Դեռ փոքր տարիքից Էդուարդ Մակարյանը հաճախ էր ծնողների հետ այցելում համերգներ։ Այդ կախարդական մթնոլորտն իր խոր տպավորությունն էր թողնում երեխայի վրա, սակայն ճակատագրական պահը եղավ այն օրը, երբ առաջին անգամ լսեց սաքսոֆոնի հնչյունները։ «Այդ պահին որոշեցի, որ ընտրելու եմ հենց սաքսոֆոնը»,-հիշում է Էդուարդը։
Այդ օրվանից երաժշտությունն ու այս յուրահատուկ գործիքը դարձան նրա կյանքի անբաժան ուղեկիցը։
Այսօր իննամյա Էդուարդ Մակարյանը սովորում է Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցում՝ սաքսոֆոնի բաժնում (դասատու՝ Նարինե Ղուկասյան), և արդեն հասցրել է հանդես գալ որպես մենակատար՝ նվագախմբի հետ։
Դիլիջանում կայացած համերգը դարձավ նրա կարիերայի կարևոր հանգրվաններից մեկը։ «Իհարկե լարվածություն կար, բայց հենց բարձրացա բեմ, լարվածությունն անցավ։ Հրաշալի էր հանդես գալ Վանաձորի կամերային նվագախմբի հետ՝ Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ և դաշնակահար Անահիտ Դիլբարյանի նվագակցությամբ»,- պատմում է Էդուարդը։
Կարդացեք նաև
Շուտով նա կրկին ելույթ կունենա նվագախմբի հետ՝ այս անգամ Վանաձորում։
Բացի երաժշտական հաջողություններից, Էդուարդը հայտնի է նաև իր բացառիկ հիշողությամբ ու աշխարհագրական գիտելիքներով։
Ութ տարեկանից աշխարհի դրոշներն ու քարտեզները դարձել են նրա ամենօրյա հետաքրքրության կենտրոնը։ «Ամեն ինչ սկսվեց, երբ ծննդյանս օրը նվեր ստացա դրոշապոլիս սեղանի խաղը։ Հետո հայրիկիս առաջարկով սկսեցի արագ թվարկել դրոշները։ Սկզբում 10-ից, հետո՝ ավելի շատ։ Հիմա արդեն դա դարձել է իմ ամենասիրելի զբաղմունքը»,-ասում է նա։
Էդուարդը Դյուցազնագրքում գրանցված է հինգ ռեկորդով։ Ամենաթանկը, ինչպես ինքն է նշում, սեփական ռեկորդը գերազանցելու պահն էր։
Նրա՝ աշխարհագրության հանդեպ սերը վերածվել է նաև ստեղծագործական աշխատանքի․ շուտով կհրապարակվի Էդուարդի հեղինակային սեղանի խաղը, որի հիմքում աշխարհագրությունն ու դրոշներն են։ «Խաղի ամենակարևոր մասը իմ հայրենիքն է՝ Հայաստանը։ Այն ունի երկու տարբերակ, և ամեն անգամ խաղալիս զգացողությունները նոր են։ Վստահ եմ, որ խաղը կօգնի հարստացնել աշխարհագրական գիտելիքները»,-ասում է Էդուարդը։
Հասցնելով դասերը, փորձերը, շախմատն ու երաժշտական ելույթները՝ Էդուարդը օրեցօր կառուցում է իր յուրահատուկ աշխարհը։
Վ․ Արզումանյան