Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական դատավարություններին վերջ տալու միակ ձեւը

Հոկտեմբեր 08,2025 13:30

Դատավորների լյուստրացիայով պետք է զբաղվի ՀՀ դատարանը

Դատավոր Արմինե Մելիքսեթյանի կայացրած վճիռը՝ երկու տարով ազատազրկել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ակնհայտորեն ապօրինի է եւ ակներեւաբար՝ «վերեւից» թելադրված: Այս տարվա հունիսին՝ «չուլանի», «դոմփելու» եւ «կուսակրոնությունը ստուգելու» պատմություններից հետո, հանկարծ «հիշեցին», որ 2024 թվականի փետրվարի 3-ին տված հարցազրույցում Միքայել սրբազանն արտասանել է «ռազմական հեղաշրջում» բառակապակցությունը: Պարզ է, որ հակաեկեղեցական կամպանիայի շրջանակներում Փաշինյանը հանձնարարել է իրավապահներին՝ Միքայել սրբազանի վրա «մի բան գտնել»՝ նրան «փակելու» համար: Դատախազությունը, քննիչները եւ դատարանը «պատվով» կատարեցին այդ հրահանգը:

Քանի որ սա Երրորդ (առայժմ) հանրապետության պատմության մեջ, մեղմ ասած, առաջին դեպքը չէ, բնականաբար, հարց է առաջանում՝ ի՞նչն է, որ կարող է կանգնեցնել այդ արատավոր պրակտիկան: Պարզ է, որ ֆեյսբուքյան գրառումներով, ամոթանք տալով եւ դատավորին վիրավորելով հարցը չի լուծվի: (Կտրականապես դեմ եմ որեւէ մեկին, հատկապես, կնոջը վիրավորելուն):

Խնդրի առանցքում, կարծում եմ, պետք է լինի անկախ դատական համակարգի ստեղծումը: 2018-19 թվականներին շատ էին խոսակցությունները «վեթինգի», «բարեվարքության», «անցումային արդարադատության», «լյուստրացիայի» մասին: Նման ոչ մի քայլ չձեռնարկվեց: Հիմա արդեն պարզ է, որ դրանք, ինչպես միշտ, օդի մեջ խոսակցություններ էին, քարոզչական աղմուկ, որովհետեւ այսօրվա իշխանությունները մտադիր էին անել այն, ինչ անում էին նախկինները: Հենց դա՛ է այժմ տեղի ունենում:

Տարբերությունն այն է, որ հիմա քաղաքական դատավարությունները տեղի են ունենում ավելի ցինիկ, ավելի ամբարտավան եղանակով, եւ դրա բացատրությունը պարզ է: Ինչ էլ անի Հայաստանի այս իշխանությունը, նույնիսկ եթե ամեն օր 100 հոգի գնդակահարի, Արեւմուտքում ծափահարելու են Փաշինյանի «ժողովրդավարական բարեփոխումներին»: Եվ հակառակը՝ ինչ էլ անեն Վրաստանի իշխանությունները, նրանք Արեւմուտքի կողմից սուր քննադատության են ենթարկվելու «հակաժողովրդավարության» համար: «Deeply concerned»՝ այսպես ասած:

Նրանք, ովքեր մեր երկրում ներկայանում են «քաղաքացիական հասարակության» տեսանկյունից, նույն ալիքի վրա են: Ավտորիտար ռեժիմի հերթական վայրագ դրսեւորումներին նրանց արձագանքը պայմանավորված է նրանով, թե որքան deep է գրանտատուների concern – ը: Եթե concern չկա, ապա նրանք էլ որեւէ մտահոգություն չունեն: Ժաննա Ալեքսանյանի կամ Վարդան Հարությունյանի նման «դասական», անկախ իրավապաշտպանները Հայաստանում շատ քիչ են:

«Նախկինների» ժամանակ քաղաքական դատավճիռներ կայացնող Մնացական Մարտիրոսյանն այսօր էլ է դատավոր աշխատում: Նրա գործը շարունակող Արմինե Մելիքսեթյանը, շատ հավանական է, շարունակելու է դատել հաջորդ իշխանությունների ժամանակ: Դրանից պարզ է, որ «հաջորդների» ժամանակ կհայտնվի նոր Մնացական կամ նոր Արմինե, որը կծառայի ապագա ռեժիմին, ոչ թե արդարությանը:

Ելքն այն է, որ հայաստանյան դատարանը որոշում ընդունի նման դատավորների վերաբերյալ: Ընդ որում, պարտադիր չէ, որ պատժաչափը լինի խիստ՝ թեկուզ 5 հազար դրամի տուգանք: Խնդիրն այն է, որ մեր դատարանն արձագանքի ապօրինությանը:

Ինչու եմ շեշտում, որ դա պետք է լինի ՀՀ դատարանը, ոչ թե ՄԻԵԴ-ը: Որովհետեւ ՄԻԵԴ-ի որոշումները՝ այդ թվում՝ քաղաքական դատավարությունների վերաբերյալ, Հայաստանում լուրջ չեն ընդունվում եւ կանխարգելիչ դեր չեն խաղում: Ենթադրենք, ՄԻԵԴ որոշմամբ պետությունը փոխհատուցեց ապօրինության զոհին մի քանի հազար եվրո: Ի՞նչ է դրանից փոխվում:

Իսկ ահա Հայաստանի դատարանը կարող է արգելել քաղաքական պատվեր կատարող դատավորներին աշխատել այդ բնագավառում: Այ, դա կլինի իրական, իսկական լյուստրացիա:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.10.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031