոտի տակ տալ սրբությունները»:

Ն․ Փաշինյանն իր աչքի գերանը թողած՝ ուրիշի աչքի շյուղն է տեսնում եւ աղմուկ բարձրացնում։ Հայաստանի անտառներում եւ սարերում գտնվող, պետության կողմից իբր պահպանվող հին վանքերն ու եկեղեցիները քանդվում-քայքայվում են, դրանցից շատերի շրջակայքն անբարեկարգ է, դրանք ցանկապատով պաշտպանված չեն։

Ներկայացնեմ փաստերով. Դիլիջան քաղաքից 3 կմ հյուսիս-արեւմուտք՝ ճանապարհի աջ կողմում, անտառապատ բլրի լանջին հառնում է Ջուխտակ վանական համալիրը։ Այն բաղկացած է երկու եկեղեցուց՝ Սուրբ Աստվածածին եւ Սուրբ Գրիգոր, ինչպես նաեւ՝ դրանց շուրջ գտնվող գերեզմանոցից։ Սուրբ Աստվածածինը կառուցվել է 1201 թվականին։ Նշանավոր այդ կոթողները պահպանվո՞ւմ են` պետք է պահպանվեն պետության կողմից, սակայն փաստացի չեն պահպանվում։ Ջուխտակ վանքերին կից տարածքում դիլիջանցիները խոշոր եղջերավոր  անասուններ են պահում։ Նախկինում դրանք քիչ էին, ու այդքան սուր գարշահոտ չէր փչում, այժմ այնտեղ գտնվելը խիստ տհաճ է՝ գոմաղբի ծանր հոտի պատճառով։ Այցելուներն ասում են, որ Ջուխտակ եկեղեցիների մոտ շնչելն անհնար է, գարշահոտը խեղդում է։ Վանական համալիր տարբեր երկրներից շատ զբոսաշրջիկներ են այցելում եւ վատ տպավորություն ստանում հին եկեղեցիների նկատմամբ Հայաստանի իշխանության եւ ՀՀ քաղաքացիների վերաբերմունքից։

Իջեւան համայնքի Կիրանց եւ Աճարկուտ գյուղերի շրջակա անտառներում են գտնվում Կիրանց, Առաքելոց, Դեղձնուտի եւ Սամսոնի հնամենի վանքերը, որոնք բոլորն էլ գտնվում են կիսավեր վիճակում: 12-13-րդ դարերի Դեղձնուտի վանքը միջնադարյան հայ ճարտարապետության արժեքավոր հուշարձաններից է: Կիրանցի վանքը կանգուն է, սակայն վանքի լանջերին բուսնած ծառեր կան, որոնք քայքայում են շինության պատերը:

Անմխիթար դրության մեջ են նաեւ Լոռու մարզի Կաճաճկուտ գյուղի տարածքում Սեդվու վանական համալիրը, Սեդվու հսկիչ աշտարակը, Աքորի գյուղում գտնվող Բգավոր եկեղեցին, Հաղպատի վանական համալիրի գավիթը, Շնող գյուղի տարածքում գտնվող Մանստեֆի եկեղեցին եւ բազում այլ կոթողներ։

2024-ին սահմանազատման անվան տակ Կիրանց-Ոսկեպար-Բաղանիս հատվածում 30 տարի ամրացված դիրքերը, Կիրանցի 15 հեկտար հողերն Ադրբեջանին հանձնելուց հետո ծագած դժգոհությունները մեղմելու, հողերի անօրեն հանձնումից ուշադրություն շեղելու համար Նիկոլ Փաշինյանը նախաձեռնեց Կիրանցի 19-րդ դարի եկեղեցու եւ Ոսկեպարի 6-7 դարերի Սուրբ Աստվածածին եկեղեցիների նորոգումը։ Սակայն Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու միայն ծածկն են վերանորոգում։

Նշանավոր հուշարձանագետ, երջանկահիշատակ Սամվել Կարապետյանը տարիներ առաջ հեղինակել է «Ոսկեպարի պատմական հուշարձանները» գիրք-ալբոմը, որտեղ ներկայացված են Ոսկեպար գյուղում եւ դրա շրջակայքի 20 հնավայրերի բազում հոգեւոր եւ այլ կառույցներ։ Դրանց թվում են Բերդավանքը, Ջուխտակ Եղցի վանական համալիրը, որը ներառում է չորս կառույց՝ երեք եկեղեցի եւ մեկ մատուռ, որոնք կիսաքանդ են։

Ի դեպ, Հայաստանի պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար, ներկայում ՀԷՑ-ը ղեկավարող Ռոմանոս Պետրոսյանի ֆեյսբուքյան էջի գլխավոր նկարը նրա հայրենի՝ սահմանամերձ Չինարի գյուղի Խորանաշատի 803-ամյա վանական համալիրն է, որը նույնպես քանդվում է, որն այդպես էլ չեն նորոգում։

Ոսկան Սարգսյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031