«Կարծում եմ՝ 2021 թվականի ընտրությունները ցույց տվեցին, որ ես ունեմ ինչ-որ չափի ազդեցություն ինչ-որ զանգվածի կոնսոլիդացման հնարավորություն։ Հիմա պատկերացրեք՝ 2021 թվականին ես էլ չմասնակցեի։ Բավարա՞ր են իմ մասնակցության ձայները, ոչ, բավարար չեն։ Կուզենայինք, որ այլ ուժեր ստեղծվեն, որոնց հետ համագործակցությունը կբերի իրավիճակի փոփոխության։ Այո, կցանկանանք, եւ արտահայտվում ենք դրա մասին պարզ ու հասկանալի ձեւով»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշեց, որ իր ղեկավարած «Հայաստան» դաշինքը մասնակցելու է ընտրություններին։ Անդրադառնալով իր անձի հետ կապված հարցին՝ ասաց․ «Երբ ասում են նախկին նախագահների մասին՝ առաջին նախագահը ՀԱԿ առաջնորդն է, եթե ՀԱԿ-ը հայտարարում է, որ մասնակցում է ընտրություններին, առաջին նախագահը մասնակցո՞ւմ է, թե՞ չէ։ ՀՀԿ առաջնորդը երրորդ նախագահն է, ՀՀԿ-ն մասնակցել է բոլոր ընտրություններին, հիմա կուսակցության մասնակցությունը նշանակո՞ւմ է առաջնորդի մասնակցություն, թե՞ ոչ։ Հիմա ինչն է լավ՝ դու չերեւաս քո դեմքով, բայց բոլոր որոշումները կայացնողը լինես, թե՞ դու հենց քո դեմքով երեւաս եւ ասես, որ ես «մասկիրովկա» չեմ անում։ Մնալ կուսակցության ղեկավար ու ասել՝ ես չեմ մասնակցում, բա ո՞վ է մասնակցելու, կուսակցությունը մասնակցել է, ուրեմն ինքն էլ է մասնակցել։ Ինչ վերաբերում է կոնկրետ իմ դեմքով մասնակցելուն կամ չմասնակցելուն, եթե մեր թիմում հայտնվի մեկը, որը սոցիոլոգիայով ավելի շատ ձայներ կարող է հավաքել, ես միայն ուրախ կլինեմ։ Դա «պրիցիպիալ» հարց չէ, դա ուղղակի հանրային կարծիքի հետազոտման հարց է։ Եթե կարծում եք, որ 2021 թվականին մեծ հաճույք էի ստանում օրական 8-10 հանդիպումներ ունենալ, ամբողջ ՀՀ-ով պտտվել, իհարկե, ոչ։ Բայց սոցիոլոգիան ցույց էր տալիս, որ իմ պարագայում ավելի շատ ձայներ կհավաքենք»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ այս խորհրդարանական ընդդիմությունը «գանձ է» իշխանության համար։ «Հակառակը, ընդդիմությունը կարող է ասել՝ գալիք ընտրությունների համար Նիկոլ Փաշինյանը գանձ է, որովհետեւ այս մարդն ասելիք չունի»,- ի պատասխան ասաց Քոչարյանը։
Նա նշեց, որ 2021 թվականի հետ չի կարելի համեմատել 2026-ին սպասվող ընտրությունները։ «Իսկապես, 2021-ին ՔՊ-ն ընտրվել է նաեւ Նիկոլի բարձր վարկանիշը հաշվի առնելով։ Իրեն հաջողվեց ղարաբաղյան պատերազմի պարտությունը գցել բոլորի վրա։ Հիմա վիճակն իսկապես տարբեր է։ Բոլոր այն կարգախոսները, որով ինքը եկել է իշխանության եւ պահել է այդ իշխանությունը, այսօր սնանկ են։ Ինքը բերել է պատերազմ, իր բերած պատերազմից պարտությունը եւ խաղաղությունը հոմանիշ է սարքել։ Եթե դա նորմալ եք համարում, կարող է բնակչության մի մասը դա նորմալ համարել։ Ես համոզված եմ, որ բնակչության շատ ավելի մեծ մասը համաձայն չէ պարտությունը հոմանիշ դարձնել խաղաղությանը»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարցին՝ ի վերջո, ի՞նչ ձեւաչափով են մասնակցելու ընտրությանը, ի՞նքն է ղեկավարելու ցուցակը, թե՞ իր որդին, ո՞ր ուժերի հետ կարող են միավորվել, Քոչարյանը պատասխանեց․ «Ֆորմատի վերաբերյալ որոշումները կլինեն հունվար-փետրվար ամիսներին։ Ավելի շուտ չարժե քննարկել, ես չեմ ուզում մտնել նախընտրական տրամադրությունների մեջ հիմա։ Ամենից պրագմատիկ ֆորմատն ենք փորձելու ընտրել։ Ո՞վ է գլխավորելու ցուցակը, կախված է հետեւյալից, ով սոցիոլոգիայի համաձայն կունենա առավելագույն շանսեր»։
Ըստ Քոչարյանի՝ քաղաքական դաշտում տաբեր կուսակցություններ հիմա իրար հետ բանակցում են, դա ողջունելի է։ «Իմ տպավորությամբ՝ երեք աշխատող միավորը կարող են միասին բավական համոզիչ հաղթանակ բերել այս ընտրություններում։ Պատրա՞ստ եմ մեր ձայները տալ հաղթած ընդդիմադիր թեկնածուին, ոչ միայն պատրաստ եմ, այլեւ ուրախ եմ»,- ասաց նա։
Քոչարյանը հավելեց, որ այսօր երկու ընդդիմադիր միավորներ կան, որոնք եթե միավորվեն, շեշտակի ավելի ձայներ կունենան խորհրդարանում։ Դրանցից մեկը «Հայաստան» դաշինքն է, մյուսը՝ Սամվել Կարապետյանի գլխավորած «Մեր ձեւով շարժումը». «Չեմ ուզում տոկոսների, բանի, սենց ասեմ՝ բոլոր, համենայն դեպս, սոցիոլոգիայով, մի քիչ վերև, ներքև, այսօր երևում են երկու միավոր, որոնք նորմալ մտնում են խորհրդարան, բավական, սենց ասեմ՝ շատ չեն զիջում ՔՊ-ին, բավական փոքր, բավական փոքր սենց մարժայով է ՔՊ-ն դեռ առաջ, բայց միասին այդ երկու միավորը արդեն շեշտակի ավելի են, քան … մեկը «Հայաստան» դաշինքն է, մյուսը՝ Սամվել Կարապետյանի ստեղծվող կուսակցությունը: Կլինի՞ երրորդը, ես շատ կուզենամ, որ նաև լինի երրորդը»:
Մանրամասները՝ տեսանյութում
Անդրադառնալով իմպիչմենտի հարցին՝ Քոչարյանն ասաց․ «Իմպիչմենտի վերաբերյալ մոտեցումս չի փոխվել՝ դրա հիմքերը կան, բայց ձայները չեն հերիքում։ Եվ մինչ այսօր ես որեւէ ինֆո չունեմ, թե իմպիչմենտի համար անհրաժեշտ ձայները իմպիչմենտի նախաձեռնողներն ունե՞ն։ Մենք այն գլխից հայտարարել ենք, որ այդ ձայները չունենք, մենք ունենք 28 ձայն, այդ ձայները տրամադրել ենք»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ