70-ական թվականների վերջում, երբ Մոսկվայում թատրոնի տոմս էինք գնում, ասենք՝ «Լենկոմի» կամ «Տագանկայի», հետն անպայման վաճառում էին ինչ-որ երրորդական համերգի կամ թատրոնի տոմս, այսպես ասած, «в нагрузку»: Պարզ էր, որ այդ հավելյալ տոմսը գցելու էինք աղբարկղը, բայց խնդիր էր դրված չվաճառվող տոմսերը «սաղացնել», իսկ մեզ համար նորմալ ամեն մի տոմսի արժեքը բարձրանում էր 2-3 ռուբլով:
TRIPP գործարքում (հիշեցնեմ, որ դա վերծանվում է որպես Trump Route for International Peace and Prosperity) Հայաստանն այդ «հավելյալ բեռի» դերն է խաղում: Զուտ ձեւականորեն առանց Հայաստանի վարչապետի ստորագրության նման գործարք հնարավոր չէր: Բայց Հայաստանը, ցավոք, գործարքի կողմ չէ: Թերեւս կարելի համաձայնել ամերիկացի տնտեսագետ Ջեֆրի Սաքսի հետ, որ դա գործարք է ԱՄՆ-ի, Թուրքիայի (որպես վերջինիս «ենթակապալառու»՝ Ադրբեջանի) եւ Իսրայելի միջեւ:
Կարելի է ավելացնել, որ դա գործարք է Իրանի դեմ: Մեր հարեւան երկիրը, բնականաբար, մտահոգված է, բայց Իսրայելի՝ ԱՄՆ-ի մասնակցությամբ հարվածներից հետո Իրանը թուլացել է եւ իր մտահոգությունը չի կարող «լիաթոք» բարձրաձայնել: Ռուսաստանն այլ հանգամանքներում նույնպես կընդվզեր եւ Ուկրաինայում զինադադար հաստատելուց հետո (դրա հեռանկարն առայժմ չի երեւում), գուցե դա անի: Բայց առայժմ սահմանափակվում է «3+3» (Հարավային Կովկասի 3 երկրներ գումարած Ռուսաստան-Թուրքիա-Իրան) ձեւաչափի վերակենդանացման մասին խոսակցություններով: Այդ ձեւաչափը TRIPP-ի կնքումից հետո Թուրքիային, հավանաբար, ոչինչ չի տալիս:
Կարո՞ղ էր Հայաստանը նման գործարքի մեջ ավելի լուրջ գործոն լիներ: Կարծում եմ, կարող էր, եթե 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ավելի խելամիտ եւ հետեւողական քաղաքականություն վարեր: Հնարավո՞ր է արդյոք, որ գործարքն իրականացելուց Հայաստանն իր խոսքն ունենա: (Գործարքից հրաժարվելու մասին ընդդիմության մի մասի առաջարկներն ինձ անիրատեսական ու վտանգավոր են թվում): Այո, մենք կարող ենք մեր խոսքն ասել, եթե Հայաստանի իշխանությունն այդպիսի նպատակ դնի:
Կարդացեք նաև
Բայց Փաշինյանի կառավարությունն այդպիսի նպատակ չի դնում եւ, ճիշտն ասած, դա անելու բավականաչափ մտավոր ներուժ չունի: Վարչապետի նպատակն ավելի համեստ է՝ մի լուսանկար կամ մի փոքրիկ տեսագրություն ունենալ, որտեղ ինքն ու Թրամփն իրար ժպտում են եւ հպարտանալ, որ նա Թրամփին հավասար համաշխարհային ֆիգուր է:
Ամենասխալ վարքագիծը, որը հիմա կարող է լինել, անպոչ գդալի նման մեջ ընկնելը եւ սեփական գոյության մասին հիշեցնելն է: Միեւնույն է՝ չեն հիշելու:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ