Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել էր, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշմամբ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ ձեւակերպելու քվոտան 2025 թ. համար սահմանվել է 8000 հատ տրանսպորտային միջոցի մասով, որը ՀՀ կառավարության որոշմամբ բաշխվել է հետեւյալ կերպ. 3000 տրանսպորտային միջոցներ մաքսատուրքի արտոնությամբ կարող են ձեւակերպվել ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի շրջանակներում՝ ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից, եւ 5000-ը` ներմուծում իրականացնող այլ սուբյեկտների (այդ թվում՝ ֆիզիկական անձանց) կողմից:
Արդեն իսկ դժգոհություններ կան, որ դաշտում խտրականություն կա, եւ տնտեսվարողներն անհավասար պայմաններում են գործում, քանի որ տարվա սկզբին պաշտոնական ներկայացուցիչները գուցե մեծ քանակությամբ ավտոմեքենաներ են ներմուծել ֆիզիկական անձանց անուններով՝ փետրվար ամսին փաստացի սպառելով քաղաքացիների եւ կազմակերպությունների համար նախատեսված 5000 քվոտան:
Արդյունքում, բազմաթիվ ներմուծողներ, որոնք մեքենաները գնել էին՝ հաշվարկելով արտոնյալ մաքսազերծումը, հայտնվել են փաստի առաջ ու ստիպված են եղել մեքենաները մաքսազերծել առանց որեւէ արտոնության։ Ավելին, ըստ «արտոնազուրկների» պնդման՝ տարեսկզբից չի եղել հստակ տարանջատում, թե որ իրավաբանական անձիք են պատկանում 3000 խմբաքանակից օգտվողների շարքին, եւ դա հստակեցվել էր միայն 5000-ի խմբաքանակը սպառելուց հետո. մարդիկ տարակուսանք են հայտնում, որ այս իշխանությունների կողմից այդքան հորջորջված ու քննադատած «հին բարքերը» շարունակվում են հենց նախարար Գեւորգ Պապոյանի գիտությամբ եւ թողտվությամբ, եւ ՔՊ-ի հռչակած «ոչ մի ձուկ եւ ոչ մի մուկ չի պլստալու» սպառնալիքը ոչ բոլորի վրա է տարածվում:
Հաշվի առնելով դաշտում եղած դժգոհությունները եւ կոռուպցիոն ռիսկերի մասին տնտեսվարողների կասկածները՝ Аravot.am-ը ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի անունով գրավոր հարցում էր ուղարկել նախարարություն: Մասնավորապես նշել էինք, որ տարվա ավարտին մնացել է 3 ամիս, սակայն, պաշտոնական ներկայացուցիչները դեռեւս ունեն չսպառած շուրջ 2000 քվոտայի մնացորդ, ինչը հնարավոր է չհասցնեն սպառել մինչեւ տարեվերջ: Քանի որ մնացած քվոտաները ըստ ներկրման ծավալների բաշխելու նպատակով՝ խոշոր ներկրողները դիմել էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն, սկզբում եղել էին այդ թեմայով քննարկումներ, սակայն այնուհետեւ հարցը կտրուկ փակվել էր, Էկոնոմիկայի նախարարությունից հետաքրքրվել էինք՝ ո՞րն էր նախարարության դիրքորոշման կտրուկ փոփոխության պատճառը, եւ արդյոք նախարարն անձնական շահագրգռություն ունի, որ չսպառված քվոտաները չվերաբաշխվեն բոլորի միջեւ:
Կարդացեք նաև
Аravot.am-ին ԿԳՄՍ նախարարությունից գրավոր պատասխանել են, որ էլեկտրային շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային արտոնության չափաքանակների հարցը գտնվում է էկոնոմիկայի նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում, եւ փոփոխությունների անհրաժեշտության պարագայում կիրազեկեն պաշտոնական խողովակներով:
Ինչ վերաբերվում է խնդրի չլուծվելու հետ կապված՝ նախարար Գեւորգ Պապոյանի անձնական շահագրգռության վերաբերյալ մեր հարցին, այս մասին էլ գերատեսչությունից հետեւյալ կերպ են արձագանքել. «Նախարարի միակ շահը պետական շահն է, հետեւաբար նրա յուրաքանչյուր քայլ ուղղված է պետական առաջնահերթությունների իրագործմանը՝ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում»:
Նշենք, որ Հայաստանում այս գործունեությամբ զբաղվում է շուրջ 50 ընկերություն, բայց 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությունը բաժին է հասել միայն 7 պաշտոնական ներկայացուցիչների, ինչը նրանց համար մրցակցային եւ խոշոր ֆինանսական առավելություն է ապահովում՝ ի տարբերություն մյուսների: Էլեկտրական շարժիչով մեքենա ներմուծողների դժգոհության առանցքը նաեւ այն է, որ ըստ էության, անգամ ֆիզիկական անձանցից են քվոտաները վերցրել ու տրվել արտոնյալներին, ինչը կոռուպցիոն ռիսկերի մասին կասկածների տեղիք է տալիս, քանի որ, այնուամենայնիվ, անհասկանալի է թվում՝ չսպառված քվոտաները բոլորի վրա չտարածելը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ