Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյանի ներդրումը ոչ միայն կրթության, այլեւ ամբողջ հասարակության զարգացման գործում արժանի է բարձր գնահատանքի. Սերոբ Բեյլերյան

Հոկտեմբեր 07,2025 14:02

Հայ կրթական հիմնարկությունը (ՀԿՀ) օրերս իր 75-ամյակի հանդիսավոր միջոցառման ժամանակ հեղինակավոր՝ Educational Visionaries Award մրցանակը շնորհեց կրթական մի շարք նախաձեռնությունների հեղինակներ, սոցիալական ձեռներեցներ Ռուբեն Վարդանյանին եւ Վերոնիկա Զոնաբենդին՝ որպես կրթության ապագայի տեսլական ունեցող գործիչների: Նրանք մրցանակի արժանացան միջազգային կրթության ոլորտում իրենց ներդրման եւ UWC Դիլիջան միջազգային դպրոցի հիմնադրման համար: Վերոնիկա Զոնաբենդը ներկա գտնվելով միջոցառմանը՝ իր եւ ադրբեջանական բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի անունից շնորհակալություն հայտնեց նման գնահատանքի համար:

Aravot.am-ը զրուցել է Հայ Կրթական Հիմնարկության հայաստանյան մասնաճյուղի գործադիր տնօրեն Արմինե Հարոյանի եւ Հայկական կրթական հիմնարկության տնօրենների խորհրդի նախագահ Սերոբ Բեյլերյանի հետ:

«Մեր պատմությունը շատ ավելի վաղ է սկսվել, երբ 75 տարի առաջ կալիֆորնիահայ մի խումբ երիտասարդներ որոշում են ստեղծել մի կազմակերպություն, որը կօգնի սփյուռքյան գաղթօջախներին, հայապահպան դեր կկատարի, կաջակցի այն երիտասարդներին, որոնք ունեն բարձրագույն կրթություն ստանալու կարիք: Վաղ տարիներին ՀԿՀ-ն դպրոցներ է հիմնել Մերձավոր Արևելքում` այդ թվում Լիբանանում, Հունաստանում եւ Սիրիայում: 1960-1970 թթ-ին ՀԿՀ-ն ԱՄՆ-ում ֆինանսավորում էր հայկական ամենօրյա դպրոցները:

1988 թ. ավերիչ երկրաշարժից հետո Հայ կրթական հիմնարկության ուշադրությունն ամբողջովին ուղղվեց դեպի Հայաստան, եւ 1991 թ-ին՝ Հայաստանի անկախացումից հետո հիմնարկությունն իր գրասենյակը հիմնեց Երեւանում:

Արդեն 197 դպրոց է նորոգվել ու հիմնանորոգվել, դրան զուգահեռ ունեցել ենք տարբեր համալսարանների տրվող կրթաթոշակներ՝ ուսման ամբողջական վարձի տեսքով, ֆինանսավորել ենք ԱՐՄԱԹ ինժեներական լաբորատորիաները»,- Aravot.am-ին ասաց Արմինե Հարոյանը:

Հավելեց, որ տարիներ շարունակ աշխատել են Հայաստան-Արցախ-Ջավախք եռամիասնության համատեքստում՝ նորոգելով եւ հիմնանորոգելով բազմաթիվ դպրոցներ:

«Այս պահին գործող մեր ամենամեծ կրթաթոշակային ծրագրի շրջանակում հովանավորում ենք Հայաստանում սովորող 1300 ուսանողների ուսման վարձը: Դրան զուգահեռ` ուսանողների համար ունենք նաեւ իրենց կարիերայի զարգացման ծրագրեր: Հպարտությամբ ուզում եմ նշել, որ մեր ուսանողների 81 տոկոսն ապրում եւ աշխատում է Հայաստանում, մյուս մասը, որ հեռացել է Հայաստանից, մեր լիբանանահայ եւ սիրիահայ հայրենակիցներն են: Մեր ուսանողները, բացի լավ սովորելուց՝ պետք է նաեւ 120 ժամ կամավորական աշխատանք կատարեն, որպեսզի ապահովենք իրենց շարունակական կրթաթոշակը: Ի դեպ, մենք Հայաստանում գործող այն քիչ կազմակերպություններից ենք, որ 15 տարի առաջ սկսեցինք Հայաստանում զարկ տալ կամավորության գաղափարին»,-նշեց Հայ Կրթական Հիմնարկության հայաստանյան մասնաճյուղի գործադիր տնօրենը:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ ՀԿՀ-ի կրթական գործընկերությանը Հայաստանում, նշվեց, որ գործընկերների թվում են՝ Թումոն, «Դասավանդիր Հայաստանը» եւ ուրիշներ:

«Վերջին ամենաթարմ օրինակը հետեւյալն է. Դիլիջանի միջազգային դպրոցի համար ունեինք 20 հազար դոլար նվիրատվություն՝ ուսման վարձի տեսքով: Հայաստանում էին ՀԿՀ-ի տնօրենների խորհրդի ներկայացուցիչները, հովանավորներ, որոնք այցելեցին դպրոց, եւ տեսան, թե ինչ հրաշալի պայմաններում է գործում դպրոցը, այն տարածաշրջանում լավագույնն է, ապահովում է մրցունակ կրթություն, ունի հրաշալի մանկավարժական թիմ, սովորողներ; Տպավորությունները Դիլիջանի դպրոցից շատ դրական են՝ սկսած գրադարանից, ուսումնական պրոցեսից, ֆիզիկական դաստիարակությունից մինչեւ կրթություն: Հաճելի էր տեսնել, թե, օրինակ, ինչպես է ճապոնացի տղան կամ աղջիկը դուդուկ նվագում, ինչպես է դարերից եկող մեր մշակույթը ներկայացնում այլ մշակույթի ներկայացուցիչ»,-հավելեց Արմինե Հարոյանը:

Հարցին՝ ինչու հենց Ռուբեն Վարդանյանին եւ Վերոնիկա Զոնաբենդին կրթության ապագայի տեսլական ունենալու համար մրցանակ շնորհվեց, մեր զրուցակիցը այսպես պատասխանեց. «Մենք միշտ շատ դետալային ենք փորձում ընտրել մարդկանց եւ պատվել: Այս տարի եւս երկար ենք մտածել, բայց երբ ասում ենք Հայաստան, իսկույն պատկերացնում ենք Ռուբեն Վարդանյանին ու Վերոնիկա Զոնաբենդին, որոնք իրենց ներդրումն են կատարել Արցախում, Հայաստանում եւ Սփյուռքում, անմասն չեն մնացել կրթության ոլորտից: Չպետք է մոռանալ այդ մարդկանց ավանդն ու ներդրումը, որոնց պտուղներն արդեն տեսնում ենք այսօր: Շատ ցավում ենք, որ տիկին Վերոնիկան միայնակ ներկայացավ միջոցառմանը: Նրա խոսքի ընթացքում, սակայն, մենք զգում էինք պարոն Ռուբեն Վարդանյանի ներկայությունը այդ հզոր կնոջ կողքին ու հավատում, որ նա շատ շուտով կվերադառնա ու կմիանա իր ընտանիքին, իրենք կշարունակեն իրենց հայանպաստ գործունեությունը»:

Սերոբ Բեյլերյանը եւս ասաց, որ Հայ կրթական հիմնարկության առաքելությունն է հնարավորություն տալ հայ ուսանողներին շարունակելու եւ իրագործելու իրենց կրթական նպատակները։ «Վերոնիկա Զոնաբենդի եւ Ռուբեն Վարդանյանի տեսլականը՝ ստեղծել համաշխարհային մակարդակի դպրոց Հայաստանի հեռավոր համայնքներից մեկում՝ Դիլիջանում, Հայաստանը դրել է միջազգային կրթության քարտեզի վրա։ Եվ դրա համար նրանք լիովին արժանի են այս մրցանակին։ ՀԿՀ անդամների այցելության հիմնական նպատակն էր անձամբ տեսնել այդ դպրոցը»,-ասաց Սերոբ Բեյլերյանը։

Նա ներկայացրեց իր տպավորությունները Դիլիջանի դպրոցից. «Շատ բան եմ լսել այս դպրոցի մասին, բայց այն անձամբ տեսնելը եւ տարբեր միջավայրերից ու ազգություններից բազմաթիվ ուսանողների հետ շփվելը ինձ լիովին նոր պատկերացում տվեցին դպրոցի առաքելության մասին»։
Պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ ինչպես է գնահատում այն փաստը, որ այս պահին կրթության ոլորտում ամենամեծ ներդրում ունեցող անձանցից մեկը հանիրավի գտնվում է Բաքվի բանտում, պարոն Բեյլերյանը նախ շեշտեց, որ ՀԿՀ-ն հեռու է մնում քաղաքականությունից, ապա նշեց. «Կարող եմ արտահայտել իմ անձնական կարծիքը․ Ռուբեն Վարդանյանի նման մարդուն անարդարորեն եւ առանց պատճառի ավելի քան երկու տարի բանտում պահելը ինքնին հանցագործություն է։ Նրա ներդրումը ոչ միայն կրթության, այլեւ ամբողջ հասարակության զարգացման գործում արժանի է բարձր գնահատանքի։ Մենք բոլորս հույս ունենք, որ համապատասխան իշխանությունները շուտով կհասկանան իրենց սխալները եւ նրան շատ շուտով ազատ կարձակեն»։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031