Իրավունքի եւ ազատության կենտրոնի նախաձեռնած «Հյուսիս-Հարավ երկաթուղի․ Աշխարհաքաղաքական խաղաղության երաշխիք» թեմայով քննարկման ժամանակ ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն իր ելույթը սկսեց հումորային պատմությամբ: Հիշեց, որ մի առիթով ԱՄՆ-ում ՀՀ առաջին դեսպան Ռուբեն Շուգարյանը մասնակցում էր նախկին ԽՍՀՄ հանրապետությունների դեսպանների հավաքին, որտեղ բարձրաստիճան մի վրացի պաշտոնյա ասում էր, որ բոլորի բախտը բերել է՝ Ադրբեջանը նավթ ունի, Հայաստանը՝ Սփյուռք, իսկ Վրաստանը ոչինչ՝ միայն ինտելեկտ: «Իրականում այդ պաշտոնյան սխալվում էր, որովհետեւ Վրաստանն ունի այն, ինչ չունեն Հայաստանն ու Ադրբեջանը, որը ծովն է, ունի նավահանգիստներ եւ հնարավորություն՝ էապես նվազեցնելու տրանսպորտային ծախսերը»,-ասաց Լեւոն Զուրաբյանը:
Նա ընդգծեց, որ Հայաստանի լրջագույն խնդիրն այն է, որ չունի ելք դեպի ծով, ինչը լրացուցիչ բեռ է, որը թույլ չի տալիս նման երկրներին տնտեսապես զարգանալ:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Սա իբր քիչ է, Հայաստանը նաեւ գտնվում է շրջափակման մեջ, որը պայմանավորված է արտաքին քաղաքական, աշխարհաքաղաքական խնդիրներով: Մասնավորապես 1992թ ամենամեծ փլուզումն ունեցանք այն ժամանակ, երբ փակվեց Աբխազիայի երկաթուղին, որը մեզ կապում էր Ռուսաստանի հետ, եւ հիմա մեր միակ երկաթուղային ելքը դեպի ծով Վրաստանի միջոցով է, որը մեզ բավականին խոցելի է դարձնում նաեւ տնտեսական առումով, որովհետեւ Վրաստանն այս պահին մոնոլոպլիստ է դեպի նավահանգիստ ճանապարհներ տրամադրելու հարցում եւ կարողանում է մեզ իր պայմանները թելադրել:
Հասկանալի է, որ այս ֆոնին շատ կարեւոր նշանակություն է ստանում այն ծրագիրը, որի մասին թմբկահարեց մեր կառավարությունը, որը TRIPP ծրագիրն է՝ Թրամփի ուղին: Բոլորդ տեղյակ եք այդ ծրագրից, իհարկե, դետալներ կան, որոնց մասին չեն հայտնում, թաքցնում են, դեմագոգիայով են զբաղվում, մենք գիտենք, որ Թրամփն ասել է, որ Հայաստանն 99 տարով տալիս է միջանցքը ԱՄՆ-ին, որը կապահովի Ադրբեջանի կապը Նախիջեւանի հետ»,-նշեց Լեւոն Զուրաբյանը:
Ապա քայլ առ քայլ հիմնավորեց, որ այդ ծրագիրը չի լուծում Հայաստանի ապաշրջափակման խնդիրները: Նա ընդգծում է. «Հայաստանը երկաթուղով փոխկապակցված չէ, Երեւանը Մեղրիի հետ երկաթուղային կապ չունի, Սյունիքի հետ ընդհանրապես: Եթե այս հարցը չի լուծվում, դա նշանակում է TRIPP-ի իրականացման արդյունքում Սյունիքն ավելի շատ կկապվի Ադրբեջանի հետ, ինչը ապագայում կարող է դառնալ շատ լուրջ պրոբլեմ;
Երկրորդ խնդիրն այն է, որ մեր բոլոր երկաթուղային ճանապարհները, ելքերը դեպի աշխարհ, բացի Սեւծովյանից, լինելու են կամ Թուրքիայի կամ Ադրբեջանի միջոցով: Ինչը նշանակում է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանի վրա ունենալու են քաղաքական եւ տնտեսական ճնշման բացառիկ լծակներ: Մենք հասկանում ենք, թե դա ինչ է նշանակում, երբ գործ ենք ունենալու համակարգային արմենոֆոբիայի գաղափարախոսության վրա կառուցված մի երկրի հետ, որի անունն է Ադրբեջանի Հանրապետություն»:
Լեւոն Զուրաբյանը հավելում է. «Եթե այս նախագիծն իրականացվի, Պարսից ծոցին երկաթուղային հասանելիություն ունենալու համար պետք է անցնենք երկու երկրներով՝ Թուրքիա, Ադրբեջան, ապա Իրան, նոր միայն հասնենք Պարսից ծոց: Այսինքն, ըստ Համաշխարհային բանկի հաշվարկների, մեր տրանսպորտային ծախսերը 60-100 տոկոսով աճելու են: Այսինքն այս խնդիրներն էլ չենք լուծում:
Եվ վերջապես TRIPP ծրագրի գլխավոր պրոբլեմն այն է, որ TRIPP-ը աշխարհաքաղաքական ռումբ է դնում իբր այս խաղաղության տակ: Այս լուծումը լուծում է զուտ Արեւմուտքի համար, բայց սա լուծում չէ ԲՐԻԿՍ-ի համար»:
Քննարկումն՝ ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ