ՀՀ կառավարության հերթական նիստը վարում էր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Ի թիվս այլնի, քննարկվում էր 2024 եւ 2025 թվականներին կարկուտից 40-100 տոկոսով տուժած հողօգտագործողներին մասնակի փոխհատուցում տրամադրելու հարցը: Աջակցության ծրագիրը ընդգրկում է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի եւ Սյունիքի մարզերը։
Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ասաց, որ 2020 թվականից իրականացվում է գյուղատնտեսության ապահովագրության փորձնական ծրագիրը, սակայն, նրա խոսքով, վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ վնասաբերության բարձր մակարդակով պայմանավորված՝ ապահովագրական ընկերությունները խուսափում են կնքել ապահովագրական պայմանագրեր:
Նա նշեց, որ 2025թ-ից կառավարությունն աջակցելով ապահովագրական ընկերություններին՝ սուբսիդավորում է ապահովագրավճարները 70-80 տոկոսով, նաեւ փոխհատուցում է վնասաբերության 200 տոկոս գերազանցող մասը:
«Հիմա թուրքական եւ իսպանական փորձն է ուսումնասիրվում, որը համարվում է եթե ոչ լավագույնը, ապա լավագույններից մեկը՝ գյուղատնտեսության ապահովագրության ոլորտում: Այստեղ մենք եւ լավ եւ վատ լուր ունենք: Լավ լուրն այն է, որ կան կանխատեսելի մեխանիզմներ, մեթոդաբանություն եւ հնարավորություններ՝ դա իրականացնելու համար: Վատն այն է, որ դա ամբողջ ծավալով կկարողանանք 2027 թվականից անել, բայց փորձում ենք 2026 թվականի համար եւս լուծում տալ »,-ասաց Գեւորգ Պապոյանը:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում.
Կառավարության նիստն՝ ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ