Մեր երկիրը, հիրավի, բաց թանգարան է երկնքի տակ, և ցանկացած վայրում կհանդիպեն դարերի ու հազարամյակների պատմությամբ հուշարձաններ։ Ինչ խոսք, մեծ հետաքրքրություն են ներկայացնում նաև հազարամյա պատմությամբ բնակատեղիները, որոնք էլ վկաներն են՝ Հայոց աշխարհը մարդկության կարևոր բնօրրաններից է։
ՀՀ Արարատի մարզի Մասիսի շրջանի Հայանիստ գյուղի հարավային մասում` ծովի մակերևույթից մոտ 840 մ բարձրության վրա, գտնվում է «Ոսկե բլուր» հնավայրը՝ Կուրարաքսյան (Շենգավիթյան) մշակույթին պատկանող վաղբրոնզեդարյան` լավ պահպանված բնակատեղերից մեկը (մ.թ.ա. 3500/3350–2600/2500 թթ.)։
Այս մշակույթին պատկանող հուշարձաններ շատ կան մեր երկրում, որոնցից առավել հայտնի է Շենգավիթը՝ Երևանում՝ Հրազդան գետի ձախ ափին, և որի հետ կապված՝ մշակույթը կոչվում է նաև Շենգավիթյան։ Համեմատաբար լավ են պահպանվել նաև Մոխրաբլուրը (Էջմիածնի մոտ), Ջրահովիտը, Հառիճը, Ագարակը և այլն։
Կարդացեք նաև
Երևանից շուրջ 22 կմ հարավ-արևմուտք ընկած «Ոսկե բլուր» հնավայրը արհեստական բլուր-բնակատեղ է՝ շուրջ 2,6 հա մակերեսով։ Մոտ 5500-5000 տարի առաջ այստեղ մարդն է ապրել ու արարել՝ հիմնականում հում աղյուսից կառուցված բնակարաններում։
Առաջին հնագիտական պեղումներն այստեղ կատարվել են 1975–1976 թթ․ հնագետ, պ․ գ․ դ․ Էմմա Խանզադյանի(1922-2007) ղեկավարությամբ։ Սակայն հնավայրն իր մեջ բազում գաղտնիքներ է թաքցնում, և կար այն ուսումնասիրելու խնդիր։ 2020-ից «Ոսկե բլուր»-ում գործում է հայ-ֆրանսիական հնագիտական արշավախումբը` ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Ֆրանսիայի Արտաքին գործոց նախարարության և Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRS) Archéorient լաբորատորիայի (UMR 5133) համագործակցության շրջանակում։
Նույն թվականից հայ-ֆրանսիական համատեղ արշավախումբը հնավայրում պարբերական պեղումներ և ուսումնասիրություններ է կատարում:
2025թ․ պեղումները մեկնարկել են սեպտեմբերին և ավարտվեցին հոկտեմբերի 8-ին։ Այդ օրը հնագետներին այցելեցին ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյը և աշխատակիցներ։
Նախօրեին աշխատանքներին ծանոթանալու նպատակով՝ եղա հնավայրում։ Պեղումները ղեկավարում են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) Վաղ հնագիտության բաժնի վարիչ, պ.գ.դ Ռուբեն Բադալյանը (հայկական կողմից) և Լիոնի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի ներկայացուցիչ, պ.գ.դ Բերանժեր Պերելլոն (ֆրանսիական կողմից)։ Արշավախմբի կազմում ընդգրկված են նաև ՀԱԻ Վաղ հնագիտության բաժնի գիտաշխատողներ՝ պ. գ. թ. Արմինե Հարությունյանը, Լևոն Աղիկյանը, ՀԱԻ Ճարտարապետական մոդելավորման խմբի գիտաշխատող Լիլիթ Տեր-Մինասյանը, Լիոնի Հնագիտական ծառայության աշխատակից, հնակենդանաբան Օրելիեն Քրեզյոն և Հայաստանի պատմության թանգարանի գլխավոր ֆոնդապահ Սոնա Հովսեփյանը։
Այցի պահին գիտաշխատողները չափագրումներ էին կատարում, գտնված հնագիտական նյութերն էին ուսումնասիրում, իսկ երկար ժամանակ խմբի հետ աշխատող բանվորներն իրենց գործին էին։ Հողի շերտի տակից բացվել էր աղյուսե պատի մի հատված․ մաքրում էին։ 5000 տարի հողն իր մեջ գրեթե անաղարտ է պահել կավից պատրաստված հում աղյուսե պատը։
Եթե Շենգավիթ հնավայրում բնակարանների հիմքերը քարից են, և այս պատճառով առավել լավ են պահպանվել, այստեղ հիմնականում կավե աղյուսներից են։ Քարե հիմքերը քիչ են․ հավանաբար տարածքում քարի պակասի պատճառով։
Այլ հատվածներում ևս՝ մինչև 1 մ․ բարձրությամբ պատեր դեռ պահպանվել են։ Այս տարի աշխատանքները շարունակվել են հուշարձանի 4-րդ և 5-րդ պեղամասերում, ինչպես նաև բացվել է նոր՝ 6-րդ հատվածը։
Պեղումների ընթացքում, բացի նշված պատերից, բացվել են հորեր, հայտնաբերվել են Կուր-արաքսյան շրջանին բնորոշ խեցեղենի բեկորներ, քարե գործիքներ և այլն: Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում գրեթե 5000-ամյա լավ պահպանված կավե օջախը։
Վաղբրոնզեդարյան օջախի հարևանությամբ բացվել է թրծած աղյուսով շարված միջնադարյան թոնիր: Սա խոսում է այն մասին, որ հուշարձանի կառույցներն օգտագործվել են նաև միջնադարում, և դրանք կառուցողների վարպետության մասին։
Արշավախմբի համաղեկավար Ռ․ Բադալյանը նշեց՝ «Ոսկե բլուր» հնավայրը Մասիսի տարածքում առայժմ միակ հուշարձանն է, որ պատկանում է Կուր-արաքսյան մշակույթին և շատ կարևոր նշանակություն ունի Արարատյան դաշտի վաղբրոնզեդարյան մշակույթի ուսումնասիրության համար։
Հավելեց նաև՝ այստեղ պեղումները դեռ շարունակվելու են հետագայում ևս։ Կարևորվեց նաև հուշարձանի հետագա պահպանությունը։ Այս հարցում իր հիմնական դերն ունի ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Զոհրաբ Ըռքոյան