Լրահոս
Օրվա լրահոսը

«Լայն սպառման ապրանքախմբերում ունենք մինչեւ 10, 12 եւ ավելի տոկոս գնաճ, բայց տեսնում ենք, որ դա չի անհանգստացնում գործադիրին»․ Բաբկեն Պիպոյան

Հոկտեմբեր 08,2025 16:08

Նախորդ շաբաթվանից հայաստանյան կաթնամթերքի շուկայում թանկացումներ են գրանցվել, որի պատճառը կաթնամթերքի տուփերի վրա QR կոդերի առկայության պարտադիր պահանջն է։ Այս պահանջն ուժի մեջ է մտնելու 2026-ի հունվարի 1-ից, եւ տեղական արտադրողներն արդեն ահազանգում են, որ լրացուցիչ ծախսեր են անելու։ Սա արվում է՝ ԵԱՏՄ ստանդարտներին համապատասխանելու համար։

Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ հիմնադիր նախագահ Բաբկեն Պիպոյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ վերջին օրերին բազմաթիվ ահազանգեր են ստանում սպառողներից՝ կապված գնաճի նոր ալիքի հետ։ Պիպոյանն ասաց, որ կաթնամթերքի շուկայում դիտարկումներ անելու են հաջորդ շաբաթ։ Նրա խոսքով՝ կաթնամթերքի շուկայում գների տեսանկյունից մանեւր է իրականացվել, ընկերությունները մրցում են իրար հետ։ «Դա բերում է նրան, որ, օրինակ, x ընկերությունը որոշել էր իր ապրանքը թանկացնել ու դարձնել 500 դրամ, իսկ y ընկերությունը որոշել էր, որ ինքը վաճառելու էր 480 դրամով, բայց երբ ինքը տեսնում է, որ մյուսը 500 դրամով է վաճառում, ինքն էլ է դարձնում 500։ Վերջին օրերին քննարկվեց QR կոդերի հարցը, բայց գնաճը միայն դրանով չէ պայմանավորված, այլ գործոններ եւս կան։ Թե որոնք են այդ գործոնները, էկոնոմիկայի նախարարությունը թող ուսումնասիրի ու հանրայնացնի։ Բայց մենք տեսնում ենք, որ մեր իրականության մեջ գնաճը չի անհանգստացնում գործադիրին, որովհետեւ Վիճակագրական ծառայությունը միջինացված գին է նկարում բոլորիս համար, ասում են՝ ինչո՞ւ եք այդպես խառնվել իրար։ Բայց մյուս կողմից ասում են՝ մենք ավել հարկ հավաքեցինք, որովհետեւ ամեն թանկացում իր հերթին գեներացնում է ավել տոկոս հարկ»,- նշեց Պիպոյանը։

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ 12-ամսյա գնաճը, այսինքն՝ այս տարվա սեպտեմբերը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, կազմել է 3,7 տոկոս։ Այդ թվում՝ սննդամթերքի շուկայում 2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 5,8 տոկոս գնաճ։

Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ 3,7 տոկոսը միջինացված գնաճն է, այդ գնաճի մեջ մտնում են ապրանքներ, որոնցից միշտ չէ, որ մարդիկ օգտվում են։ «Հետեւաբար, երբ մենք գնահատում ենք գնաճն ու սոցիալական վիճակի լավացումը, այստեղ միայն պաշտոնական վիճակագրությամբ ամրագրված միջինացված թիվը չպետք է վերցնել։ Պայմանական ասենք՝ մենք փողկապի շուկայում գնաճ չունենք, բայց եկեք հասկանանք, թե միջին վիճակագրական սպառողը մեկ տարվա մեջ է փողկապ գնում, թե՞ 5 կամ 10 տարվա մեջ։ Այսինքն՝ երբ մենք քննարկում ենք շուկայում գների փոփոխությունները, պետք է արձանագրենք, թե հիմնական ապրանքախմբերում ինչ է կատարվում։ Եվ եթե այդ ուսումնասիրությունն արվի, կտեսնենք, որ պատկերն էականորեն տարբերվում է։ Լայն սպառում ունեցող ու առաջին անհրաժեշտության ապրանքների մեջ երեւի մեկ ապրանք չենք գտնի, որը 3,7 տոկոս գնաճի տակ է։ Շատերն ասում են՝ լավ է, գոնե հացը չի թանկացել, բայց անգամ հացի դեպքում, եթե նայենք պաշտոնական վիճակագրությունը, կտեսնենք, որ թանկացում կա»,- ասաց նա։

Նշենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2025թ. սեպտեմբերին 2024թ սեպտեմբերի համեմատ հանրապետությունում հացի գինն աճել է 5,0 տոկոսով։

Պիպոյանի խոսքով՝ հացի շուկայում նաեւ թաքնված գնաճ կա, դա այն է, երբ հացի քաշը նվազեցնում են։ Հետեւաբար, նրա խոսքով, հացի շուկայում գնաճը գերազանցում է 5 եւ անգամ՝ 7 տոկոսը։

Հարցին, թե իրականում որքա՞ն է կազմում հասարակության կողմից ամեն սպառվող ապրանքների գնաճը, Բաբկեն Պիպոյանը պատասխանեց․ «Այն ապրանքները, որոնք սպառում ենք ամեն օր, այս ապրանքախմբերում ունենք մինչեւ 10,12 եւ ավելի տոկոս գնաճ»։

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների այն պնդումներին, թե մարդկանց սոցիալական վիճակը չի վատացել, քանի որ սրճարաններն ու ռեստորանները լի են, մարդիկ նաեւ մեկնում են հանգստի, Բաբկեն Պիպոյանն ասաց․ «Եթե ասում են՝ մարդկանց եկամուտներն ավելացել են, սրճարանները լիքն են, պետք է նայենք, թե, օրինակ, որ խմբի եկամուտներն են ավելացել։ Դեռ պետք է նայենք՝ հարուստներն են ավելի շատ հարստացել, թե աղքատները։ Եթե գործադիրը նկատում է 2 մլն 800 հազար Սեւան չգնացածներին եւ 100 հազար Սեւան գնացածներին, ունենում ենք այն, ինչ ունենք»

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031