Առաջիկա խորհրդարանական արտահերթ կամ հերթական ընտրությունների ժամանակ իշխանական ուժի հիմնական խաղաթուղթը լինելու է «խաղաղությունը»։ Քաղաքագետ Թևան Պողոսյանը շեշտադրում է՝ խաղաղության մասին թուղթն այլ բան է, խաղաղությունն՝ այլ բան։ Իսկ այդ թղթով կկարողանա՞ն համոզել հանրությանը, որ իրենց ևս մեկ շանս տա։ Եվ այս ամբողջ գործընթացում ի՞նչ պետք է անի ընդդիմադիր թևը հաջողության հասնելու և երկրի ղեկը ստանձնելու համար։
«Առաջինը՝ պետք է խոսեն փաստերի հիման վրա, որոնք պետք է արժեքային դաշտում գնահատվեն։ Հիշենք՝ 2021 թվականի հունիսի և 2018 թվականի դեկտեմբերյան ընտրություններից առաջ ի՞նչ էին ասում։ Դրանից հետո են, չէ՞, ասել՝ Արցախը Հայաստան է և վերջ։ Երբ նայում ես նախընտրական փաստաթղթերին, այնպես էր, որ Արցախն ատամներով պահելու ենք։ 2018 թվականից հետո եղավ պատերազմ, պատերազմից և պարտությունից հետո պետք է լիներ Շուշիի և Հադրութի դեօկուպացիան։ Յուրաքանչյուրը պետք է ինքն իրեն հարց տա՝ որքա՞ն է թույլ տալու, որ մի բան խոստանան, այլ բան անեն։ Կարելի՞ է հերթական անգամ վստահել փաստաթղթային առաջարկին։ Ահա, այս ամենը պետք է ներկայացվի հանրությանը, և իրական պատկերների վրա օրինակներ բերվեն։ Բայց դա ընդամենը նախաբանն է։
Դրանից հետո պետք է նաև ներկայացվեն հաջորդ գործողությունները՝ ինչպես ենք վերականգնելու ազգային միասնությունը, ինչպես ենք այս բաժանարարությունը փորձելու դեպի միասնություն տանել, ինչպես ենք փորձելու ամեն ազգայինը վերականգնել։ Նախընտրական գործընթացների ժամանակ պետք է ներկայացնել ինչպես նախկինում ձևավորված իրավիճակը, այդպես էլ ապագա քայլերը, թե ուր ենք գնալու. թվերով և այլ փաստերով, որպեսզի մարդիկ սկսեն վստահել։ Մարդիկ էլ պետք է հասկանան՝ այսօրվա դրությամբ տեղեկատվական կյանքն այնպիսին է դարձել, որ հազարավոր ֆեյք լուրեր, առանց փաստերի հայտարարություններ են լինելու։ Այս իրավիճակում պետք է սեփական փորձի հանդեպ ազնիվ լինել։ Ինքներս մեզ պիտի հարց տանք՝ այս ընթացքում ինչեր տեսանք և ինչ ենք զգացել, արդյոք հիմա վստահո՞ւմ ենք այս մարդկանց, թե՞ ոչ։ Ոչ թե «Perfect TV»-ների և նմանների հետևից գնալ, դրանց ազդեցության ներքո ընկնել, այլ սեփական մաշկի վրա գնահատել և փորձել հասկանալ, թե ինչ է տեղի ունենում։
Շատ մանիպուլյացիաներ, որոնք նախկինում միգուցե աշխատել են, այսօր պետք է չաշխատեն, որովհետև մարդը պետք է սովորի սեփական փորձի, սխալների և բացթողումների վրա, եթե ցանկանում է։ Բայց եթե չի ցանկանում, չգիտեմ՝ լուծումը որն է»,«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։
Կարդացեք նաև
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում