Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարիք ունի ներկայացվածության»․ Լուիս Մորենո Օկամպո

Հոկտեմբեր 08,2025 20:30

Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի համոզմամբ՝ Հայաստանն ի վիճակի չէ Արցախի հարցով բանակցություններ վարել Ադրբեջանի հետ։ Արցախցիներին պետք է ներկայացնի «Լեռնային Ղարաբաղում խաղաղության շվեյցարական նախաձեռնությունը»։

«Որոշ կառավարություններ, որոնք հենվում են աշխարհաքաղաքական շահերի եւ ոչ ժողովրդի իրավունքների վրա, պնդում են, թե Հայաստանը պետք է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցի Ադրբեջանի հետ։ Դա այդպես չէ։ Հստակ է, որ Հայաստանը չի կարող բանակցել Լեռնային Ղարաբաղի հարցով։ Ուստիեւ, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարիք ունի ներկայացվածության։ Շնորհակալ եմ պարոն Ֆոնտոբելին (արցախցիների վերադարձի հարցով շվեյցարական խորհրդարանական նախաձեռնության հեղինակն է – Ա․Ա․)՝ իր նախաձեռնության համար», – ասել է Լուիս Մորենո Օկամպոն։

«Լեռնային Ղարաբաղի ժողովրդին պաշտպանելը պայքար է հանուն քաղաքակրթության»։

Մորենո Օկամպոն դրական է վերաբերվում օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ՀՀ-ԱՄՆ-Ադրբեջան եռակողմ ստորագրություններին այն իմաստով, որ կանխվում է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի դեմ։

«Բայց ակնհայտ է, որ [խաղաղության] համաձայնագիրը պաշտոնապես չի ներառում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի եւ պատանդների հարցը։ Հենց այս պատճառով Էրիկ Ֆոնտոբելի նախաձեռնությունը շատ կարեւոր է», – ասաց նա։

Նա նաեւ ընդգծեց, որ մի շարք խորհրդարանականներ՝ Միացյալ Նահանգներից Միացյալ Թագավորություն եւ Եվրոպական Միություն հանդես են գալիս արցախցիների վերադարձին եւ Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդների հայրենադարձման ուղղությամբ։

Իրավաբանը նաեւ հիշեցրեց՝ 2023 թվականի նոյեմբերին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի Հանրապետությանը՝ Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների հիման վրա, պարտավորեցրեց ապահովել, որպեսզի այն անձինք, որոնք լքել են Լեռնային Ղարաբաղը 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո, եւ որոնք ցանկանում են վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, կարողանան դա անել անվտանգ, անարգել եւ արագ կերպով։

Նրա խոսքով՝ «Լեռնային Ղարաբաղում խաղաղության շվեյցարական նախաձեռնությունը» նոր թափ է հավաքում եւ կարիք կա աջակցել դրան։

Լուիս Մորենո Օկամպոյի խոսքն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 

Համատեքստ

Հիշեցնենք․ 2024 թվականի դեկտեմբերի 17-ին Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային Ժողովի ստորին պալատը՝ Ազգային Խորհուրդը, բանաձեւ էր ընդունել՝ Դաշնային խորհրդին կոչ անելով միջազգային համաժողով կազմակերպել՝ ԼՂ հայերի անվտանգ վերադարձի հարցը քննարկելու համար։ Արդեն 2025 թվականի մարտի 18-ին Դաշնային Ժողովի վերին պալատը՝ Կանտոնների Խորհուրդը, նույնաբովանդակ նախագծով հանդես եկավ։

Նախաձեռնության նպատակներն ի կատար ածելու համար մայիսին իր գործունեությունը մեկնարկեց այդ նպատակով ձեւավորված պատգամավորական միջկուսակցական հանձնախումբը։ Հանձնախմբի անդամները պարբերաբար մասնակցում են արցախցիների վերադարձին նվիրված միջազգային քննարկումների։

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031