«Հաստատված խաղաղության պայմաններում, Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի շրջանակներում էական մի քանի հարցերի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների պայմաններում այդուհանդերձ մնում են որոշ հարցեր, որոնք դեռեւս հավելյալ ջանքերի կարիք են զգում, լուծված չեն։ Եվ դրանցից առաջինը Բաքվում պահվող պատանդառված անձանց, գերիների ազատ արձակման հարցն է։ Մենք ամենօրյա մեր աշխատանքն ենք իրականացնում այս ուղղությամբ՝ ոչ միշտ տեսանելի, ոչ միշտ արդյունավետ, հակառակ դեպքում հարցը վաղուց լուծված եւ դուրս եկած կլիներ օրակարգից։ Բայց մենք իրականացնում ենք այդ աշխատանքը»,- այսօր ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա հավելեց․ «Ինչպես եւ միշտ, այս պահին ես եւս ուզում եմ հույս հայտնել, որ առաջիկայում մենք այս առումով լավ նորություններ կունենանք։ Համենայնդեպս մենք չենք դադարեցնում մեր ջանքերը, եւ բառացիորեն երեկ Շարմ էլ Շեյխում տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովի շրջանակներում կրկին մեր ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել ենք այս հարցը։ Այնպես որ, հուսանք, որ մեր ջանքերը դրական արդյունքով կպսակվեն առաջիկայում»։
Միրզոյանն ասաց, որ երրորդ երկրների մասնակցությունը պատանդառված անձանց վերաբերյալ տեղեկությունների փոխանցման համատեքստում կարեւոր է՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Կարմիր խաչի» միջազգային կազմակերպությունը դադարեցրեց իր գործունեությունն Ադրբեջանում։ «Եվ այժմ այդ հարցը եւս շատ արդիական է, այդ բացը որեւէ կերպ պետք է փորձենք լրացնել։ Իսկ առհասարակ այս թեմայի համատեքստում ուզում եմ ասել, որ մեր աշխատանքները չեն բացառում եւ հարցը մշտապես առկա է երրորդ երկրների հետ մեր շփումների ընթացքում, բայց առաջնային խողովակը Հայաստան-Ադրբեջան ուղիղ շփումներն են»,- նշեց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ