Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ պետական պարտքը 2 տոկոսով կնվազի․ ԿԲ պարտքի բաժինը հանվում է պետական պարտքի ցուցանիշից

Հոկտեմբեր 13,2025 10:56

ՀՀ պետական պարտք-ՀՆԱ ցուցանիշը մոտ երկու տոկոսով իջնելու է՝ ԿԲ-ի պարտքի հաշվին։ Այսինքն, պետական պարտքի ցուցանիշից դուրս է գալիս Կենտրոնական բանկի պարտքը։ Սա տեղի է ունենալու «Պետական պարտքի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություն կատարելու մասին նախագծի արդյունքում, որն այսօր քննարկվեց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մասին խորհրդարանական հանձնաժողովում։

Հարցը ներկայացնում էր ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը (լուսանկարում)։

Նա հայտարարեց՝ կառավարության գործողությունների տեսանկյունից դա ոչինչ չի փոխում, պարզապես միջազգային գործընկերներին ավելի հստակ ենք ներկայանում։

2025-ի մարտի 31-ի դրությամբ, հիշեցնենք, ՀՀ պետական պարտքը կազմում է 5 տրիլիոն 318 միլիարդ դրամ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը տարակուսեց․ «Չեմ հասկանում ինչո՞ւ է ԿԲ-ն առանձնացվում․ դա առանձնացնում ենք, փոխարենը համայնքային պարտքը մտցնում ենք պետական պարտքի մեջ, նաեւ պետական ձեռնարկությունների կողմից վերցված պարտքն ենք մտցնում պետական պարտքի մեջ։ Սա ինձ կոնսոլիդացված բյուջեն է հիշեցնում, 20 տարի առաջ հասկացանք, որ դա այդքան էլ ճիշտ չէ եւ հանեցինք»։

Փոխնախարարը հստակեցրեց՝ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ պայմանավորվածությունների շրջանակում է դա արվում, դա ընդամենը հստակեցնում է ԿԲ անկախությունը պետությունից։ Ըստ նրա, իրականում ԿԲ-ն պետությունից անկախ է, իր գնահատմամբ՝ չափից էլ ավելի, բայց տարբեր բանակցությունների ժամանակ ԿԲ պարտքի հաշվարկումը պետական պարտքի հաշվեկշռում, միջազգային գործընկերների մոտ հարցեր է առաջացնում։

Արթուր Խաչատրյանն ասաց նաեւ դեռ երկու շաբաթ առաջ իրեն պետք է տրամադրեին եվրոպարտատոմսերի եկամտաբերության փոփոխությունը եւ չեն տրամադրվել։ Ինքը կասկածում է․ «Դրանք այնքան փոքր գործարքներ են եղել, որ իրավունք չեն տալիս հայտարարելու, որ օգոստոսի 8-ի համաձայնություններով պայմանավորված պետական ռիսկի պրեմիան ընկել է եւ դա ուղղակի ազդեցություն է ունեցել եկամտաբերության վրա»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031