«Խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման համար Ադրբեջանի կողմից առաջ քաշվող նախապայմանները Մինսկի կառույցներն էին եւ ՀՀ Սահմանադրությունը։ Հիմա Մինսկի խմբին վերաբերող խնդիրն, ըստ էության, լուծված է՝ քաղաքական որոշումը կա, վերջնական որոշումները կլինեն մինչեւ դեկտեմբեր։ Ինչ վերաբերում է Սահմանադրությանը, ապա ես հարկ եմ համարում նշել, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա այդպիսի հարց՝ որպես փոխհամաձայնեցված օրակարգի հարց, գոյություն չունի մեր քննարկումներում»,- այսօր ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Վերջերս Արարատ Միրզոյանն ասել էր, թե «խաղաղության պայմանագրի» վերջնական ստորագրման համար Բաքուն որոշակի նախապայմաններ է առաջ քաշում։ Հարցին, թե ի՞նչ նախապայմաններ են առաջ քաշվում, Միրզոյանը պատասխանեց, որ այսօր եզակի նախապայման է ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը։ Նրա խոսքով՝ ՀՀ Սահմանադրության փոփոխության կամ նոր Սահմանադրություն ընդունելու հարցը բացառապես ՀՀ ներքաղաքական օրակարգի եւ մեր ժողովրդի որոշելիք հարցն է։
«Ես զարմանում եմ, որ այսքան հավաստիացումներից հետո հարցերը շարունակում են մնալ կամ հնչել։ Բայց եթե հարցնում եք, նորից ասեմ, որ ՀՀ-ն երբեւէ որեւէ երրորդ կողմի առջեւ չի ստանձնել եւ չի էլ ստանձնելու պարտավորություն՝ փոխելու ՀՀ Սահմանադրությունը։ Այո, Ադրբեջանը շարունակում է որպես պայման դնել, եզակի նախապայման ասեմ, որպեսզի հստակ լինի, նորից քննարկման տեղիք չտա, կա այդ նախապայմանը պայմանագրի ստորագրման համար, բայց մենք այս նախապայմանը չենք ընդունում»,- հավելեց նա։
Անդրադառնալով ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ Վաշինգթոնում ձեռք բերված պայմանավորվածությանը՝ Արարատ Միրզոյանն ասաց․ «Պայմանավորվածությունը հետեւյալն է՝ Հայաստանն ու Ադրբեջանն ապաշրջափակում են միմյանց միջեւ տրանսպորտային հաղորդակցության ենթակառուցվածքները։ Երկաթուղու այն հատվածը, որն անցնելու է Հայաստանի հարավով, կոչվելու է Թրիփ։ Կա սկզբունքների շրջանակ, որոնց ներքո տեղի է ունենալու այդ ապաշրջափակումը։ Այդ սկզբունքները քաջ հայտնի են՝ տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը, ինքնիշխանությունը, երկրների իրավազորությունն այդ ենթակառուցվածքների նկատմամբ եւ, իհարկե, փոխադարձությունը։ Մի հատ էլ ընդգծեմ՝ սա ամբողջ ապաշրջափակմանը, այդ թվում՝ այդ հատվածին է վերաբերում, որովհետեւ տեսնում եմ, որ շահարկումներն այս մասով դեռ շարունակվում են մեդիա տիրույթում։
Կարդացեք նաև
Հայաստանյան երկաթուղու հատվածի՝ Թրիփ ուղու վերաբերյալ պայմանները եւ տեխնիկական լուծումները պետք է հստակեցվեն Հայաստանի եւ ԱՄՆ կողմից։ Մենք եւ ԱՄՆ-ն օգոստոսի 8-ից հետո արդեն ջանքեր ենք գործադրել այս ուղղությամբ։ Երբ մենք կունենանք վերջնական ամբողջական պատկերացում, նաեւ կհանրայնացնենք այդ պայմանները, կլինի հայ-ամերիկյան համատեղ ընկերություն, որը կստանձնի այդ պատասխանատվությունը։ Այս պահին համաձայնեցված է այն, ինչը հրապարակված է եւ կարող եք կարդալ վաշինգթոնյան հռչակագրում»,- ասաց Արարատ Միրզոյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ