-Էլ ո՞ւր մնաց ՔՊ-ական ժողովներին ծնկի գալը, ասում էր՝ խոնարհվում եմ ծնողների առաջ: Սե՞նց ես խոնարհվում, է՞դ է քո խոնարհումը, օրը մեկին բանտարկելով, օրը մեկին անազատության մեջ պահելով: Դրանո՞վ է դրսեւորվում քո հարգանքը, անընդհատ կեղծ ծնկի գաս ու հերթական ծնողին տանես անազատության մեջ,- այսօր կառավարության շենքի դիմաց լրագրողներին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով այսօր անհետ կորած զինծառայողի երկու հարազատի ձերբակալությանը:
Նա հիշեց Նիկոլ Փաշինյանի վերջերս հրապարակային խոնարհումը որդեկորույս ու անհետ կորած զինվորների ծնողների առաջ:
-Արդեն 5 տարին է լրացել, ինչ անհետ կորած զինծառայողների ծնողները որեւէ տեղեկություն չունեն իրենց ընտանիքի անդամների մասին: 191 անձ անհայտության մեջ է, հարազատները որեւէ՝ տեղեկություն չունեն: Իրենց իրավունքն է կառավարությունից, պետությունից պատասխան պահանջել՝ գործընթացի մասին. «Մարդիկ իրավացիորեն պահանջում են ինչ-որ տեղեկություն, ի վերջո ինչ է կատարվում այդ ուղղությամբ:
Ամիսներ առաջ Բաղրամյան փողոցն էին փակել, այդ հանդիպումն էլ տեղի չէր ունեցել, հետո ամիսներ անց կիսատ-պռատ հանդիպում էր տեղի ունեցել կառավարության շենքում ու վարչապետի աթոռը զբաղեցնողը նորմալ, հոդաբաշխ պատասխաններ չէր տվել: Ի՞նչ է , էս մարդիկ իրավունք չունե՞ն պահանջելու կամ էդ ի՞նչ ձեւ ու վերաբերմունք է այն մարդկանց նկատմամբ, որոնք վշտի մեջ են: Առիթ է պետք, որ հերթական ծնողին, ում առաջ պետք է խոնարհվեն ու ուշադրություն դարձնեն, տանեն, փակեն:
Կարդացեք նաև
Սրբազաններից հետո ամեն օր այս իշխանությունները ցույց են տալիս, որ էլ ավելի սրբապիղծ ու էլ ավելի աբսուրդ որոշումներ կայացնելուց անմրցելի են: Չգիտեմ՝ նման պետություն, որ նման վերաբերմունքի կարժանացնի անհետ կորած կամ որդեկորույս ծնողներին: Նույն Եռաբլուրի սցենարն է, երբ ծնողներին խոշտանգելով տանում էին ոստիկանական բաժանմունքներ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ