Ինչո՞ւ է Փաշինյանը «կպած» ցանկանում բանավիճել առաջին երեք նախագահների հետ: Պատճառները բազմաթիվ են: Նա ցանկանում է ցույց տալ, որ հաղթանակների եւ արժանապատվության վրա հիմնված Երրորդ հանրապետությունն ավելի վատն է, քան իր հիմնած «Չորրորդը», որն առաջանալու է (եթե առաջանա) պարտությունների ու նվաստացումների հետեւանքով եւ գտնվելու է Թուրքիայի անմիջական վերահսկողության տակ: Հետեւաբար, նա շատ ավելի իմաստուն ու հմուտ ղեկավար է, քան առաջին երեքը:
Բայց հիմնական մոտիվացիան այն է, որ շոուներ եւ ծափահարություններ սիրող ցանկացած գործչի համար կարեւոր է դրսեւորվել որպես փայլուն հռետոր եւ անգերազանցելի «պորտը տեղը դնող»: Դրա համար, կարծում եմ, Փաշինյանին մեծ հաճույք է պատճառում խորհրդարանական ընդդիմության հետ հարցուպատասխանը, որի ժամանակ նա հնչեցնում է, թեեւ քննարկվող թեմայի հետ, որպես կանոն, կապ չունեցող, բայց ցցուն, խարազանող, խայթող, ՔՊ-ական եզրաբանությամբ՝ «կզցնող» մտքեր: (Երբ հարցուպատասխան չկա, նույն տիպի մտքերը, մենախոսության ռեժիմով, տեղ են գտնում ֆեյսբուքյան ստատուսներում):
Կարճ ասած, նախկին նախագահների հետ «բանավեճը» Փաշինյանին պետք է, որպեսզի դրա արդյունքում, ինչպես էլ այն ընթանա, որոշակի մտավոր մակարդակի մասսայի (ՔՊ-ական եզրաբանությամբ’ «ժողովրդի») ներկայացուցիչները բացականչեն՝ «վախ, ցավը տանեմ, մեռնեմ դուխին, տեսա՞ր՝ ոնց մեր հզոր վարչապետը ցեխը կոխեց էդ թալանչիներին»:
Լավ, եկեք ենթադրենք, որ իր ճարպիկ լեզվով եւ իր «ֆռիկներով», «կռուտիտներով» Փաշինյանը կարողանում է «ջախջախել» երեք նախագահներին եւ իր էլեկտորատին, իր մակարդակի զանգվածին, իր «ժողովրդին» այդ ամենը չափազանց համոզիչ է թվում: Ենթադրենք անգամ, որ Հայաստանի 3 միլիոն բնակիչ համաձայն է, որ պարտությունն ու նվաստացումը լավ է, իսկ հաղթելն ու արժանապատվություն ունենալը՝ վատ: Ի՞նչ է դրանից փոխվելու:
Կարդացեք նաև
Պատանդնե՞րն են ազատվելու, փախստականնե՞րն են արժանապատիվ կյանքով ապրելու, ճանապարհնե՞րն են ապաշրջափակվելու: Եթե խոսքի, բանավեճի կամ լեզվակռվի մակարդակով Փաշինյանը 10:0 հաղթի իր բոլոր ընդդիմախոսներին, «ժողովուրդն», անշուշտ, իր հերթական «բերկրանքն» է ապրելու: Բայց կյանքը դրանից չի փոխվի:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ամբողջությամբ կիսում եմ ձեր կարծիքը։ Նա բանավեճի անվան տակ ուզում է ղժղժան փարթի կազմակերպել, որտեղ ինքը դիջեյի դերում կլինի։ Թեմաներից դուրս կղժղժա ու սա է միակ նպատակը։ Բոլորն էլ դա հասկանում են ու չեմ կարծում իր կույր հետևորդների քանակը արդեն այնքան է որ սրանից իր համար դիվիդենտներ հասնեն։ Ամեն ինչ բոլորին պարզ է ու չորրորդ հանրապետություն չի լինելու։ Մնալու է երրորդը նոր ղեկավարությամբ։ Իսկ ՊՔ-ն իր բոլոր մեղադրյալներով գնալու է երկար դատական պրոցեսների քանի որ ներկայիս վարչապետի ու իր մերձավոր շրջապատի մոտ քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածների առերևույթ հանցագործություններ կան։