Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնապետերի ոճը «զրոյացումն» է

Հոկտեմբեր 11,2025 10:00

Քաղաքագետ Արսեն Գասպարյանը վերջերս հիշեցրեց, որ Աֆրիկայում եւ Լատինական Ամերիկայում բռնապետերը հռչակում էին նոր հանրապետություն, որպեսզի հիմնավորեն իրենց հեղափոխությունը, հեղաշրջումը եւ ապահովեն երկարատեւ կառավարում:

Ավելացնեմ, որ նման պրակտիկա գոյություն ունի նաեւ հետխորհրդային տարածքում, եւ այն կոչվում է «զրոյացում»: Օրինակ, 2020 թվականին Ռուսաստանի Սահմանադրական դատարանը հաստատեց Պուտինի իրավունքը 5-րդ անգամ (3-րդ անգամ՝ անընդմեջ) ընտրվել ՌԴ նախագահի պաշտոնում, ինչը եւ տեղի ունեցավ 2024 թվականին  եւ, կասկած չկա, որ եթե որեւէ ֆիզիկական խոչընդոտներ չլինեն, կրկնվելու է նաեւ 2030-ին:

Պուտինն, այդպիսով, իր գահին է նստած փաստացի 25 տարի: Նրանից հետ չեն մնում ԱՊՀ մյուս ղեկավարները՝ Լուկաշենկոն (31  տարի), Ռահմոնը (33 տարի), Ալիեւը (22 տարի): Առավել «թարմ է» Տոկաեւը (6,5 տարի): Ի դեպ, օգոստոսի 8-ի Օվալաձեւ դահլիճում «պատմական» հանդիպման ժամանակ Թրամփը հարցրեց Ալիեւին՝ քանի՞ տարի է վերջինս ղեկավարում երկիրը: Եվ, ստանալով պատասխանը, ԱՄՆ նախագահը մեկնաբանեց. «Դա նշանակում է, որ նա կարծր է եւ խելացի (tough and smart)»: Այդ պնդումը, կարծում եմ, հակասում է ԱՄՆ քաղաքական ավանդույթներին, որովհետեւ աթոռին անվերջ սոսնձված մնալը, համենայնդեպս, մեծ խելքի նշան չէ:

Կարծում եմ, ԱՊՀ վերոհիշյալ ղեկավարները հենց այն հարազատ միջավայրն են, որում Փաշինյանն իրեն առավել հարմարավետ է զգում: Թե՛ քաղաքական ռեժիմների առումով եւ թե՛ հավերժ ղեկավարելու ձգտումներով: Ինչպես վերջին հանդիպման ժամանակ նշել է Լուկաշենկոն՝ «Նիկոլ Վովաեւիչն առանց մեզ չի կարող» («Никол Воваевич без нас никуда»): Եվ դա միայն առաջին հայացքից է կատակ թվում:

Բայց հակառակն էլ է ճիշտ: Ի հեճուկս «արեւմտամետների» դավադրապաշտության՝ Փաշինյանն էլ Պուտինի համար է միանգամայն ձեռնտու դեմք: Բոլոր արտաքին խաղացողների համար է ձեռնտու: Այնպես որ՝ այդ առումով պետք չէ պատրանքներ ունենալ:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031