Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիկին նախարար, Ձեր ուշադրությունից մի քանի րոպե հատկացրեք ինձ, էլի»․ անհետ կորածների մասին խոսելիս Արթուր Խաչատրյանը՝ իրեն չլսող Սրբուհի Գալյանին

Մարտ 03,2026 16:38 Share

«Տիկին նախարար, եթե դժվար չէ, Ձեր ուշադրությունից մի քանի րոպե հատկացրեք ինձ, էլի»,- ԱԺ նիստի ընթացքում ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, երբ խոսում էր անհայտ կորած անձանց մասին և նկատեց, որ Սրբուհի Գալյանն իրեն չի լսում։

Այնուհետև մանրամասնեց․ «Խոսքը վերաբերում է Ադրբեջանի կողմից ԱՀ դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով և պատերազմական պայմաններում Իվանյանում գտնվող վառելիքաքսուկային պահեստի զոհերի հարցին։ Կան անհետ զոհեր, ում մասունքները դեռ չեն հայտնաբերվել, և կան մարդիկ, որոնց մասունքները նույնականացվում են։ 230 հոգի զոհերը փաստորեն պետության ուշադրությունից դուրս են մնացել։ Կա վերաքննիչ դատարանի որոշում, որը հստակ նշում է՝ զոհերը պատերազմական պայմանների հետևանք են։ Այդ մարդիկ ոչ փոխհատուցում են ստացել, ոչ որոշակի կարգավիճակ ունեն, ոչ էլ որևէ արտոնությունից են օգտվում։ ԱՀ կառավարությունը մեկ միլիոնի չափով փոխհատուցել է նրանց, բայց 200-ից ավելի ընտանիքներ զուրկ են պետական որևէ հոգածությունից»։

Սրբուհի Գալյանն արձագանքեց․ «Որ ասում եք Արցախի կառավարությունը կամ իշխանությունը մեկ միլիոն փոխանցել է, պետք է հասկանան՝ ում որոշմամբ է դա տեղի ունեցել։ ՀՀ կառավարությունը ցանկացել է, որ այդ փոխհատուցումը տեղի ունենա։ Մենք շատ երկար այս նախագիծը քննարկել ենք, ձեր գործընկերները նախագծին կողմ են քվեարկել, լավ կլիներ՝ այս հարցերը նախագծի քննարկման ժամանակ բարձրացնեիք, ոչ թե երկրորդ ընթերցման ժամանակ, երբ օրենքի նախագիծն ընդունվում է։ Անհայտ կորած անձ հասկացությունը պարունակում է նաև խաղաղ պայմաններում զոհված անձանց կամ այն անձանց, որոնք զոհվել, անհայտ կորել են պատերազմական գործողություններին հաջորդող վեց ամսվա ընթացքում կամ պատերազմական գործողությունների ժամանակ՝ չմասնակցելով դրան։ Այն սուբյեկտները, որոնց մասին խոսում եք, օրենքի նախագծի տրամաբանությամբ ներկայացված են՝ որպես անհայտ կորած անձ»։

Նախարարը նշեց՝ անհայտ կորած 195 անձ ունենք՝ ըստ պաշտոնական տվյալների, որոնցից 170-ի փորձաքննություններն իրականցվել են հատուկ փորձագիտական գիտելիքներով օժտված անձանց կողմից և հատուկ միջոցներով․ «Ինչ վերաբերում է նրան, որ պետությունը աջակցություն չի ցուցաբերում, այդ պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Անհայտ կորածների ընտանիքներն ամեն ամիս կառավարությունից ստանում են պետական աջակցություն»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էլ կասկած հայտնեց, որ պայթյունի հետևանքով անհայտ կորածներն այն թվում են ներառված, որը նշեց Սրբուհի Գալյանը․ «Պայթյունի հետևանքով անհայտ կորածները վստա՞հ եք, որ ցուցակում են, մենք վստահ չենք»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031