Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ համար մեծ խնդիր է՝ ինչո՞ւ ռուս խաղաղապահ ուժերի առկայության պայմաններում էթնիկ զտումներ եղան Արցախում, այս հարցը պետք է ամբողջական պարզել»․ Արման Թաթոյան

Հոկտեմբեր 09,2025 16:59

«Պետք է պաշտպանական համակարգն ուժեղացնել, որովհետեւ անվտանգության սպառնալիքներն այնպիսին են, որ մեզ պետք է ուժեղ պաշտպանական համակարգ եւ համագործակցություն։ Մենք տարբեր գործընկերների հետ լինելու ենք ազնիվ, շահերի համադրման հստակ սկզբունքով եւ հետապնդելու ենք Հայաստանի շահերը»,- «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության պաշտոնական մեկնարկից  հետո հրավիրած ասուլիսում ասաց նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը, նախ սկսենք նրանից, որ ՌԴ հետ հարաբերություններում Հայաստանում կան խնդիրներ։ Պետք է ազատ ու բաց նստենք խոսենք, որպեսզի նոր իրողությունների պայմաններում հասկանանք՝ ինչպե՞ս ենք մեր ռազմատեխնիկական ու արտաքին քաղաքականությունը տանում առաջ։ Ռուսաստանի դեպքում ինձ համար մեծ խնդիրներից են խաղաղապահ ուժերի առկայության պայմաններում էթնիկ զտումներն Արցախում։ Մեր բոլոր հայրենակիցներին հետաքրքրում է՝ ինչո՞ւ այդպես եղավ։ Մեր հայրենակիցները վերադարձել էին Արցախ, նրանց մի մասը մնում էին այնտեղ՝ ունենալով երաշխավորներ, որոնք ռուս խաղաղապահ ուժերն էին։ Բայց ունեցանք ամբողջական հայաթափում։ Դա ինձ համար խնդրահարույց հարց է, որը պետք է ամբողջական պարզել»,- նշեց նա։

Թաթոյանն ասաց, որ իր համար խնդրահարույց է նաեւ այն հարցը, որ 2022 թվականի սեպտեմբերին Ջերմուկի եւ Սյունիքի նկատմամբ հարձակումների ժամանակ դարձյալ ՌԴ-ից չեղավ աջակցություն։ «Բացատրությունները, թե ՀՀ սահմանը դելիմիտացված չէ, ինձ համար ընդունելի չեն։ Սրանք հարցեր են, որոնք մենք պետք է պարզենք, որովհետեւ ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, որ անընդհատ բախվելու ենք նման հարցերի, մենք պետք է հասկանանք, թե ինչու այդպես եղավ այն պայմաններում, երբ ունեինք ստորագրված փաստաթղթեր»,- հավելեց Թաթոյանը։

Նա ասաց, որ Արցախի դեմ 44-օրյա պատերազմի ժամանակ ՌԴ կողմից աջակցություն չստանալը եւս մեծ խնդիր է։ Թաթոյանը նշեց, որ պատերազմի ժամանակ ՀՀ իշխանությունները նույնպես կոպիտ, անգամ հանցավոր սխալներ են թույլ տվել։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031