Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովի ֆեյսբուքյան գրառումը
2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ առավոտյան ժամը 07:10-ին, թուրք–ադրբեջանական ահաբեկչական տանդեմը սանձազերծեց լայնածավալ և նախապես մանրակրկիտ ծրագրավորված պատերազմ Արցախի Հանրապետության դեմ։ Պատերազմը ուներ ոչ միայն ռազմական, այլև հստակ ցեղասպանական բնույթ՝ նպատակ ունենալով ոչնչացնելու արցախահայության ֆիզիկական գոյությունը և վերացնելու նրա բազմադարյա մշակութային ներկայությունը հայրենի հողում։
Պատերազմի հենց առաջին րոպեներից Բաքվի բռնապետական վարչակարգի զինված ուժերը թիրախավորեցին քաղաքացիական բնակչությանը, բնակավայրերը, կենսական ենթակառուցվածքները և մշակութային ժառանգությունը։ Ադրբեջանը ոչ թե պատերազմում էր հայկական բանակի զինվորականների դեմ, այլ պայքարում էր հայկական ինքնության և հիշողության դեմ։ Այդ քաղաքականությունը, իր էությամբ, ուղղված էր ոչ միայն Արցախի, այլև ողջ հայ ժողովրդի դեմ՝ որպես քաղաքակրթական ու մշակութային արժեհամակարգի կրողի։
Այս հանցավոր քաղաքականության ամենաընդգծված դրսևորումներից էր 2020 թվականի հոկտեմբերի 8-ին իրականացված հարձակումն ընդդեմ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու։ Ադրբեջանական զինուժը գերճշգրիտ զինատեսակներով նույն օրը երկու անգամ հարվածեց այդ սրբավայրին՝ լիովին գիտակցելով, որ հարվածում է ոչ թե ռազմական թիրախի, այլ հոգևոր կենտրոնի։ Ավելին՝ այդ պատերազմական հանցագործության հետևանքով վիրավորվել են միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Սա բացահայտ հանցագործություն էր՝ ոչ միայն ընդդեմ հայկական մշակույթի, այլև՝ համամարդկային արժեքների և միջազգային իրավունքի։
Կարդացեք նաև
Համաձայն Հաագայի 1954 թ. «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի երկրորդ արձանագրության, նման հարձակումը որակվում է որպես ռազմական հանցագործություն, ինչի համար թե՛ հրաման արձակողը, թե՛ կատարողները, ինչպես նաև հարձակումը չկանխողները ենթակա են քրեական պատասխանատվության և կարող են դատապարտվել թե՛ միջազգային և թե՛ ազգային մակարդակներում (Տիգրանյան Ա., Շուշիի սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու թիրախավորման դեպքի քննություն)։
Ադրբեջանի իշխանությունների նպատակը պարզ էր. ոչնչացնել համաշխարհային արժեք ներկայացնող հայկական սրբավայրերը, ջնջել հայկական հետքը Շուշիում և ընդհանրապես Արցախում։ Շուշիի բռնազավթումից հետո Բաքվի բռնապետական վարչակարգը ձեռնարկեց կեղծ «վերականգնման» աշխատանքներ, որոնք իրականում նպատակ ունեին աղավաղելու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ճարտարապետական կերպարը՝ փոխելով պատմական տեսքն ու հայկական ինքնությունը։ Այսպես կոչված «վերականգնումը» Ադրբեջանի մշակութային ցեղասպանության ծրագրի բաղկացուցիչ մասն էր՝ ուղղված հայկական մշակույթի յուրացմանն ու կեղծ պատմական պատկերի ստեղծմանը։
Այս ամենը տեղի է ունենում միջազգային հանրության հանցավոր լռության պայմաններում։ ԵԱՀԿ-ն, Եվրոպական միությունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և մի շարք այլ կառույցներ սահմանափակվեցին արարողակարգային բնույթի հայտարարություններով՝ չցուցաբերելով որևէ իրական կամք՝ կանխելու պատերազմական և մշակութային հանցագործությունները։ Այդ լռությունը, այդ կեղծ «չեզոքությունը», փաստացի դարձավ կանաչ լույս Բաքվի համար՝ շարունակելու իր պատերազմական հանցագործությունները։
Միջազգային հանրության անգործությունն ու երկակի ստանդարտները վերածվեցին անպատժելիության մեխանիզմի, որը, իր հերթին, նոր հանցագործությունների համար պարարտ հող ստեղծեց: Եթե միջազգային կառույցները 2020 թվականի պատերազմից հետո գործեին համարժեք կերպով, եթե Ադրբեջանը ենթարկվեր պատասխանատվության՝ իր կողմից իրականացված հանցագործությունների համար, ապա չէր լինի 2023 թվականի սեպտեմբերի 19-ի հերթական պատերազմը։
Այդ օրը Ադրբեջանը իրականացրեց Արցախի դեմ նոր ագրեսիա, որն ավարտվեց տարածաշրջանի լիակատար բռնազավթմամբ։ Արցախահայության նկատմամբ իրականացվեց զանգվածային բռնի տեղահանում՝ իր բնույթով ցեղասպանական ակտ, իսկ պատմական հայկական տարածքում մեկնարկեց մշակութային ցեղասպանության աննախադեպ փուլ։ Հայկական եկեղեցիներն ու վանքերը, խաչքարերն ու գերեզմանատները կամ ոչնչացվում են, կամ «վերակառուցվում» ադրբեջանական ձևով՝ նպատակ ունենալով ջնջելու հայկական ինքնության վերջին հետքերը։
Միջազգային հանրության լռությունն այս ամենի նկատմամբ այլևս չեզոքություն չէ. այն հանցակցություն է հանցագործությանը։ Երբ միջազգային կառույցները չեն արձագանքում, չեն պահանջում պատասխանատվություն, չեն կիրառում պատժամիջոցներ և շարունակում են քաղաքական շողոքորթությունը Բաքվի նկատմամբ, նրանք դառնում են նույն հանցագործության հանցակիցը։
Անպատժելիությունը, ինչպես բազմիցս ապացուցվել է պատմության ընթացքում, միշտ էլ հանգեցնում է նոր հանցագործությունների։ Արցախի դեպքում դա վկայվեց առավել ակնհայտ ձևով․ 2020-ի պատերազմից հետո միջազգային հանրության անգործությունը հանգեցրեց 2023-ի ողբերգությանը՝ Արցախի հայաթափմանը, ֆաշիստական Ադրբեջանի կողմից ամբողջական բռնազավթմանն ու մշակութային ցեղասպանությանը։
Այսօր, երբ Արցախը հայաթափված է, իսկ հայկական մշակութային ժառանգությունը ենթարկվում է համակարգված ոչնչացման, միջազգային հանրության լռությունը դարձել է համաշխարհային խայտառակություն։ Այդ լռությունը ոչ թե խաղաղության նշան է, այլ արդարության մահախոսական։
Քաղաքակիրթ աշխարհը պարտավոր է գիտակցել, որ եթե այսօր չի պատժվում Արցախի դեմ իրականացված ադրբեջանական հանցագործությունը, վաղը նույն ոճիրը կկրկնվի այլ տեղում այլ ժողովրդի նկատմամբ։ Իսկ մինչ այդ յուրաքանչյուր լուռ դիտորդ իր լռությամբ դառնում է հանցակից։