Ինչպես է իշխանությունը ձեւավորում իրեն ձեռնտու օրակարգը եւ շեղում երկրի համար կենսական կարեւոր հարցերից: Փաշինյանը ֆեյսբուքյան ստատուս է գրում մոտավորապես հետեւյալ բովանդակության. «Երեկ տեսա, թե քանի մարդ էր լուսանկարվում Հանրապետության հրապարակի շատրվանների մոտ: Ինչի՞ մասին է դա խոսում: Ժողովուրդը բերկրանք է ապրում հաստատված խաղաղության առիթով, եւ իր հրճվանքն արտահայտում է շատրվանների մոտ լուսանկարվելով»:
Ընդդիմությունը, բնականաբար, սկսում է բուռն, էմոցիոնալ ձեւով հերքել այդ պնդումը: ՔՊ-ական պատգամավորներն, ի պատասխան այդ հերքումների, հակադարձում են՝ «թող ավելի լավ է՝ հիշեն, թե ինչպես էին իրենց իշխանության ժամանակ գողանում շատրվանների ջուրը»: ՔՊ-ական նախարարները մեկնաբանում են՝ «վարչապետն իր գրառումով ընդգծում է, որ տեղի է ունեցել հասարակական մթնոլորտի շեշտակի փոփոխություն, որը, կարծում ենք, բոլորի համար ակնհայտ է»: ՔՊ-ամերձ հ/կ-ականները գրում են՝ «միայն Ռուսաստանի շահերը սպասարկող գործիչները կարող են կասկածել, որ շատրվանների մոտ նկարվողների թիվը 7 տարում ավելացել է 26,5 անգամ»:
Վերջ՝ օրակարգը ձեւավորվել է, եւ 2-3 օր դա՛ է դառնալու քննարկման գլխավոր թեման: Մինչեւ վարչապետի հաջորդ գրառումը:
Եթե չես անդրադառնում այդ անհեթեթություններին, ստացվում է, որ դու, «լրահոսից հետ ես ընկնում»: Բայց երբ մեր հազարավոր հայրենակիցներ զրկված են տարրական կենցաղային հարմարություններից եւ, գումարած դրան, զգում են նիկոլական զանգվածի ռասիստական վերաբերմունքը, երբ Հայաստանում մարդկանց ազատությունից են զրկում՝ ի կատար նույն վարչապետի ստատուսների, երբ Բաքվում սարսափելի պայմաններում պահվում են մեր պատանդները, արժե՞ արդյոք ժամանակ եւ եռանդ ծախսել արհեստական օրակարգերի վրա:
Կարդացեք նաև
Իսկ նրանց, ովքեր կարծում են, որ լուրջ բաների մասին պետք չի գրել, որովհետեւ մարդիկ չեն կարդում, ուզում եմ հիշեցնել հայտնի աստվածաշնչյան առակը սերմնացանի մասին: Սերմը տարբերակների մեծամասնության դեպքում անիմաստ կորում է. կա՛մ ճանապարհի եզրին է ընկնում եւ թռչուններն են ուտում, կա՛մ ընկնում է ապառաժի վրա, կա՛մ՝ փշերի մեջ: Եվ միայն, պայմանականորեն, 25 տոկոսն է ընկնում պարարտ հողի վրա: 25 տոկոսը պատկառելի թիվ է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ