Լրահոս
Օրվա լրահոսը

Ունենք որակ, և ցանկանում եմ, որ հասնենք փլեյ–օֆֆ փուլ․ «Նոայի» գլխավոր մարզիչ

Հոկտեմբեր 07,2025 14:12

«Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը խորվաթական Jutarnji-ի հետ զրույցում խոսել Հայաստանի, «Նոայի» և Խորվաթիայի չեմպիոնի նկատմամբ տոնած հաղթանակի մասին։

Հայաստանում այս հաղթանակը մեծ արձագանք ունեցավ, որովհետև մեծ իրադարձություն է, երբ Հայաստանի չեմպիոնը հաղթում է Խորվաթիայի չեմպիոնին։

«Մեծ հաղթանակ էր, մանավանդ որ մեր կազմից բացակայում էին 7-8 ֆուտբոլիստներ, որոնք հիմնականում կա՛մ խաղում են մեկնարկային կազմում, կա՛մ դուրս են գալիս փոխարինման։ Այս փաստը հաղթանակն ավելի արժեքավոր դարձրեց։ Ստացել եմ բազմաթիվ շնորհավորանքներ։ Մարդիկ այստեղ իրոք հարգում են Խորվաթիան և խորվաթական ֆուտբոլը։

Ես իսկապես սիրում եմ Երևանը։ Մարդիկ շատ ջերմ են և բարի, միշտ պատրաստ են օգնել քեզ։ Եղանակն այս ժամանակահատվածի համար շատ հաճելի է, այնպես որ ամեն բան իդեալական է։

Մենք ամբողջ ուժով չներկայացանք «Ռիեկայի» դեմ խաղին, բայց խաղացինք շատ միասնական։ Ունեինք հստակ մտքեր և մարտավարություն։ Այս մրցաշրջանում ձեռք ենք բերել շատ խաղացողների, որոնց բանակցությունների մեջ նաև ես էի ներգրավված, ու ես երջանիկ եմ, թե ինչպես են նրանք հարմարվում թիմին։ Մենք օրեցօր աճում ենք։

Ես շատ լավ ճանաչում եմ «Ռիեկային», աշխատել եմ այդ թիմի մի քանի խաղացողների հետ։ Հատուկ խոսքեր չեմ ասել հանդերձարանում։ Նախապատրաստվել ենք խաղին այնպես, ինչպես սովորաբար արել ենք։ Մեր վերլուծությունների ժամանակ կենտրոնացել ենք այն դրվագների վրա, թե որտեղ կարող ենք նրանց ցավ պատճառել։ Նկատեցինք, որ տուգանային հարվածները կարող են մեր ուժը լինել, և ինչպես տեսանք, գոլի հեղինակ դարձանք անկյունայինից։ Յանկովիչի կարմիր քարտը մեր պաշտպանվելու գործը ավելի հեշտացրեց, բայց դժվարացրեց հարձակվելու մասով։ Մենք թիմ ենք, որը փորձում է գտնել տարածություններ, բայց հեռացումից հետո «Ռիեկան» ցածր բլոկում սկսեց գործել, որը բարդացրեց մեր խաղը։

Մեր նպատակն էր հասնել լիգայի փուլ, և հիմա մենք բնականաբար պետք է մեր առջև նոր խնդիրներ դնենք։ Կցանկանայի, որ լինենք թոփ-24 թիմերի մեջ և հասնենք փլեյ-օֆֆ փուլ։ Մենք ունենք որակ, և երբ մեր համագործակցության մակարդակը հասնի «Ռիեկայի» դեմ ցույց տված խաղին, մենք կարող ենք մրցել յուրաքանչյուրի հետ։

Իհարկե, ես մեծ հարգանք ունեմ խորվաթ ֆուտբոլիստների նկատմամբ ու կցանկանայի ուժեղացնել կազմը մի քանի նոր խաղացողներով սպասվող ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Հեշտ չէ նրանց բերել այստեղ, բայց ես կանեմ իմ առավելագույնը։ Ֆինանսական առումով, Զագրեբի «Դինամոյից» զատ, կարող եմ ասել, որ մենք կարող ենք մրցակցել մնացած խորվաթական ակումբների հետ», – նշել է խորվաթ մասնագետը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031