Շրջափակման եւ ռազմական հարձակման հետեւանքով արցախցիների բռնի տեղահանման, համակարգված հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության ոչնչացման, ի վերջո` արդարության վերականգնման, միջազգային իրավունքի պաշտպանության հարցերը ապազգայի՞ն են
Այնպես է ստացվել, որ «էթնիկ հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ» դարձել է Թրամփի վարչակազմի հանձնառությունը: ԱՄՆ-ից հիշեցնում են, որ ուշադիր հետեւում են «Ադրբեջանում կալանավորված էթնիկ հայերի դատավարություններին»:
Արդյո՞ք այս խնդիրները համազգային, պետական-քաղաքական օրակարգի խնդիրներ չեն, որոնք պետք է վեր լինեին կուսակցականների քաղաքական դիրքորոշումներից ու գաղափարախոսություններից…
Դեռեւս այս տարվա հուլիսի վերջին հայտնի դարձավ, որ 87 կոնգրեսականներ Ամերիկայի հայկական համագումարի աջակցությամբ երկկուսակցական մի նամակ են ստորագրել` ուղղված պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, արցախահայերի վերադարձի հիմնարար իրավունքի վերաբերյալ։ Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեի (դեմոկրատ, Նյու Ջերսի) գլխավորած երկկուսակցական նամակով ողջունում էին պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջեւ ներկայացրած վկայությունը, որում հաստատվում էր. «ԱՄՆ-ի աջակցությունը խաղաղության գործընթացին, որը կանխում է Ադրբեջանի կողմից էսկալացիայի ռիսկը եւ ապահովում է բոլոր կամայականորեն կալանավորված հայ ռազմագերիների եւ քաղաքացիական գերիների ազատ արձակումը»,– նամակում հատուկ խրախուսվում էր պետքարտուղարին «անդրադառնալ դեպի Լեռնային Ղարաբաղ հայերի կոլեկտիվ եւ պաշտպանված վերադարձի հարցին»։ «Մենք ողջունում ենք կոնգրեսական Փալոնեին այս երկկուսակցական նախաձեռնությունը գլխավորելու համար՝ Հայկական հարցերով հանձնախմբի առաջնորդներ Գաս Բիլիրաքիսի, Բրեդ Շերմանի եւ Դեյվիդ Վալադեոյի հետ միասին»,– նշել էր Ամերիկայի հայկական համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը։
Կարդացեք նաև
Պետքարտուղար Ռուբիոյին ուղղված նամակում խրախուսվում էր «վարչակազմին ակտիվորեն համագործակցել միջազգային գործընկերների եւ բազմակողմանի հաստատությունների հետ՝ դեպի Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձին նպաստելու համար», այդ թվում՝ «Շվեյցարիայի խորհրդարանի կողմից ընդունված միջոցառմանը դիվանագիտական աջակցություն ցուցաբերելու միջոցով… որը կստեղծի միջազգային բանակցային հարթակ՝ դեպի Լեռնային Ղարաբաղ հայերի անվտանգ, ապահով եւ միջազգայնորեն երաշխավորված վերադարձը միջնորդելու համար»։
Բացի այդ, նամակում ընդգծվում էր 2025թ. մայիսի 27-28-ը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հովանու ներքո Բեռնում կայացած՝ Լեռնային Ղարաբաղում հայկական կրոնական, մշակութային եւ պատմական ժառանգության պահպանմանը նվիրված միջազգային համաժողովի եզրափակիչ հայտարարությունը։ Հայտարարության մեջ կոչ էր արվում «կառավարություններին եւ միջազգային մարմիններին, մասնավորապես՝ Շվեյցարիային դիվանագիտական եւ իրավական քայլեր ձեռնարկել ԵԱՀԿ-ի եւ այլ կոնվենցիաների հիման վրա՝ հայկական մշակութային ժառանգության հետագա ոչնչացումը կանխելու, մարդկանց՝ դեպի իրենց հողեր վերադարձին աջակցելու եւ Բաքվում հայ պատանդների ազատագրման ուղղությամբ ակտիվորեն աշխատելու համար»։
Նամակն ամփոփվում էր այսպես, որ խրախուսվում է պետքարտուղարին «ներգրավել այս չլուծված հակամարտության բոլոր կողմերին՝ ապահովելու համար բռնի տեղահանված հայերի կոլեկտիվ, պաշտպանված եւ արժանապատիվ վերադարձը դեպի իրենց պապենական հայրենիք՝ Լեռնային Ղարաբաղ», այնուհետեւ նշվում էր, որ «այս գործողությունների ձեռնարկումը ուղղակիորեն համապատասխանում է միջազգային իրավունքին ու տարածաշրջանում արդար եւ երկարատեւ խաղաղության հասնելուն»։
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն էլ իր հերթին ողջունել էր ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան ութսուն անդամների երկկուսակցական կոչը, որը, ըստ էության, ներկայացնում էր ԱՄՆ-ի քսանչորս նահանգները՝ ընդգրկելով ավելի քան 66 միլիոն ամերիկացիների։ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում էր. «Նրանք ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ են անում՝ ապահովել բռնագաղթված հայերի «համախմբված, պաշտպանված եւ արժանապատիվ վերադարձը» իրենց բնօրրան՝ Արցախի Հանրապետություն (Լեռնային Ղարաբաղ), միջազգային իրավունքի շրջանակներում եւ Հարավային Կովկասում տեւական խաղաղության հաստատման նպատակով»։
Մեկնաբանելով Հայ դատի հանձնախմբի աջակցությամբ կազմված երկկուսակցական նամակը՝ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել էր. «Այս երկկուսակցական նամակը հստակ ուղերձ է վարչակազմին. տեւական խաղաղության հասնելու ցանկացած ուղին պետք է սկսվի Արցախ վերադարձի իրավունքի ճանաչմամբ, այլ ոչ թե Ադրբեջանի կողմից բնիկ քրիստոնյա բնակչության էթնիկ զտման լեգիտիմացմամբ։ Մենք երախտապարտ ենք հայկական հարցերով խմբի ղեկավարությանը եւ բոլոր այն կոնգրեսականներին, ովքեր կանգնեցին վերադարձի ու արդարության սկզբունքի կողքին՝ միջազգային իրավունքի եւ մարդու իրավունքների շրջանակում»։
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը նկատել էր, որ նամակում փաստագրվում են 2023թ. Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված շրջափակման եւ ռազմական հարձակման հետեւանքները, որոնց արդյունքում «բռնագաղթվեց ամբողջ՝ շուրջ 120000 քրիստոնյա հայ բնակչությունը»։ Հավելվում էին նաեւ, որ հարձակմանը հաջորդել է Ադրբեջանը «համակարգված կերպով ոչնչացրել է հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության կոթողները» եւ «թալանել ու ավերել է քաղաքացիական սեփականություն եւ հանրային ենթակառուցվածքներ՝ նպատակ ունենալով բացառել վերադարձի հնարավորությունը»։ Նամակում հիշեցվում էր՝ «պատերազմի հետեւանքով տեղահանված ժողովուրդների վերադարձի իրավունքը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք է»։ Նաեւ նշվում է 2023թ. Միջազգային Արդարադատության դատարանի կողմից Ադրբեջանին ուղղված հրամանը՝ ապահովելու Արցախի հայ բնակչության անվտանգ եւ ապահով վերադարձը։
Ի դեպ, նամակում օրենսդիրները վերահաստատել էին նաեւ ԱՄՆ-ի նախորդ պարտավորությունները՝ մեջբերելով ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջիմ Օ’Բրայենի հայտարարությունը. «Մենք կոչ ենք արել Ադրբեջանին՝ ապահովել Լեռնային Ղարաբաղից հեռացած բոլոր էթնիկ հայերի անվտանգ, արժանապատիվ եւ կայուն վերադարձը՝ նրանց իրավունքների եւ անվտանգության երաշխավորմամբ»։
Կոնգրեսականների ուղերձը եզրափակվում էր հետեւյալ հստակ պահանջով. «Մենք ակնկալում ենք Ձեր արձագանքը եւ պատրաստ ենք համագործակցել Ձեզ հետ՝ խթանելու արդար, ամուր եւ արժանապատիվ խաղաղություն տարածաշրջանում, որը կապահովի բռնագաղթված հայերի հիմնարար իրավունքը՝ առանց նոր բռնությունների կամ հալածանքների վախի, վերադառնալու իրենց բնօրրան»։
Հարկ է նկատել, որ օգոստոսին ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակեց Ադրբեջանում մարդու իրավունքների մասին 2024թ. զեկույցը, որում տեղ գտած դիրքորոշումների լույսի ներքո Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ամերիկյան վարչակազմին կրկին կոչ էր արել անհապաղ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները դադարեցնելու համար, կիրառել 907-րդ բանաձեւը, ինչպես նաեւ ադրբեջանական պատերազմական հանցագործների համար գործադրել «Գլոբալ Մագնիտսկու» պատժամիջոցները, ապահովել հայ ռազմագերիների ու գերիների անվերապահ ազատ արձակումը։
Զեկույցը մեջբերել էր. «կամայական կամ ապօրինի սպանությունների, խոշտանգումների կամ անմարդկային վերաբերմունքի, կամայական ձերբակալությունների եւ բանտարկությունների, ինչպես նաեւ այլ երկրների քաղաքացիների նկատմամբ հետապնդումների մասին արժանահավատ տեղեկությունները»՝ ընդգծելով, որ Ադրբեջանի կառավարությունը «չի ձեռնարկել իրական քայլեր՝ պատասխանատվության ենթարկելու մարդու իրավունքները խախտած պաշտոնյաներին»։
Զեկույցում նշվում էր ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեի 2024թ. հունիսի 5-ի զեկույցը, որն արձանագրում է «Ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական ծագում ունեցող ռազմագերիների եւ այլ պաշտպանված անձանց նկատմամբ միջազգային մարդասիրական եւ մարդու իրավունքների լուրջ խախտումները»։ Բացի այդ, փաստագրվում էր, որ ՄԱԿ-ի փորձագետները 2024 թ. սեպտեմբերի 27-ին մտահոգություն են հայտնել՝ կապված «2020թ. Զանգելանում գերի ընկած 23 հայ զինծառայողի եւ մեկ քաղաքացու հարկադիր անհետացման» հանգամանքով, սակայն Ադրբեջանը այդ մասին ամբողջ տարվա ընթացքում որեւէ պատասխան չի տվել։
Զեկույցը նշում էր նաեւ Freedom House-ի 2024թ. նոյեմբերի 11-ի ուսումնասիրությունը, ըստ որի՝ Ադրբեջանը «իրականացրել է համակարգված ռազմավարություն՝ 2020-2023թթ. ընթացքում լիովին հայաթափելու Լեռնային Ղարաբաղը՝ հայ բնակչությանը ենթարկելով հարձակումների, ահաբեկման, հիմնական իրավունքներից եւ կենսապահովման պայմաններից զրկելու եւ հարկադիր տեղահանության նպատակով»։ Freedom House-ի 133 էջանոց զեկույցում եզրակացվում է, որ «Ադրբեջանը էթնիկ զտման է ենթարկել Արցախը՝ հարկադիր տեղահանումը կիրառելով որպես միջոց», կառավարություններին կոչ է արվում «նպատակային պատժամիջոցներ կիրառել պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, դադարեցնել զենքի, տեխնոլոգիաների եւ հետախուզական տվյալների մատակարարումը Ադրբեջանին եւ շարունակել միջազգային իրավական մեխանիզմներով հետապնդել արդարության ապահովումը՝ ներառյալ ԱՄԴ եւ ՄԻԵԴ դատավարությունները»։
Զեկույցը նաեւ նշում էր, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ «2024 թ. հոկտեմբերի 24-ի դրությամբ Արցախում մնացել էին ընդամենը 15 հայ բնակիչներ», իսկ Caucasus Heritage Watch-ը արձանագրել է «Շուշիում Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու եւ Ղազանչեցոց գերեզմանատան ոչնչացումը»։ Զեկույցը նաեւ մեջբերում է Bellingcat-ի 2024 թ. սեպտեմբերի հետաքննությունը, որտեղ «արբանյակային եւ սոցիալական մեդիայի լուսանկարները ցույց են տալիս Ստեփանակերտում շենքերի եւ տների հսկայական ավերակներ»։
Ի դեպ, զեկույցի հրապարակումը տեղի էր ունեցել ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «խաղաղության գործարքից» ընդամենը մի քանի օր անց։
Մեկնաբանելով պետդեպարտամենտի զեկույցը՝ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը շեշտել էր. «Հենց Թրամփի վարչակազմի մարդու իրավունքների զեկույցը որեւէ կասկած չի թողնում առ այն, որ Ադրբեջանը շարունակում է պահել եւ խոշտանգել հայ գերիներին, ոչնչացնել հայկական ժառանգությունը եւ համակարգված կերպով վերացնել Արցախի հայկական հետքը»։ 907-րդ բանաձեւի կիրարկումից հրաժարվելը պարգեւատրում է այս հանցագործությունների համար։ Մենք կոչ ենք անում վարչակազմին չեղարկել այդ որոշումը, արգելել զենքի վաճառքը եւ պատժամիջոցներ կիրառել այդ ոճրագործությունների կազմակերպիչների դեմ՝ «Գլոբալ Մագնիտսկու» օրենքով սահմանված կարգով»։
«Համաձայնագիրը, որն անտեսում է Ադրբեջանի կողմից 2023 թ. իրականացված ցեղասպանական էթնիկ զտումը Արցախում, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, հայ գերիների խոշտանգումն ու պահումը եւ տեղահանված հայերի վերադառնալու իրավունքը, չի կարող հիմք հանդիսանալ երկարատեւ ու ամուր խաղաղության համար։ Այն պարզապես կանաչ լույս է Բաքվին՝ նոր հարձակումների համար, վստահ լինելով, որ Վաշինգտոնը հետեւանքներ չի ստեղծի»։
ԱՄՆ-ից ստացվող վերոնշյալ ազդակների ֆոնին վաշինգտոնյան հայտնի եռակողմ հանդիպումից եւ փաստաթղթերի ստորագրումից մի քանի օր հետո Նիկոլ Փաշինյանը խոսեց արցախահայերի վերադարձի թեմայի մասին: Ուղիղ եթերում ժողովրդին հղած իր ուղերձում Փաշինյանը նախ անդրադառնալով հնչող քննադատություններին, թե Վաշինգտոնում համաձայնագրի նախաստորագրված տեքստով փակվում է Արցախի հարցը, արձանագրեց, որ առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղություն հնարավոր չէ։ «Պիտի հիշեցնեմ, որ դեռեւս 2025թ. մարտին այդ առիթով հայտարարություն եմ արել ԱԺ բարձր ամբիոնից, իսկ ավելի ուշ վարչապետի համար տարօրինակ կոչով դիմել եմ ժողովրդին։ Ասել եմ, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, ասել եմ, որ ես Հայաստանն առաջնորդելու եմ այս՝ Ղարաբաղյան շարժումը չշարունակելու տրամաբանությամբ, եւ եթե ժողովուրդը համաձայն չէ այդ տրամաբանությանը, կոչ եմ արել հեղափոխություն անել։ Ժողովուրդը, այսինքն` դուք` սիրելի քաղաքացիներ, հեղափոխություն չարեցիք, որովհետեւ ինձ նման հասկացաք, որ առանց Ղարաբաղյան հարցը փակելու խաղաղություն հնարավոր չէ»,- ասաց Փաշինյանը։
Իսկ ինչ վերաբերում է արցախահայերի վերադարձին, Փաշինյանը շեշտեց, որ դա իրատեսական չի համարում։ «Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների վերադարձի մասին պատկերացումներն իրատեսական չեմ համարում։ Հայաստանում եւ Ադրբեջանում հակամարտության մեկնարկից ի վեր փախստական դարձած անձանց վերադարձի թեմայի երկկողմ արծարծումը համարում եմ վտանգավոր, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությանը վնասող գործիք», նշեց Փաշինյանը։ Ըստ նրա՝ այդ փորձերը փախստականներին ոչինչ չեն տալու, իսկ պետությունների միջեւ դառնալու են լարվածության մի նոր աղբյուր։ Նա հայտնեց, որ իր տեսակետը հայտնել է նաեւ պաշտոնական Բաքվին։
Այսպես, Արցախից տեղահանված մեր հայրենակիցների ապագայի մասին Փաշինյանի պատկերացումն այն է, որ նրանք «պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում, ապրեն, ստեղծագործեն որպես ՀՀ լիիրավ քաղաքացիներ»։
Սեպտեմբերի վերջին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնեն հայտնեց, որ Պետքարտուղարությունից ստացել է պատասխան, որը, ըստ նրա, քայլ է ճիշտ ուղղությամբ, վերաբերում է Արցախի հայերի վերադարձի իրավունքին, հայ ռազմագերիների անվտանգ վերադարձին Ադրբեջանից, ինչպես նաեւ հայկական մշակութային ժառանգության պահպանմանը Ադրբեջանում։ «Ես առաջնորդեցի իմ գործընկերներին՝ պահանջելով, որ ԱՄՆ-ն դիրքորոշում հայտնի Արցախի հայերի օգտին։ Այժմ հորդորում եմ Թրամփի վարչակազմին հետեւողական լինել», նշեց նա։
Հարկ է նկատել, որ տարիներ առաջ, մասնավորապես` 2023թ. ապրիլին, Ֆրենկ Փալոնեն ԱՄՆ-ից պահանջել էր պատասխանատվության ենթարկել Ալիեւին` ապրիլին Տեղ գյուղի մոտ հայկական դիրքերի գնդակոծման համար։ «Սա ադրբեջանական ուժերի հերթական անիմաստ սադրանքն է Հայաստանի դեմ։ Ադրբեջանը բազմիցս նախաձեռնել է չհրահրված ագրեսիայի գործողություններ Հայաստանի ինքնիշխան տարածքում, որոնք ապակայունացնում են տարածաշրջանը եւ գրեթե անհնարին են դարձնում խաղաղությունը։ ԱՄՆ-ն պետք է պատասխանատվության ենթարկի Ալիեւին»,- գրել էր նա։
Սակայն ՀՀ իշխանություններն անդրդվելի են…
Անցյալ ամիս Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում պատասխանելով եվրոպացի պատվիրակի հարցին, Փաշինյանը կրկնեց իր դիրքորոշումը. «Մարդիկ հարց են տալիս՝ ինչքանո՞վ է իրատեսական փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ: Ես ուղիղ ասում եմ, որ ես դա իրատեսական չեմ համարում»: Ավելին, Փաշինյանն այս խնդրի քննարկումն անգամ վտանգավոր համարեց խաղաղության գործընթացի համար. «Եվ ընդհանրապես, փախստականների վերադարձի թեման էս համատեքստում՝ բոլոր փախստականների վերադարձի թեման, ես համարում եմ վտանգավոր խաղաղության գործընթացի համար, որովհետեւ կոնֆլիկտները, այդ թվում՝ Ղարաբաղի կոնֆլիկտը, սկսվել է՝ թվում է հումանիտար պարզ հարցերի արծարծմամբ եւ վերաճել է բոլորիս հայտնի երկարատեւ կոնֆլիկտի»:
Հիշեցնելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ սահմանների անխախտելիությունը՝ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, Փաշինյանն ընդգծեց, որ պետք է կենտրոնանալ հենց այս բանաձեւի վրա եւ չանդրադառնալ վիճահարույց հարցերին: «Եվ առաջիկա տասնամյակներում, եթե շատ ուղիղ եւ գուցե ոչ էդքան դիվանագիտական լեզվով ասեմ, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է պարզապես հանգիստ թողնեն իրար եւ պետք է կենտրոնանան տնտեսական համագործակցություն եւ քայլ առ քայլ երկխոսություն կառուցելու վրա», – ասաց Փաշինյանը: Ինչ վերաբերում է արցախցիների ճակատագրին, ապա նա ԵԽԽՎ-ի առջեւ ներկայացնելով իր տեսլականը, նշեց, թե միջազգային հանրության աջակցությամբ Ղարաբաղի փախստականները պետք է հաստատվեն Հայաստանում՝ որպես Հայաստանի քաղաքացիներ. «Ղարաբաղի մեր հայրենակիցները պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում եւ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ապրեն, ստեղծագործեն, իրենց բարեկեցությունը կառուցեն ՀՀ-ում: Սա է մեր ռազմավարությունը»:
Հայաստանի իշխանությունների դիրքորոշմանը զուգահեռ Ադրբեջանն էլ ունի «վերադարձի» իր ռազմավարությունը, որն անշեղորեն իրականացնում է, ու ստացվում է, որ պաշտոնական Երեւանը որպեսզի չվնասի «փխրուն խաղաղությանը»` փակել է բոլոր այն թեմաների քննարկումը, որոնք կարող են զայրացնել Բաքվին: Սակայն նույնիսկ այդ պայմաններում` Բաքվի պահանջները Հայաստանի նկատմամբ չեն դադարում:
Ամփոփումը` վաղվա համարում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.10.2025