Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ 7 տարի հետո ի՞նչն է «թոկ» լինելու

Հոկտեմբեր 14,2025 10:00

Եթե Արցախի հարցը «թոկ» էր (պարան էր) մեր վզից կախած, ինչպես կարծում է եւ հիմա արդեն բարձրաձայնում է Փաշինյանը, որով Ռուսաստանը մեզ կապում էր իր հետ եւ զրկում էր ինքնիշխանությունից, ապա դրա մասին պետք էր ասել 7 տարի առաջ: Այն ժամանակ, երբ ամեն քայլափոխի կրպակներում վաճառվում էին «դուխով» գլխարկներ եւ «ԱԱԾ» գրությամբ շապիկներ, հենց այդ պահին էլ պետք էր հայտարարել. «Ժողովուրդ ջան, մենք մի թոկ ունենք մեր վզին, դա Արցախն է. որքան շուտ մենք ազատվենք այդ թոկից, այնքան շուտ է գալու մեր երջանկության պահը»: Ոչ թե երգել «մեր հպարտության», «մեր արժանապատվության» մասին:

Եթե «թոկի» մասին ասվեր 2018-19 թվականներին, եւ դա ընդունելի լիներ «ժողովրդի» համար, մենք հանգիստ կփակեինք մեր պատմության վերջին էջը, եւ արդեն այդ ժամանակ Հայաստանը կդառնար կիսաանկախ պետություն՝ Թուրքիայի «պրոտեկտորատի» տակ: Նրանք, ում համար նման կարգավիճակը OK կլիներ՝ քյաբաբի եւ խաշլամայի առկայության դեպքում, կմնար «Չորրորդ հանրապետությունում», մնացածները («ոչ ժողովուրդը»), ովքեր չէին ուզենա ապրել փաստացի Ադրբեջանի կազմում, կգնային:

Բայց այն ժամանակ դա, կարծես թե, անընդունելի էր: Մեխանիզմը շատ պարզ է եւ լուսաբանվում է հայտնի «գորտի փորձով»: Երբ գորտին գցում ես եռացող ջրի մեջ, նա դուրս է թռչում, բայց երբ գցում ես սառը ջրի մեջ, որի ջերմաստիճանը դանդաղ բարձրացնում ես, գորտն իր համար «հանգիստ» եփվում է:

Հիմա մենք կանգնած ենք նույն հեռանկարի առաջ, բայց Փաշինյանի այն ժամանակվա «զգուշավորության», «խաղաքարտերը չբացելու» մարտավարության գինը 4000 երիտասարդների կյանքն էր:

Իրականում, իհարկե, ընդհուպ մինչեւ 2019 թվականը մենք հնարավորություն ունեինք Արցախը պահել հայկական, եւ դա ոչ մի «թոկ» էլ չէր: Դա, առաջին հերթին, մեր՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխիքն էր:

Իսկ Փաշինյանի այս ուշացած «պայծառացումներն», իմ կարծիքով, վտանգավոր են. եթե այսպես շարունակվի, նա 7 տարի հետո կարող է «հայտնաբերել», որ Մեղրին կամ ամբողջ Սյունիքը նույնպես «թոկ» են:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031