Գրող, լրագրող, դերասան եւ տուրիզմի փորձագետ Ռուբեն Փաշինյանն արժանացել է «Акула пера» գրական մրցանակին` «Мама, мне уже 50» գրքի համար: Հոկտեմբերի 29-ին Մոսկվայում կկայանա պարգեւատրման արարողությունը: Aravot.am-ի հետ զրույցում նա նշում է, որ մինչ այժմ այդ մրցանակին արժանացել է 5-6 հայ, որոնցից միայն ինքն է Հայաստանի քաղաքացի: Հավելեց, որ «Мама, мне уже 50» գիրքը նվիրված է իր մայրիկի հիշատակին:
Փաշինյանը հավելեց, որ Մոսկվայում տարբեր սրահներում (ՌԴ-ում Հայաստանի դեսպանության մշակույթի կենտրոն, Ռուսաստանի հայերի միություն) կայանալու է նաեւ իր ստեղծագործական երեկոն: Ցուցադրվելու է «Сынок, а где Евфрат?» ֆիլմը եւ ներկայացվելու են հեղինակի հետեւյալ գրքերը՝ «Мама, мне уже 50», «…На все четыре стороны!»: Ռուբեն Փաշինյանը հանդես է գալու նաեւ իր հեղինակային “Ляпы наших городов” ստենդափով: Ընդգծեց, որ հանդիպումները կանցկացվեն ինտերակտիվ ձեւաչափով, ինքը հատվածներ կկարդա ոչ թե արդեն հրատարակված գրքերից, այլ նոր գրքից, որը հավանաբար լույս կտեսնի մյուս տարի՝ «Ապրիորի» վերնագրով:
Ռուբեն Փաշինյանն ասում է, որ «…На все четыре стороны!» գիրքը նվիրված է իր շատ սիրելի 4 քաղաքներին՝ Երեւան, Թբիլիսի, Մոսկվա, Լոնդոն, որոնց հետ իրեն շատ բան է կապում, ժողովածուում ընդգրկված են ոչ միայն այդ քաղաքներին նվիրված պատմվածքներ, այլ գործեր՝ ծնված հենց այդ քաղաքներում:
Կարդացեք նաև
Մոսկվայում նախատեսված է 3 միջոցառում: Ռուբեն Փաշինյանը կանցկացնի նաեւ հեղինակային էքսկուրսիա, որի ժամանակ ներկայացնելու է, թե ինչ ավանդ են ունեցել ազգությամբ հայերը Մոսկվայում՝ սկսած 17-րդ դարից: «Այդ էքսկուրսիան ստեղծված է իմ հոդվածների հիման վրա, որոնք տպագրվել են եւ Հայաստանում եւ Ռուսաստանում, դրանք ճանաչողական էքսկուրսիաներ են»,-հավելեց մեր զրուցակիցը:
Դառնալով «Сынок, а где Евфрат?» ֆիլմին՝ Ռուբեն Փաշինյանը նշեց. «Ֆիլմը նկարվել է 2016թ, ունեցել իր ինֆորմատիվ դաշտը, որոշակի լսարան: Ես հասկացա, որ ակամա խփել եմ այն թիրախին, որի մասին սկզբում պատկերացում չունեի: Ֆիլմում երկխոսություն կա այն մասին, որը մարդը ստիպված է լքել իր հայրենիքը եւ ուրիշի հայրենիքն ակամա իրենն է դարձել: Խոսքը նաեւ ցեղասպանությունից փրկված մարդկանց մասին է: Այդ երկխոսությունը, սակայն, համամարդկային է եւ շատ ազդեցիկ է: Եվ Թբիլիսիում, եւ Լոնդոնում այդ երկխոսությունից արցունքոտվել են ֆիլմը դիտած մարդկանց աչքերը, նույնը՝ Բոստոնում, Նյու Յորքում, Մոսկվայում… Ես մի առիթով ասացի, որ միակ բանը, որ երազում եմ, այն է, որ երբ որոշեմ էլի ցույց տալ այս ֆիլմը, ինձ ասեն՝ այն այլեւս արդիական չէ, բայց ավաղ ֆիլմը շարունակում է լինել արդիական… Ֆիլմի հերոսը, որին մարմնավորել էր Վիգեն Ստեփանյանը՝ մահանում է, մահացավ նաեւ ինքը՝ Վիգեն Ստեփանյանը, այն մարդիկ, որոնք ֆիլմում երազում են փախչել ԱՄՆ, այժմ ԱՄՆ-ում են: Ֆիլմում բարձրացվում է այն թեման, որ երկրի ղեկավարության պատճառով միակ ընտրությունը երկրից փախչելն է, հիմա էլ է այդպես…Բավականին ցավոտ թեմաներ ենք արծարծել»:
Ռուբեն Փաշինյանը նշեց, որ վերջերս է վերադարձել Վրաստանից, որտեղ իր ֆիլմը երկու անգամ ցուցադրել է: Առաջիկայում էլ, ինչպես նշվեց, սկսվում են իր մասնակցությամբ միջոցառումները Մոսկվայում: Ռուբեն Փաշինյանը շնորհակալ է իր ընկերներին եւ աջակիցներին՝ Անդրեյ, Դիանա Կիրիլիններին, Արսեն Պողոսյանին, Մոսկվայի Փարաջանովի անվան թատրոնի հիմնադիր, ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնի տնօրեն Վլադիմիր Գաբեին, դերասանուհի Լուիզա Գաբեին եւ Արայիկ Հովհաննիսյանին՝ միջոցառումների կայացումը Մոսկվայում իրականություն դարձնելու համար:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ