«Իմ խնդիրը ԵՄ-ի մասին դրական պատմություններ գրելը չէ․ ես չեմ փորձում իդեալականացնել ԵՄ-ը։ Պարզապես հավասարակշռված ձևով եմ գրում և փոխանցում տեղեկություն, որը ցույց է տալիս, թե իրականում ինչ է անում ԵՄ-ը, ինչու է անում և ինչպես է դա անդրադառնում բոլորիս վրա»,- ասում է Czech News Office-ի Բրյուսելում գործող չեխ լրագրող Թերեզա Շուպովան։
– Ի՞նչ նախաձեռնություններ ունի Ձեր կազմակերպությունը՝ Եվրոպական միության մասին վստահելի և փաստերի վրա հիմնված տեղեկություններ պատրաստելու համար։ Ի՞նչ չափանիշներ կամ մեթոդներ եք կիրառում՝ համոզվելու, որ ԵՄ-ի մասին Ձեր նյութերը վստահելի են։
-ԵՄ-ի մասին վստահելի և փաստական տեղեկություններ գրելը պահանջում է հետևողականություն, աղբյուրների ստուգում և հաճախ բարդ թեմաները պարզ ու հասկանալի ձևով բացատրելու կարողություն։ Անհրաժեշտ է նաև լավ հասկանալ ԵՄ կառուցվածքներն ու ինստիտուտները։
Նախ, ես օգտվում եմ վստահելի և պաշտոնական աղբյուրներից՝ ինստիտուտների կայքերից կամ նրանց «X» հարթակի պաշտոնական էջերից։ Ես կապ ունեմ ԵՄ ինստիտուտների խոսնակների և ԵՄ-ում անդամ պետությունների ներկայացուցչությունների հետ, որտեղ հաստատում եմ տեղեկությունները։
Կարդացեք նաև
Երկրորդ՝ ստուգում եմ տեղեկատվությունը մի քանի աղբյուրներից, չեմ օգտվում չստուգված տեղեկություններից՝ բլոգերից կամ սոցիալական ցանցերից, խուսափում եմ ենթադրություններից։ Փորձում եմ ճշգրիտ մեջբերել։ Չեմ պարզեցնում չափից շատ, որովհետև դա հաճախ բերում է խեղաթյուրման։
Երրորդ՝ ես աշխատում եմ լրատվական գործակալությունում, ուստի իմ աշխատանքը անկախ է, արագ, ճշգրիտ և անաչառ։ Չեմ գրում մեկնաբանություններ, միայն փաստեր եմ հաղորդում։
– Ձեր կարծիքով, որոնք են այն հիմնական գործոնները, որոնք ձևավորում են հասարակության վստահությունը ԵՄ-ի նկատմամբ, և ինչ քայլեր եք ձեռնարկում այդ վստահությունը խորացնելու համար։ Արդյոք իրականացնում եք հատուկ ծրագրեր կամ ծավալում համագործակցություն՝ ԵՄ-ի նկատմամբ վստահությունը խորացնելու նպատակով։
-Կարևորագույնը, իմ կարծիքով, հստակ հաղորդակցությունն է՝ պարզ լեզվով բացատրել, թե ինչ է անում ԵՄ-ը։ Պետք է շեշտել ԵՄ-ի իրական և շոշափելի օգուտները առօրյա կյանքում՝ չօգտագործելով բարդ և պաշտոնական լեզվական ձևակերպումներ։ Կարևոր է, որ սովորական քաղաքացին հասկանա, թե ինչ ես գրում։ Սա հաճախ բարդ խնդիր է, քանի որ պետք է պարզեցնել, բայց այնպես, որ չխեղաթյուրես ասելիքը։
Մեր գործակալությունը, կարծում եմ, որոշ չափով համագործակցում է Պրահայում գտնվող Եվրոպական խորհրդարանի գրասենյակի հետ․ միասին կազմակերպում ենք սեմինարներ, հատկապես երիտասարդ լրագրողների և լրագրության ուսանողների համար, որտեղ խոսում ենք ԵՄ աշխատանքի մասին։ Շատ մանրամասներ չգիտեմ՝ միայն այն, որ ամեն տարի այդ սեմինարներից մեկի շրջանակում պատմում եմ նաև Բրյուսելից իմ փորձի մասին։
– Ինչպե՞ս եք ստեղծում և տարածում ԵՄ-ի մասին դրական պատմություններ։ Որո՞նք են այն հարթակներն ու մեդիա գործիքները, որոնցով առավել արդյունավետ եք հասնում լսարանին։ Կարո՞ղ եք օրինակներ բերել այն նախագծերից, որոնք նպաստել են ԵՄ-ի մասին ավելի դրական ընկալմանը։
-Իմ խնդիրը ԵՄ-ի մասին դրական պատմություններ գրելը չէ․ ես չեմ փորձում իդեալականացնել ԵՄ-ը։ Պարզապես հավասարակշռված ձևով եմ գրում և փոխանցում տեղեկություն, որը ցույց է տալիս, թե իրականում ինչ է անում ԵՄ-ը, ինչու է անում և ինչպես է դա անդրադառնում բոլորիս վրա։ Փորձում եմ խոսել պարզ լեզվով, բերել իրական օրինակներ (օրինակ՝ թե ԵՄ միջոցները ինչ նպատակով են հատկացվում)։
Կարևոր է նաև ընթերցողներին ցույց տալ, որ ԵՄ-ը ինչ-որ «դրսի կառույց» չէ, այլ հենց «մենք» ենք․ մենք՝ որպես անդամ պետություններ և մեր ներկայացուցիչներ, ազդում ենք ԵՄ բոլոր որոշումների վրա։
– Արդյոք Ձեր կազմակերպությունն ունի՞ ռազմավարություն՝ ԵՄ-ի վստահելի և դրական կերպարը հետևողականորեն ներկայացնելու համար։ Ի՞նչ նորարարական մոտեցումներ կամ մեդիա ձևաչափեր եք կիրառում՝ երիտասարդ կամ սոցիալական ցանցերում ակտիվ լսարանին ներգրավելու համար։
-Կասկածում եմ, թե մենք նման հատուկ ռազմավարություն ունենք։ Մենք միշտ հետևում ենք նույն սկզբունքներին՝ անկախ այն բանից, թե ինչ թեմայով ենք գրում։ Դա նշանակում է՝ ստուգված տեղեկատվություն, փաստական ու օբյեկտիվ մոտեցում, աղբյուրների հստակ նշում։ Ներկայացնում ենք բոլոր շահագրգիռ կողմերի դիրքորոշումները, բայց միևնույն ժամանակ կանխում ենք, որ այդ սկզբունքը չօգտագործվի ծայրահեղական խմբերի կողմից։
Անանուն աղբյուրներ օգտագործում ենք միայն այն դեպքում, եթե տեղեկությունը հնարավոր չէ բաց կերպով ստանալ, և այն էական է հրապարակման համար։ Անանուն աղբյուրը չպետք է լինի կարծիքի, մեղադրանքի կամ ենթադրության աղբյուր։ Մենք անկախ ենք, անաչառ, չենք արտահայտում անձնական կարծիքներ և չենք ներգրավվում որևէ քաղաքական ուժի գործունեության մեջ։
Կազմակերպում ենք տարբեր դասընթացներ երիտասարդ լսարանի համար և ակտիվորեն օգտագործում սոցիալական ցանցերը։
– Շատ է խոսվել ապատեղեկատվության և դրա հերքման մասին։ Ինչպե՞ս եք տեսնում ապատեղեկատվությանը հակազդելու և ԵՄ-ի դրական ու վստահելի կերպարը կանխարգելիչ ձևով կառուցելու հավասարակշռությունը։ Արդյոք նաև կանխարգելիչ աշխատանք եք տանում՝ տարածելով վստահելի և դրական տեղեկություն՝ մինչ ապատեղեկատվությունը սկսի շրջանառվել։
-Ապատեղեկատվությունը պարզապես սխալ տեղեկություն չէ․ դա դիտավորյալ խեղաթյուրումների կամ կեղծ տեղեկատվության տարածումն է՝ հաճախ՝ ԵՄ-ի հանդեպ վստահությունը խաթարելու կամ հասարակությունը բաժանելու նպատակով։
Ահա մի քանի օրինակներ, որոնք Չեխիայում տարածվել են որպես ապատեղեկատվություն․
«ԵՄ-ն արգելել է ծռված վարունգները»,
«ԵՄ-ն որոշում է, թե ինչ կարող ենք ուտել, խմել կամ ասել»,
«Չեխիան միլիարդներ է ուղարկում Բրյուսել և ոչինչ չի ստանում դրա դիմաց»,
«ԵՄ-ն ստիպում է պետություններին ընդունել միգրանտներ»։
Ինչպե՞ս պայքարել․ արագ և ճշգրիտ հերքել միֆերը, գրել հստակ և փաստական, չօգտագործել չստուգված աղբյուրներ։ Չսպասել ասեկոսեների տարածմանը, այլ նախապես բացատրել ԵՄ-ի հիմնական որոշումները և գործընթացները։ Ցույց տալ, թե ինչ է անում ԵՄ-ը և ինչու՝ պարզ լեզվով։
Շատ կարևոր է բարձրացնել մարդկանց մեդիա և տեղեկատվական գրագիտությունը՝ սովորեցնել քննադատաբար կարդալ լուրերը, ստուգել աղբյուրները, ճանաչել մանիպուլացիաները և չհավատալ ամենին, ինչ տեսնում կամ կարդում են։
Լրագրողները կարող են անել իրենց մասը՝ հավասարակշռված գրել, տրամադրել համատեքստ, բացատրել և ներկայացնել փորձագետների ու վերլուծաբանների տեսակետները։
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ