Հիմնական հարցերից մէկը, որ օրակարգում է մնում մինչ օրս, վերաբերում է արցախահայութեան վերադարձի հնարաւորութեանը։ Արդեօ՞ք նրանք կը կարողանան վերադառնալ իրենց տները, ինչ պայմաններում եւ ինչ երաշխիքներով։ Ինչպիսի՞ն է Ադրբեջանի պաշտօնական դիրքորոշումը այս հարցում, եւ ինչպէ՞ս են արձագանգում միջազգային կազմակերպութիւնները։
Միջազգային իրաւունքի շրջանակում «վերադարձի իրաւունքը» հանդիսանում է հիմնարար սկզբունք։ Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագրի 13րդ յօդուածը յստակ ամրագրում է իւրաքանչիւրի իրաւունքը՝ վերադառնալու իր երկիր։ Բացի այդ, ՄԱԿի Փախստականների կարգավիճակի մասին 1951ի համաձայնագիրը եւ մի շարք միջազգային իրաւական փաստաթղթեր պահանջում են, որ պետութիւններն ապահովեն տեղահանուածների անվտանգ եւ կամաւոր վերադարձը։ Արցախի դէպքում այս իրաւունքը յատկապէս կարեւոր է, քանի որ տեղահանումը տեղի է ունեցել որպէս ցեղային զտման հետեւանք։ Միջազգային քրէական դատարանը եւ ՄԱԿի յանձնաժողովները բազմիցս դատապարտել են նման գործողութիւնները, ինչպէս օրինակ՝ արուել է 2023ի ՄԱԿի առաքելութեան զեկոյցով, որով արձանագրուել է, որ գրեթէ ամբողջ հայկական բնակչութիւնը ստիպուած է եղել մազապուրծ փախչել Ադրբեջանի սպառնալիքների ներքոյ:
Արցախի դէպքում հարցը բարդանում է երկու սկզբունքների հակադրման պարագայում։ Մի կողմից, Ադրբեջանը յայտարարում է տարածքային ամբողջականութեան սկզբունքի գերակայութիւնը՝ շեշտելով, որ Արցախն իր անբաժան տարածքն է։ Միւս կողմից, արցախահայերն իրենց պայքարը հիմնաւորել են ինքնորոշման իրաւունքով, որը եւս ամրագրուած է միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքների շարքում։ Այս երկու սկզբունքների բախումը յանգեցրել է միջազգային հարթակներում երկակի մօտեցումների. միջազգային կազմակերպութիւններն արձանագրում են տեղահանման փաստը եւ իրաւունքի խախտումը, սակայն խուսափում են Ադրբեջանի նկատմամբ պարտադրանքից՝ ելնելով տարածաշրջանային լայն քաղաքական հաշուարկներից։ Ադրբեջանի դիրքորոշումն այստեղ յատկապէս քննադատելի է, քանի որ այն հիմնուած է ոչ թէ իրաւունքի, այլ ուժի վրայ՝ անտեսելով հայկական ինքնորոշման պատմական եւ իրաւական հիմքերը։ Օրինակ, 2024ի զեկոյցներում Human Rights Watch-ը նշում է, որ Ադրբեջանը շարունակում է խախտել հայերի իրաւունքները՝ ներառեալ կտտանքներն ու անօրինական կալանքները: Այս ամէնը ապացուցում է Բաքուի հակաժողովրդավարական վարչակազմի բնոյթը, որը տարածքային ամբողջականութիւնն օգտագործում է որպէս ծածկոց ցեղասպան քաղաքականութեան համար։
Ինչ վերաբերւում է Ադրբեջանի ղեկավարութեանը, ապա նա 2020ից ի վեր մշտապէս շեշտում է, որ Արցախը եւ յարակից բոլոր շրջանները վերադարձուել են Բաքուի լիակատար վերահսկողութեան ներքոյ, իսկ իրականում, անժխտելի փաստ է, որ Արցախի Հանրապետութիւնը եւ Հայաստանի Հանրապետութեան պատկանող տարածքի որոշ հատուածներ բռնազաւթուել են թուրք-ադրբեջանական լծակից զոյգի կողմից։
Կարդացեք նաև
Արդէն 2023ի սեպտեմբերեան գործողութիւններից յետոյ ադրբեջանական իշխանութիւնները յայտարարեցին, որ Արցախում իբրեւ թէ «վերականգնուել է սահմանադրական կարգը»։ Այս դիրքորոշման հիմքում ընկած է այն համոզմունքը, որ Ադրբեջանի սահմանադրական եւ իրաւական դաշտում այլեւս որեւէ բացառութիւն կամ ինքնավար կարգավիճակ չի կարող լինել։ Սակայն այս յայտարարութիւնները մեծ կեղծիք են, քանի որ Ադրբեջանը շարունակում է պնդել, որ հայերի տեղահանումը «կամաւոր» է եղել, չնայած միջազգային ապացոյցներին, որոնք հակառակն են փաստում։ Օրինակ, 2025ի Յուլիսին Ադրբեջանը կրկին կրկնել է այս պնդումը՝ անտեսելով 100,000ից աւելի տեղահանուածների վկայութիւնները:
Ադրբեջանական պաշտօնական յայտարարութիւններում շեշտադրւում է «Մեծ վերադարձ» ծրագիրը, սակայն այն վերաբերում է հիմնականում Ադրբեջանի կողմից բռնազաւթուած տարածքներում ադրբեջանցիների վերաբնակեցմանը։ Իսկ հայերի վերադարձը Բաքուի կողմից չի դիտարկւում առանձին քաղաքական օրակարգում։ Թէեւ յայտարարութիւններում նշւում է, որ իւրաքանչիւր քաղաքացի կարող է ապրել Ադրբեջանի սահմաններում հաւասար իրաւունքներով, գործնականում որեւէ քայլ չի ձեռնարկուել հայ բնակչութեան վերադարձի ուղղութեամբ։ Միեւնոյն ժամանակ, պետական քարոզչական խօսոյթում յաճախ շեշտադրւում է, որ Արցախի տարածքը պէտք է համարկուի ադրբեջանական հասարակական եւ մշակութային միջավայրին։ Սա փաստում է, որ Բաքուն հայկական ինքնութեան պահպանմամբ վերադարձի որեւէ տարբերակ չի նախատեսում։
Արցախահայութեան վերադարձը ներկայում պայմանաւորուած է մի շարք բարդ խոչընդոտներով։ Նախ եւ առաջ, բացակայում են անվտանգութեան երաշխիքները. Արցախի տարածքում տեղակայուած են ադրբեջանական զինուած ուժերը, եւ տեղահանուած բնակչութիւնը գիտի, որ վերադառնալու դէպքում իր կեանքը եւ գոյքը պաշտպանուած չեն լինի։ Բացի այդ, Ադրբեջանի քաղաքական օրակարգում հայկական բնակչութեան վերադարձի ուղղութեամբ քայլեր ձեռնարկելու մտադրութիւն չկայ։
Եթէ արցախահայութեան վերադարձի իրաւունքը չիրացուի, ապա տարածաշրջանում կարող է ձեւաւորուել նոր իրավիճակ, որտեղ պատմական հայկական բնակչութիւնը լիովին բացակայում է։ Սա կը նշանակի Հարաւային Կովկասի բազմազանութեան կորստի խորացում եւ երկարաժամկէտ լարուածութեան պահպանում։ Միեւնոյն ժամանակ, Ադրբեջանի կողմից իրականացուող վերաբնակեցման քաղաքականութիւնը, որը ենթադրում է ադրբեջանցիների տեղափոխում բռնազաւթուած հայկական բնակավայրեր, կարող է միջազգային իրաւունքի տեսանկիւնից գնահատուել որպէս բնակչութեան փոխարինում մէկը միւսով։ Նման գործընթացները պատմութեան ընթացքում յաճախ յանգեցրել են նոր հակամարտութիւնների եւ խորացրել անվստահութիւնը։
Խնդիրը մնում է ոչ միայն մարդասիրական, այլեւ քաղաքական ու իրաւական օրակարգի առանցքում։ Այն լուծելու համար անհրաժեշտ է համապարփակ մօտեցում՝ միջազգային միջնորդների գործնական մասնակցութեամբ, իրաւական պարտաւորութիւնների յստակեցմամբ եւ անվտանգութեան նոր համակարգերի ձեւաւորմամբ։ Առանց այդ քայլերի, արցախահայութեան վերադարձը կը մնայ տեսական իրաւունք, բայց ոչ գործնական իրողութիւն։ Արցախի հայերը, ովքեր պահպանում են իրենց ինքնութիւնը եւ պայքարը, արժանի են արդարութեան, եւ միջազգային հանրութիւնը պէտք է վերջ դնի Ադրբեջանի անպատժելիութեանը՝ ապահովելով արցախահայութեան անվտանգ վերադարձը։
Լիանա ՊԵՏՐՈՍԵԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ ՀՅԴ «Դրօշակ» պաշտոնաթերթում