Լրահոս
Հերոսի ծննդյան օրն է
Օրվա լրահոսը

«Զանգեզուրի միջա՞նցք», թե՞ Թրամփի ուղի. Արամ Սարգսյան

Հոկտեմբեր 10,2025 14:02

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Քանի որ հիվանդ եմ, հավանաբար, տարածված վիրուսն է ինձ գտել, ասելիքս կգրեմ հին ու դասական հոդվածի ժանրում…

«Զանգեզուրի միջա՞նցք», թե՞ Թրամփի ուղի

Նախ ասեմ, որ «միջանցք» և «Զանգեզուր» բառերը օգտագործում էին միայն Ալիևը և Էրդողանը, օրերս էլ նրանց միացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Մոտեցումների և ձևակերպումների նմանությունը պատահակա՞ն է, թե՞ դիտավորյալ, հետևություն չեմ անի: Բայց՝ փաստ է, որ նույնական է։ Երկրորդ նախագահի շրջապատը քանի կար պնդում էր, որ Իլհամ Ալիևը և Էրդողանը ամեն կերպ աջակցում են Փաշինյանին, որպեսզի նորից ընտրվի։ Այսօր էլ պնդում են, որ ինչքան էլ Փաշինյանը խնդրի, աղաչի, ոտքները ընկնի, միևնույն է՝ պատժել են, պատժելու են ու ճանապարհը անվանելու են «Զանգեզուրի միջանցք» … Կարծում եմ՝ բոլորիս համար էլ օգտակար կլինի, որ ի վերջո կողմնորոշվեն՝ օգնում են և ուզում են, որ նորի՞ց ընտրվի, թե՞ հակադարձում են ու պատժում, որ չընտրվի, որպեսզի վերջապես ռուսների և իրենց երազած նոյեմբերի 9-ի 9-րդ կետին վերադառնան։ Իմիջիայլոց, հարցս հեչ էլ հռետորական չէ…

Ալիևի և Էրդողանի մասով ճիշտ եք, իրենք իրենց ստորագրածը և Թրամփի առաջ գովերգածը մոռանալով, ճանապարհը անվանում են «Զանգեզուրի միջանցք», ինչը իհարկե վատ է, շատ վատ, բայց դուք ի՞նչ եք առաջարկում, թուղթ ու գրիչով, լազերային ցուցափայտով ու քարտեզով… Թրամփին զանգել ու բողոքել, թե պատերազմ հայտարարենք դրանց, որ այլևս թուրքական պետությունների ժողովներին մեծ-մեծ չխոսե՞ն…

Ես, օրինակ, առաջարկում եմ, որ գործող իշխանությունը օգոստոսի 8-ի փաստաթղթով նախատեսված, կոնսորցիումային կառավարմամբ հայ-ամերիկյան համատեղ ընկերություն հիմնելու պայմանավորվածությունը օր առաջ իրականություն դարձնի, ընդամենը… Որովհետև Շարմ էլ Շեյխի լողափում նկարվելու նպատակով կանգնեցրած, հոգնած ուղտն էլ համոզված է, որ Թրամփի անունը կրող, հայ-ամերիկյան ընկերության վրա այս տարածաշրջանում հարձակվելու ներուժ որևէ մեկը չունի։

Ակնհայտ է, որ ԱՄՆ-Հայաստան համատեղ գործընկերությունը Սյունիքում բավականին լուրջ անվտանգության երաշխիք ունի և ի զորու է գոնե այդ հատվածում, խաղաղություն ապահովել ու միանշանակ շատ ավելի լուրջ, քան ռուս զինվորն էր Արցախում: Սա է, որ համառորեն չի ուզում տեսնել պարոն Քոչարյանը և այդ պատճառով էլ ասում է, որ մեզ համատեղ ձեռնարկություն պետք չէ, մենք մեր փողով` մերը կկառուցենք, որ մերը օտարին չտանք, որպեսզի հետո էլ բացատրի, որ ճանապարհին երաշխավոր է պետք և դա կարող է լինել միայն Ռուսաստանը ու հիմնավորի, որ ճիշտ տալու տեղը Ռուսաստանն է, ինչպես, նախկինում հիմնավորել է Իրանից եկող գազամուղի տալը, Հայկական երկաթուղիների տալը, «Գույք պարտքի դիմացը», ու՝ ընդհանրապես։

Իսկ ասուլիսի գրիչը, քարտեզը, լազերային ցուցափայտը զուտ տպավորության համար էին, բացարձակապես վիրավորելու և հեգնելու նպատակ չունեմ, վերջիվերջո ճանապարհ անցած երկրորդ նախագահ է և գուցե իր ասելիքը ավելի հիմնավոր դարձնելու համար էր: Ուղղակի համոզված եմ, որ մերը՝ զուտ հայկականը, ունենալու կողմնակիցը, մեր ողջ ունեցածը ուրիշին չէր տա, սեփական ոչ լեգիտիմ իշխանությունը երկարաձգելու նպատակով։

Հ.Գ. Բարևներս Կոպիրկինին և կիրակնօրյա հանդիպումներ գերադասող Կիրիենկոյին…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031