2025թ․ հոկտեմբերի 6-17-ը Վարշավայում ընթանում է ԵԱՀԿ մարդու իրավունքների խորհրդաժողով, որի նպատակն է քննարկել ԵԱՀԿ տարածաշրջանում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ընդհանուր վիճակն ու մարդու իրավունքների ոլորտում պետությունների հանձնառությունների կատարման պատկերը։
Հաշվի առնելով ավելի քան տասնօրյա խորհրդաժողովում օրակարգային այնպիսի հարցերի առկայությունը, որոնք ուղղակիորեն վերաբերում են Հայ դատի առաջնահերթություններին և գործունեության ուղղություններին՝ Հայ դատի համակարգը նույնպես մասնակցել է խորհրդաժողովի աշխատանքներին՝ ի դեմս Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Արևմտյան ափի գրասենյակի համայնքային կապերի պատասխանատու Կարեն Ճինպաշեանի և Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Արամ Գևորգյանի։ Վերջինս իր ելույթում ընդգծել է օրենքի գերակայության և դատական իշխանության անկախության հիմնարար ժողովրդավարական արժեքների հանդեպ հարգանքի վերահաստատման անհրաժեշտությունը ԵԱՀԿ տարածքում, միաժամանակ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ Ադրբեջանը՝ լինելով ԵԱՀԿ անդամ պետություն, խախտում է օրենքի գերակայության և դատական անկախության սկզբունքները։ Նշվել է, որ Ադրբեջանի դատական համակարգը ծառայում է գործադիր իշխանությանը և օգտագործվում է ինչպես հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների անօրինական կալանքներն «օրինականացնելու», այնպես էլ երկրի ներսում ընդդիմախոսներին, լրագրողներին և իրավապաշտպաններին լռեցնելու համար։ Գևորգյանը բարձրաձայնել է Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս հայ պատանդների անօրինական դատավարությունների մասին, որոնց մասնակցելու իրավունք չի տրվում նույնիսկ նրանց փաստաբաններին։ Նաև նշվել է, որ ըստ միջազգային զեկույցների, Ադրբեջանում կարող է պահվել մինչև 80 հայ պատանդ, իսկ ընդհանուր քաղաքական բանտարկյալների թիվը հասնում է շուրջ 400-ի։
Գևորգյանն ընդգծել է, որ այս իրավիճակը վկայում է Ադրբեջանի դատական համակարգի լիակատար կախվածության և մարդու իրավունքների համակարգային խախտումների մասին, իսկ հայ պատանդների ճակատագիրը ԵԱՀԿ-ի համար արժանահավատության փորձաքար է, որը ենթադրում է գործնական քայլերով Ադրբեջանին ենթարկել պատասխանատվության։
Խորհրդաժողովի տարբեր լիագումար քննարկումների ընթացքում ելույթներ է ունեցել և հայկական շահերի պաշտպանության տեսանկյունից կարևոր շեշտադրումներ արել նաև Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Արևմտյան ափի գրասենյակի համայնքային կապերի պատասխանատու Կարեն Ճինպաշեանը։ Վերջինս ներկայացրել է Արցախի հայության նկատմամբ իրականացված բռնի տեղահանությունն ու մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտումները՝ ընդգծելով ժողովրդավարական հաստատությունների, ազատությունների և օրենքի գերակայության համակարգային քայքայումը Ադրբեջանի կողմից։
Կարդացեք նաև
Խոսելով ավելի քան 120000 հայերի տեղահանության և գերիների կեղծ դատավարությունների մասին՝ Ճինպաշեանը նկատել է, որ խաղաղությունը, որը կառուցվում է լռեցման ու մոռացության վրա, խաղաղություն չէ, այլ հարկադրանք։ Ժողովրդավարությունը պահանջում է կանգնել լռեցվածների կողքին, այլ ոչ թե հարմարվել լռեցնողներին։
Նա նաև նշել է, որ Ադրբեջանի կողմից իրականացվում է համակարգված տեղեկատվական և մշակութային ջնջման քաղաքականություն՝ ուղղված հայ ժողովրդի ձայնը, ժառանգությունն ու հիշողությունը վերացնելուն։ Սա խոսքի ազատության դեմ հարձակում է և միևնույն ժամանակ տեղեկատվական պատերազմ՝ նպատակ ունենալով փոխարինել փաստերը քարոզչությամբ։
Խոսելով օրենքի գերակայության մասին՝ նա ընդգծել է, որ արդարադատությունը չի կարող զուգորդվել անպատժելիությանը և ընտրովի մոտեցմանը։ Ադրբեջանի իշխանությունները, լինելով Հելսինկյան եզրափակիչ ակտի և Ժնևյան կոնվենցիաների ստորագրող, բացահայտ խախտում են միջազգային իրավունքը՝ պահելով քաղաքացիական պատանդներ, խոշտանգելով կալանավորներին և քրեականացնելով էթնիկ ինքնությունը։
Անդրադառնալով 23 հայ ռազմագերիների ու քաղաքական բանտարկյալների իրավիճակին՝ Ճինպաշեանը նշել է, որ նրանց կալանքը ծառայում է քաղաքական նպատակների՝ վերացնելու Արցախի ժողովրդի օրինական ներկայացուցիչներին։ Դատավարությունները անցկացվում են փակ պայմաններում, առանց անկախ փաստաբանների և միջազգային վերահսկողության, իսկ դատական համակարգը գործում է գործադիր իշխանության անմիջական վերահսկողության ներքո, և որ դա օրենքի գերակայություն չէ, այլ դրա բացահայտ չարաշահում։ Ճշմարտության, արդարության և պատասխանատվության բացակայությամբ խաղաղություն չի կարող հաստատվել։ Խաղաղությունը կարող է լինել միայն այն դեպքում, երբ վերականգնվեն մարդու իրավունքները, ազատ խոսքը և արդար դատավարության սկզբունքները։
Հայաստանից խորհրդաժողովին մասնակցել են «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն»-ի ղեկավար Սիրանուշ Սահակյանը, միջազգային իրավապաշտպան Րաֆֆի Քալֆայանը, «Իրազեկ քաղաքացի», «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» և «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։
Խորհրդաժողովի ընթացքում նկատվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված կեղծ հասարակական կազմակերպությունների համակարգված փորձեր՝ նսեմացնելու Արցախում իրականացված էթնիկ զտման էությունն ու հայաթափման փաստը։ Օգտվելով առիթից` ադրբեջանցի պատվիրակները խորհրդաժողովի ընթացքում փորձել են վարկաբեկել նաև Հայ դատի հանձնախմբերին ու գրասենյակներին, ինչպես նաև այն աշխատանքը, որ տարվում է վերջիններիս կողմից։
ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ