Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ է ստացել Հայաստանը ԱՄՆ-ում՝ զրո, ի՞նչ է ստացել Նիկոլ Փաշինյանը՝ մեկ նկար Թրամփի ստորագրությամբ եւ հայ ժողովրդին խաբելու փաստաթուղթ»․ Ռոբերտ Քոչարյան

Հոկտեմբեր 07,2025 11:51

Այսօր հրավիրած ասուլիսում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին։ Նա թվարկեց, թե ինչ օգուտ են ստացել Հայաստանը, ԱՄՆ-ն եւ Ադրբեջանը այդ պայմանավորվածությունների արդյունքում։

«ԱՄՆ-ն ստացել է միջանցքի վերահսկողություն, Հայաստան-Իրան սահմանի փաստացի վերահսկողության հնարավորություն եւ երրորդը՝ Նոբելյան մրցանակի են ներկայացրել ԱՄՆ նախագահին։ Ի՞նչ է ստացել Ադրբեջանը՝ ստացել է միջանցքի իրավունք ՀՀ տարածքով, Մինսկի խմբի լուծարում եւ 907-րդ բանաձեւի չեղարկում։

«Ի՞նչ է ստացել Հայաստանը, անկեղծ ասած՝ ես փորձել եմ այդ փաստաթղթերում գտնել որեւէ կոնկրետություն, զրո, միայն պրոբլեմներ։ Եվ վերջապես ի՞նչ է ստացել Նիկոլ Փաշինյանը՝ այստեղ շատ կոնկրետ բան։ Ստացել է մեկ նկար նախագահ Թրամփի ստորագրությամբ եւ ստացել է իրավական ուժ չունեցող մեկ թուղթ, որը հնարավորություն է տալիս եւս մեկ անգամ խաբել հայ ժողովրդին։ Ի՞նչ նախնական եզրակացություն կարելի է անել՝ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում եղել է դեկորացիայի դերում, այնտեղ եղել է սեղան, աթոռ, նկար կար, դրոշ կար եւ Փաշինյան կար»,- ասաց Քոչարյանը։

Նա ասաց, որ անհասկանալի է պետությունների ղեկավարների մակարդակով նախաստորագրել որեւէ փաստաթուղթ, սա հարցեր է առաջացնում։

Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ նաեւ հարցին, թե ի՞նչ կարող էր անել Հայաստանը այս պայմաններում․ կարող էր խնդրել, որ Թրամփի ճանապարհը լիներ ոչ թե 42 կմ-ոց, այլ 4-5 անգամ ավելի երկար՝ մինչեւ Երասխ՝ նույն պայմաններով կողմերի համար։ Այդ դեպքում այդ ամբողջ ճանապարհի անխափան աշխատանքի պատասխանատվությունը կլիներ հենց ԱՄՆ վրա։ «Հե՞շտ էր սրան հասնել, այո, որովհետեւ ԱՄՆ շահն այստեղ ակնհայտ է։ Եվ այդ պարագայում Ալիեւը ստիպված պետք է լիներ կամ հետաձգել, կամ մերժել։ Այս դեկորացիայի դերում կլիներ Իլհամ Ալիեւը։ Ինչո՞ւ դա չի արել Նիկոլ Փաշինյանը, որովհետեւ ինքը Հայաստանի մասին չէր մտածում, ինքը մտածում էր նկարի մասին, որը կարելի է շատ ակտիվ օգտագործել ներքաղաքական նպատակների համար։ Ի դեպ, ես էլ նկար ունեմ Սպիտակ տանը Քլինթոնի հետ՝ ստորագրությամբ, բայց այդ նկարի դիմաց ոչ մի բան չեմ տվել»,- հավելեց նա։

Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ պետք է ԱՄՆ հետ փորձել մեծացնել այս պրոյեկտը։ Բայց Ալիեւը դա մերժելու է։ Երկրորդ տարբերակը՝ պետք է ԱՄՆ-ին շնորհակալություն հայտնել ու ասել, որ այդ ճանապարհը կկառուցի եւ կվերահսկի ՀՀ-ն։ «Բա լավ, ամոթ չեք անո՞ւմ, Հայաստանի ամենագրավիչ կտորը հանձնել ԱՄՆ-ին, ստեղծել ռիսկեր Իրանի հետ հարաբերություններում, հեքիաթ պատմել 1 մլրդ դոլարանոց ծրագրի մասին, երբ դուք ունեք հնարավորություն՝ երկու-երեք տարում ուղղակի այդ ճանապարհը կառուցելու»,- ասաց նա։

Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ միջանցքն իրապես ունի տրանզիտային ներուժ, բայց այդ ներուժը մի քիչ չափազանցված է։

«Մի վիճակ է ստեղծվել, երբ Հայաստանը բաժանում է՝ Արցախը տանք Ալիեւին, ինչ ուզում է Էրդողանը, տանք, Ալիեւը՝ տանք, վաղն ասելու է՝ ինչ ուզում է Մակրոնը, տանք, Թրամփը՝ տանք։ Հայաստանի հաշվին մայր Թերեզա է աշխատում էս մարդը։ Բարեբախտաբար աղջիկ չի ծնվել, ազգային խայտառակություն կլիներ»,- հավելեց նա։

Քոչարյանը նաեւ նշեց, որ խաբում են հայ ժողովրդին, չկա խաղաղություն։ Կա զինադադար՝ կախված մեկ մարդու ցանկությունից։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031