«Լուսավոր Հայաստան» կուսակցությունում «Մեր ձեւով» շարժման համակարգողների հետ քննարկումներ չկան՝ առաջիկա քաղաքական գործընթացներում համագործակցելու․ այս մասին, ՀՀ հակակոռուպցիոն դատարանի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա հավելեց՝ Կարապետյանների ընտանիքի, հետ, մասնավորաբար Նարեկ Կարապետյանի հետ անձնական շփումներ ունի, դրանք քաղաքական չեն, անձնական են․ բոլորն էլ լոռեցի են։ Ամեն դեպքում, մինչ օրս Սամվել Կարապետյանի կողմից արված հայտարարությունները Էդմոն Մարուքյանի համար ընդունելի են, բայց քանի դեռ «Մեր ձեւովը» քաղաքական միավոր չէ, նա անիմաստ է համարում հարցի մանրամասների մեջ մտնել։
Այսօր հակակոռուպցիոն դատարանում, Վահե Դոլմազյանի նախագահությամբ, քննվում է Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու հարցը։ Հիշեցնենք, օրերս հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է. այն համալրվել է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման դրվագով։
Փաստաբանական խումբը վերահաստատում է իր մոտեցումը՝ Սամվել Կարապետյանի հետ կատարվողը քաղաքական հետապնդում է, նա, ըստ ԵԱՀԿ չափանիշների քաղբանտարկյալ է։ Ի աջակցություն Սամվել Կարապետյանի ցույցին, դատարանի մոտ էին նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։
Հարցին՝ Սամվել Կարապետյանը Հայաստանը տեսնում է ԵԱՏՄ-ում, իսկ 2017-ին «Ելք» խմբակցությունը ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագիծ էր ներկայացրել, արդյոք իրենք դիրքորոշման փոփոխություն են արել, Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ 2017-ից ի վեր շատ բան է փոխվել՝ սկսած աշխարհաքաղաքական իրավիճակներից, ուստի, այժմ՝ 2025 թվականին ժամանակավրեպ է այդ շրջանի մասին դատողություններ անել։ Մանավանդ որ, ըստ Էդմոն Մարուքյանի, այսօր Հայաստանի տնտեսությունը եվրոպական առաջատար տնտեսությունների շարքում զարգացող համակարգ է, այդ թվում նաեւ ԵԱՏՄ-ի շնորհիվ։
Կարդացեք նաև
Ի դեպ, Էդմոն Մարուքյանը հավատացած է, որ մինչեւ 2026-ի հունիսի 7-ը ՔՊ-ն եւ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անելու են վերընտրվելու համար։ Բայց ինքը հայտարարում է՝ Նիկոլ Փաշինյանը չպետք է հավակնի երրորդ ժամկետի։ Իր գնահատմամբ, ինչպես 2018-ին, այժմ էլ վստահ է՝ երրորդ ժամկետ չի լինելու։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ