«Ազատություն». Ի՞նչ էր ուզում ասել վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ նախագահին, որ այդպես էլ չհաջողվեց: Արտերկրի լրատվամիջոցները արձանագրել են պահը, թե ինչպես է Փաշինյանը մոտենում բեմում ելույթ ունեցող ԱՄՆ նախագահին, փորձում նրա ուշադրությունը հրավիրել, կանչելով՝ «պարոն նախագահ»:
Թրամփը, որ այդ պահին շնորհակալություն էր հայտնում Գազայի հարցով Խաղաղության գագաթնաժողովի մասնակից երկրների ղեկավարներին, խոսքն ընդհատելով Փաշինյանին ասում է, որ մոտ գա, ապա շարունակում է ելույթը:
Սպասելով, որ Թրամփն ավարտի խոսքը, Նիկոլ Փաշինյանը նախ ներկայանում է ԱՄՆ նախագահին, ապա շնորհակալություն հայտնում նրան, թերևս վաշինգտոնյան խաղաղության գործընթացի համար:
«Ես Հայաստանի վարչապետն եմ, շնորհակալություն, Աստված օրհնի Ձեզ, և հիմա Դուք …», – ասում էր վարչապետ Փաշինյանը։
Կարդացեք նաև
Երբ շնորհակալական խոսքերից հետո Փաշինյանը փորձում է շարունակել խոսքը, Դոնալդ Թրամփն արդեն շարունակում է շփումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի և Ինդոնեզիայի նախագահ Պրաբոո Սուբիանտոի հետ՝ կիսատ թողնելով Փաշինյանի հետ զրույցը:
ԱՄՆ նախագահը, որ առիթը երբեք բաց չի թողնում հիշեցնելու, թե ինչպես իրեն հաջողվեց լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև հակամարտությունը՝ հաճախ շփոթելով երկրների անունները, երեկ Գազայի հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման ժամանակ՝ նկատելով Ադրբեջանի նախագահին, կրկին հպարտացավ, թե ինչպես իրեն հաջողվեց 1 ժամում լուծել ավելի քան 30 տարվա կռիվը:
«Այստեղ է այն մարդը, ում համար ես լուծեցի պատերազմը, Ադրբեջան։ Որտե՞ղ է քո հայրենակիցը, իրար հետ հաշտ եք, չէ՞…. նրանք կռվել են 32 տարի և մոտավորապես 1 ժամում մենք կարգավորեցինք այն, այդպես է, չէ՞։ Եվ հիմա նրանք իրար հետ լավ են», – ասաց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ինչպես Թրամփը բնութագրեց՝ միմյանց հետ լավ հարաբերություններ ունեցող Փաշինյանն ու Ալիևը երեկ Շարմ Էլ Շեյխում կարճատև շփում են ունեցել, սակայն հայտնի չէ, թե զրույցի ընթացքում ինչ հարցեր են քննարկվել: Արդյո՞ք Փաշինյանը բարձրացրել է Բաքվի բանտերում պահվող 23 հայ գերիների ազատ արձակման հարցը: Պաշտոնական հաղորդագրության մեջ մանրամասներ չկան:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
«Առավոտ». «Compatible» բառը, որը Թրամփը օգտագործել է Փաշինյանի վերաբերյալ, անգլերենի Օքսֆորդի և Քեմբրիջի բառարանները թարգմանում են որպես «հայրենակից»։ Այս բառի այլ իմաստներից է «գործընկերը», սակայն այդպես գործածվում է միայն ակադեմիական՝ համալսարանական կամ թատերական շրջանակներում: