2025թ․ սեպտեմբերի 11-ին, ՀՀ վարչական դատարանը բավարարել է քաղաքացի Է․ Ա․-ի հայցը՝ պարտադիր զինվորական ծառայությանը պիտանիության վերաբերյալ ՀՀ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշումը ճանաչել անվավեր, արձանագրելով, որ զորակոչը կատարվել է առողջական իրավունքի խախտմամբ և ոչ օբյեկտիվ բժշկական գնահատմամբ։
Դատարանը արձանագրել է, որ ՀՀ Պաշտպանության Նախարարության կողմից չի ապահովվել վարչարարության՝ գործի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, և զորակոչի որոշումն ընդունվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ:
2021թ․ Է. Ա.-ի մոտ ախտորոշվել է երկկողմանի բարձր աստիճանի հեռատեսություն և բարդ հիպերմետրոպիկ աստիգմատիզմ: Կենտրոնական բժշկական հանձնաժողովի (ԿԲՀ) նախնական եզրակացությամբ և Զինվորական Կոմիսարի քաղաքացուն շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու մասին որոշմամբ, նա ճանաչվել է ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայության համար, իսկ հետագա գնահատմամբ՝ 3 տարի անց (2024թ)` սահմանափակումով պիտանի:
Այս հանգամանքը առաջացնում է մի շարք հարցեր, մասնավորապես․
Կարդացեք նաև
ինչպե՞ս է հնարավոր, որ միևնույն առողջական վիճակում գտնվող անձի վերաբերյալ տարբեր ժամանակահատվածներում, տարբեր բժշկական հաստատությունների կամ հանձնաժողովների կողմից տրված եզրակացությունները տարբեր լինեն,
արդյո՞ք բժշկական հանձնաժողովների որոշումները բավարար չափով անկախ են,
արդյո՞ք զինվորական ծառայության ենթակայության պահանջը գերադասվել է քաղաքացու առողջության իրավունքի նկատմամբ։
2024թ․ ձմեռային զորակոչի ավարտից հետո Է․ Ա․-ն, չհամաձայնելով առողջական վիճակի հետազոտության արդյունքների հետ, չի զորակոչվել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության, ինչի հիմքով հարուցվել է քրեական գործ։
Նույն թվականի դեկտեմբերին զորակոչիկը դիմել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակ վերոնշյալ խնդրով։ ՀՔԱՎ-ը՝ ի դեմս փաստաբան Լ․ Մխոյանի, ստանձնել է Է. Ա․-ի իրավունքների պաշտպանությունը և դիմել դատարան։
Դատարանը արձանագրել է, որ հայցը հիմնավոր է և ենթակա է բավարարման, ուստի վճռել է բավարարել Է. Ա.-ի հայցը՝ պարտադիր զինվորական ծառայության որոշումը ճանաչելով անվավեր։
Փաստացի, եթե անձը իրականում ունեցել է հիմքեր առողջական խնդրով զինվորական ծառայությունից տարկետման համար, ապա քրեական գործի հարուցումը կարող է դիտվել որպես իրավական ճնշում և նույնիսկ՝ անօրինական հետապնդում։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիտարկմամբ՝ նման դեպքերը լուրջ վտանգ են ներկայացնում ոչ միայն անձի առողջության իրավունքի, այլև Հայաստանի Հանրապետությունում զորակոչի գործընթացների թափանցիկության և արդարության ապահովման տեսանկյունից։
Զորակոչի գործընթացի ինչպես իրավական, այնպես էլ քաղաքացիական վերահսկողության իրականացումն անհրաժեշտ է զորկակոչի գործընթացի շրջանակներում զորակոչիկների նկատմամբ հնարավոր ճնշումները կանխելու համար։
ՀՔԱՎ