Լրահոս
Օրվա լրահոսը

«Սկսելով փոքր քայլերից՝ այսօր մեր փորձը կիսում ենք միջազգային տարբեր հարթակներում». Ժաննա Անդրեասյան

Հոկտեմբեր 13,2025 23:40

ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից համատեղ իրականացվող «Արհեստական բանականության սերունդ» դպրոցական կրթական ծրագիրը կընդլայնվի նախատեսվածից ավելի վաղ՝ ընդգրկելով բոլոր մարզերը։

Այսօր տեղի է ունեցել ծրագրի ընդլայնմանը նվիրված պաշտոնական միջոցառումը, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, FAST-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Անդրե Անդոնյանը, FAST-ի համահիմնադիր, գիտնական և գործարար Նուբար Աֆեյանը, գործընկեր կառույցների ներկայացուցիչներ, ծրագրի շահառու դպրոցականներ, ուսուցիչներ:

Միջոցառման շրջանակում ամփոփվել են 2023 թ.-ից ՀՀ ավագ դպրոցներում փորձարկվող ծրագրի 2-րդ տարվա արդյունքները, ինչպես նաև ընդլայնման ուղղությունները: 2025/2026 ուստարում ծրագրում արդեն ընդգրկվել է ՀՀ բոլոր մարզերի 19 քաղաքի 26 դպրոցի շուրջ 1000 սովորող, այն դեպքում, երբ 2024/2025 ուստարում ծրագրում ընդգրկված էր 15 դպրոցի ավելի քան 600 աշակերտ: Ակնկալվում է, որ 2026-2027 ուստարում «ԱԲ սերունդ» ծրագրում կընդգրկվի մինչև 45 դպրոց:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ծրագրի ընդլայնման կապակցությամբ՝ ընդգծելով, որ այն հասանելի է ՀՀ բոլոր մարզերի ավելի մեծ թվով աշակերտների համար. «Արդեն հազարից ավելի սովորողներ ծրագրի շահառու են․ սա մեծ ձեռքբերում է, որը հնարավոր է դարձել ԿԳՄՍ նախարարության և FAST հիմնադրամի նվիրված աշխատանքի շնորհիվ։ Շատ կարևոր է, որ նախագծային մակարդակում ծնված գաղափարներն իրականություն դառնան դպրոցներում»։

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նաև  ուսուցիչներին համագործակցության և արդյունավետ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ առանց նրանց ջանքերի՝ ծրագրի հաջողությունն անհնար կլիներ։ Որպես ծրագրի կարևոր հաջողություն՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է միջազգային հարթակներում Հայաստանի փորձառությամբ կիսվելու հնարավորությունը. «Սկսելով փոքր քայլերից՝ այսօր մեր փորձը կիսում ենք միջազգային տարբեր հարթակներում։ Սա վկայում է ԿԳՄՍՆ-ի և FAST-ի համագործակցության օրինակելի մոդելի մասին։ Պետությունը պետք է կարողանա լսել համարձակ ու նորարար գաղափարները և դրանք դարձնել համակարգային փոփոխությունների մաս։ Այսօր մենք դա անում ենք համատեղ ուժերով»։

Միջոցառման շրջանակում նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է նաև «Արհեստական բանականության կրթությունը և նորարարության ուղիները՝ առաջընթացի հեռանկարներ» խորագրով պանելային քննարկմանը։ Ելույթներով հանդես են եկել ծրագրի շահառու դպրոցականները: Անդրադարձ է եղել նաև Չինաստանի մայրաքաղաք Պեկինում օգոստոսի 2-9-ն անցկացված Արհեստական բանականության 2-րդ միջազգային օլիմպիադայում (IOAI) հայ դպրոցականների գրանցած հաջողություններին:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նաև ծանոթացել են «ԱԲ սերունդ» ծրագրի աշակերտների նախագծային աշխատանքներին, զրուցել դպրոցականների հետ:

 

ԿԳՄՍ նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031