ՀԷՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանի կարծիքով, գործող իշխանությունն ունի աննկարագրելի և անբնական վախ Սամվել Կարապետյանից․ այդ մասին այսօր նա խոսեց լրագրողների հետ՝ Հակակոռուպցիոն դատարանի մոտ։ Դավիթ Ղազինյանը նույնպես մասնակցում էր ի աջակցություն Սամվել Կարապետյանի ինքնաբուխ հանրահավաքին։
«3-րդ, 4-րդ, 5-րդ կապով գտել են իրենց կարծիքով ինչ-որ բան, որը կարող են կպնել Սամվել Կարապետյանին»,- ասաց Ղազինյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի մեղադրանքին փողերի լվացման դրվագի ավելացմանը։ «Ստացվում է՝ իրենց կարճ խելքով, որ Սամվել Կարապետյանը պատրաստ է շատ մեծ բարեգործությունների, բայց ինչ-որ փողերի լվացմամբ զբաղվի։ Մի քիչ ծիծաղելի է։ Չի կարելի։ Այսինքն՝ կան բաներ, որոնք լսելն անգամ զզվելի է»,- հավելեց նա:
Ի դեպ, Դավիթ Ղազինյանի գնահատմամբ, Սամվել Կարապետյանի առաջին մեղադրանքը՝ սահմանադրական կարգի տապալման կոչը, միջին հանրության արարք է, որի դեպքում նորմալ դատարանի պարագայում կալանք կարելի է տալ։
Իսկ Սամվել Կարապետյանին նա այսպես բնութագրեց․ «Գյուղում ծնված և գյուղում մեծացած հայ տղամարդու կերպար է, որի կարիքը շատ ունենք»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, այսօր հակակոռուպցիոն դատարանում, Վահե Դոլմազյանի նախագահությամբ, քննվում է Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու հարցը։ Հիշեցնենք, օրերս հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է. այն համալրվել է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման դրվագով։
Փաստաբանական խումբը վերահաստատում է իր մոտեցումը՝ Սամվել Կարապետյանի հետ կատարվողը քաղաքական հետապնդում է, նա, ըստ ԵԱՀԿ չափանիշների քաղբանտարկյալ է։ Ի աջակցություն Սամվել Կարապետյանի ցույցին, դատարանի մոտ էին նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։
«ՀԷՑ–ի անվտանգությունից այստեղ մարդիկ կային, եկել էին գույքագրեն՝ ովքեր են եկել։ Մեր նախկին աշխատակիցն է։ Իրենք մի քիչ խելոքացել են, ժամանակին 5-6 հոգանոց ժողովներ էին անում, ինֆորմացիան ստանում էինք։ Հիմա առանձին-առանձին են կանչում, ասում են՝ եթե սա դուրս եկավ, խնդիրներ կունենաք»,-ասաց Ղազինյանը՝ հավելելով․ «Իշխանական վախերի ցուցադրման հերթական շոուն է»։
Դատարանի մոտ տեղի ունեցած ինքնաբուխ հանրահավաքի ժամանակ «Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանն էլ հայտարարել էր․ «Մամուլում տարածվել է տեղեկություն, որ ՀԷՑ-ի էն տղան, աշխատակիցներին հորդորում է, որ հանկարծ չգան ու չմասնակցեն ակցիային՝ իրենց իսկական ղեկավարին ի աջակցություն դատարանի բակում կազմակերպված, ինքնակազմակերպված այս մեր միջոցառմանը։ Քանի որ ես էլ արդեն շատ ծանոթներ եմ տեսել այստեղ մեր ՀԷՑ-ից, ասում եմ՝ վախ չկա։ Ոչ ոք չի վախենում ձեզանից, ձեզ հույս եք տվել , թե ձեզանից վախենում են, վախեցող չկա, չի էլ եղել, պայքարելու ենք մեր ձևով ու կրելու եք մեր ձևով»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ