Լրահոս
Օրվա լրահոսը

Աղմուկ Վանաձորի պետական թատրոնի «Չարենց» ներկայացման շուրջ, և թատերագետի կարծիքը

Հոկտեմբեր 08,2025 13:08

Aravot.am-ը տեղեկացրել էր վերջերս Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում Դավիթ Հարությունյանի ռեժիսուրայով կայացած բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վալերի Փիլոյանի «Չարենցի վերջին գիշերը» փաստավավերագրական պիես պրեմիերայի մասին: Հեղինակը հանդիսատեսին հայտնի է հատկապես ազգային դրամատուրգիայի և առհասարակ ազգայինի ջատագով լինելով: Հատկապես, նրա «Խենթը» ներկայացումը երկար տարիներ չի իջնում Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմից:

Պրեմիերային հենց առաջին ներկայացումից հետո համացանցը ողողվեց տարաբնույթ կարծիքներով: Առաջին գրառումները հեղինակային իրավունքի խախտման մասին էին: Նույնիսկ հոդվածով հանդես եկավ անվանի չարենցագետ, դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը՝ փաստելով, որ հեղինակն օգտագործել է իր գրքից հատվածներ, առանց նշելու իր անունը: Պատասխան հոդվածով էլ հանդես եկավ Փիլոյանը՝ հավաստիացնելով, թե ինքը օգտվել է նաև այլ աղբյուրներից, իսկ առհասարակ ուշադիր է հղումներ անելու դեպքերում: Նույնիսկ պրեմիերային ներկա հանդիսատեսից շատերն էին հաստատում, որ այո, օգտագործված են Դավիթ Գասպարյանի գրքից հատվածներ:

Օրերս ավարտված «Թատերական Լոռի» 31-րդ միջազգային փառատոնի շրջանակում ներառված էր նաև այս ներկայացումը, որի ժամանակաշրջանը զուգահեռվում է մեր օրերի հետ, ինչպես իրենց գրառումներում նշում է հանդիսատեսը: Չարենցի կերպարը մարմնավորում է հրավիրյալ դերասան Համլետ Ղազարյանը, մյուս դերերում են՝ Էլֆիք Զոհրաբյանը, Էդգար Բարսեղյանը, Ալլա Դարբինյանը, Քրիստինե Ալիխանյանը, Մարիամ Ղևոնդյանը, Գայանե Մեսրոպյանը, Ռուզաննա Խաչատրյանը, Անդրանիկ Ստեփանյանը, Աղասի Սարգսյանը, Արման Կոլոսովը, Սարգիս Ավետիսյանը, Արմեն Չարչյանը, Մարինե Պետրոսյանը, Արման Սաքանյանը, Վահե Սիմոնյանը, Հայկ Թորոսյանը, Ջիվան Սարգսյանը, Վահրամ Խառատյանը, Էդգար Քոչարյանը, Արաքսյա Քոչարյանը։ Նշենք նաև հանդիսատեսի որակմամբ՝ հետաքրքիր բեմանկարչության հեղինակին՝ Գարեգին Եվանգուլյան:

Մինչ սոցկայքերում «գրավոր» վիճում են գրականագետները, ներկայացումը հաջողությամբ ընթանում է: Կան ի դեպ, տարաբնույթ կարծիքներ՝ հատկապես Չարենցի դերակատարմանը վերաբերող: Մինչ հետաքրքրվում էինք, թե թատերագետներից ով կամ ովքեր են ներկա գտնվել պրեմիերային, օրերս համացանցում հանդիպեցինք մասնագիտական, թատերագիտական հոդված՝ «Չարենցից դուրս Չարենցի հետ» վերնագրով, որի հեղինակն է ճանաչված թատերագետ Տիգրան Մարտիրոսյանը: Հղում կատարելով թատերագետի հոդվածին, մեջբերենք նրա դիտարկումները ներկայացման և դերակատարումների մասին:

 

Իսկ մինչ, ասենք, որ հանդիսատեսը կարծիք է հայտնում, թե ներկայացումն ունի երկու-երեք վառ դերակատարում, դինամիկ ռեժիսուրա և խոցելի, թույլ դրամատուրգիա՝ հարուստ կենսագրական փաստերով:

Տիգրան Մարտիրոսյան

Թատերագետը սկսելով գլխավոր դերակատարից՝ մեղմ ակնարկում է, որ թեև դերասանը իսպառ զուրկ չէ հմայքից, բայց ունի որոշակի թերություններ. «Հրավիրյալ դերակատար Համլետ Ղազարյանը թեև զուրկ չէ խաղին արտաքնապես սատարող բեմական հմայքից, բայց վերջինիս առջև դրված կերպարավորման խնդիրը դյուրիններից չէ. էքսցենտրիկ-խարակտերային կերպարին անձնավորելիս՝ գրեթե հրաժարվել բնութագրական գծերից (եթե անգամ էհե˜յ ես գոչում) և մնալ «ժամանակի շունչը դառնալու» հորդորի սահմանագծերում»: Կամ՝ «…Ուրախալիորեն արտահայտչական ոչ այդպիսի քաղաքականություն էր որդեգրել դերակատարը: Բարսեղյան- Չարենցի հետ առերեսվելիս լուռ, ձայն անգամ չարտաբերելով, հանկարծակիի եկածի կեցվածքով ու քիչ է ասել՝ վախեցած, սարսափած դեմքով Ղազարյան – Չարենցը բեմականորեն տեսանելի է դարձնում բանաստեղծի գրչած հուզական ինքնությունը»:

Թատերագետը շարունակում է հոդվածը՝ առանձնացնելով հաջողված խաղերին, անդրադառնալով Ստալինի և Մուղդուսու դերակատարներին. «Ավանդաբար ծանրակշիռ ու ծանրաբարո մատուցված և սերմանված կերպարին պատկերելիս (նկատի ունի Ստալինի դերակատար Արման Կոլոսովին– Ս. Դ.)՝ հաշվենկատորեն չի գնացել խորը հոգեբանական ինքնահայեցումների ու հուզերանգային տտիպացման ճանապարհով՝ նախապատվությունը տալով անճանաչելի խաղային թեթևությանը: Ընդ որում, ոչ միայն կերպարի համար անծանոթ ու անսովոր մեկնությանը, այլև հենց դերասան Արման Կոլոսովին բեմում ճանաչելը բարդացնող խաղին, ինչը չենք կարող կատարողական ձեռքբերում չհամարել: Եվ հենց այդ ստալինյան տեսարանաշարում է, որ ի դեմս հարյուրավոր հայերի գլխակեր (դերակատար՝ Էլֆիք Զոհրաբյան) վերացման, մարգարեության է վերածվում մենք զոհ, մենք դահիճ ուրիշի ձեռքում չարենցյան աքսիոմատիկ եզրահանգումը»:

(Ի դեպ, «Թատերական լոռի» 31-րդ միջազգային փառատոնի ավարտին, հենց «Չարենց» ներկայացումից հետո Էլֆիք Զոհրաբյանն արժանացավ փառատոնի գլխավոր մրցանակին՝ ՀՀ ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյանի անվան):

Թատերագետը նրբորեն որսում է Մուղդուսու դերակատարի խաղի բազմաշերտությունը. «Ողջ դերակատարման ընթացքում մնալ մտածող, գրագետ դերասանի կարգավիճակում և խուսափել կերպարի բարոյահոգեբանական կողմնորոշման միաբևեռությունից: Չարագործի բեմական ներկայության ընթացքում փնտրել մի կետ, որտեղ հնարավոր կլինի վերարտադրել նրա վարքագծի որևէ, թեկուզ՝ աննշան, դրական երևույթ: Գտել է այդ կետը դերակատարը. բեմառաջքի մոտ կանգնած կարդում է Չարենցի «Պատմության քառուղիներով» ժողովածուից «Ապա առաջնորդել են մեզ տարիներ երկար Արքաներ անժողովուրդ և գահազուրկ…» հատվածը, ընթերցումն ավարտելուց հետո առանց որևիցե այլևայլության, զարմանքով արտաբերում է высший класс, паразит տեքստը: Անկախ մարդակործան իրավիճակից՝ տաղանդը գնահատելու որակն է ուրվանշվում: Հետևողին ստիպում խորհել նրա ներսում հազվադեպ տեղի ունեցող հակասությունների մասին, ինչից վերստին հետևում է նաև այն եզրահանգումը, որ բանասիրական կրթություն ունեցող դրամատուրգ Էլֆիք Զոհրաբյանը գրական բարձրարժեք տեքստի արժեքն իմացողի անկաշկանդ հավատով ու անսեթևեթ համոզչականությամբ է ռուսերենով այդ գնահատանքն արտահայտում: Մոտավորապես համանման թեթևությամբ, առանց արտաքին լարումի է հնչեցնում դերակատարը նաև նյարդային տոնայնության խոսքը»:

Տիգրան Մարտիրոսյանը դրվատանքով է խոսում ռեժիսոր Դավիթ Հարությունյանի՝ մեկ այլ բեմադրած տեսարանի և դերասանների հետ նուրբ աշխատանքի մասին. «Պայմանական գործողություններից տպավորիչ է նաև կարմիր գորգի վրա ոչ կանգնած դիրքով գտնվող կնոջը բեմի անկյունագծով դեպի կուլիսներ տանելը՝ գորգը քաշելով: Ի դեպ, կանանց կերպարները որքան էլ որ Չարենցի կյանքում և պոեզիայում քիչ չեն եղել, կոնցեպցիոն առումով այստեղ վճռորոշ դերակատարում չունեն: Ավելի շատ հոգեբանական իլյուստրացիայի գործառույթ ունեն դրանք: Բացառությամբ բանաստեղծի մտերիմներից Ռեգինա Ղազարյանի (դերակատար՝ Մարինե Պետրոսյան), ում հուզակամային որակը (կենսուրախության ու հոգատարության խառնարանից սերող) նկատելի և անհերքելի է, քանի որ նա իր ժամանակի հրեշավոր համակարգից հանճարեղ պոեզիան փրկելու քաջության կրողն է: Ասել կուզի՝ իր հույժ հումանիստական գոյությամբ ռեպրեսիվ շրջանի աղետալիությունն էլ ավելի ցցուն դարձնող: Թեպետ, մի կին էլ կա այս բեմապատման դիպաշարում, որի կոպիտ, ինչ-որ առումով կենցաղային ներկայության թողած նատուրալիստական զգացողությունը լոկ տհաճության հետք կթողներ հետևողի տպավորական դաշտում, եթե չլիներ համաժամանակյա բարոյահոգեբանական ընդգրկման թափ ունեցող վերջինիս նախաֆինալային տեքստը: Առերևույթ անկարևոր, սակայն բեմից հրամցվող իրողության ակտուալության գաղափարահուզական արտացոլանքը իմաստավորող և արդարացնող Կաղ Հերիքնազի (դերակատար՝ Գայանե Մեսրոպյան) մասին է խոսքը: Ներկայացման ավարտի ժամանակային մերձակայքում Չարենցին ուղղված նրա այդ «Եթե ամեն ինչ ուրանայիք›› բառերը, ակամայից հռետորական հարցի տոնայնությամբ որպես հետֆինալային արձագանք են հնչեցնում հետևյալ ենթատեքստը. ուրանա՞լ, թե՞ չուրանալ…»:

Դատելով թատերագետի վերջին տողերից՝ նրա աչքից չեն վրիպել բազմաթիվ արժեքավոր տեսարաններ ու հաջողված դերակատարումներ. «Ահավասիկ, փաստն, ինքնին, հուսադրող է, եթե անգամ հենց Հարությունյանի /ռեժիսոր Դավիթ Հարությունյան – Ս.Դ./ ջանքերով, վերջինիս ստեղծագործական աշխարհն անդուռ փակուղի էր թվում»…

Այսպիսով, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական թատրոնի «Չարենց» ներկայացումը, որը հանդիսատեսը բարձր գնահատեց, կշարունակի բեմական կյանքը: Այն կխաղացվի նաև պոետի մահվան օրը՝ նոյեմբերի 27-ին:

 

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031