2025թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել է Արցախից բռնի տեղահանված Լ Վ-ի կողմից ներկայացված հայցը. այն է՝ պարտավորեցնել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը վճարել նրա հանգուցյալ որդու՝ Ա Ա.-ի հինգ ամիս չտրամադրված սոցիալական աջակցության գումարը, ինչպես նաեւ բռնագանձել 10000 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրք։
Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով բռնի տեղահանված անձը, ունենալով հաշմանդամություն, 2023 թ. դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ եւ որպես խնամակալ է ճանաչվել վերջինիս մայրը՝ ԼՎ-ն։ Ա. Ա-ն մահացել է 2024թ. մարտի 18-ին՝ չստանալով հասանելիք աջակցությունը։
Լ.Վ.-ն դիմել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակ հանգուցյալ որդուն հասանելիք աջակցության գումարը ստանալու խնդրով։ ՀՔԱՎ-ը՝ ի դեմս փաստաբան Լ. Մխոյանի, ստանձնել է Լ Վ.-ի իրավունքների պաշտպանությունը, դիմել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն եւ պահանջել է Ա.Ա.-ին տրամադրել իրեն հասանելիք աջակցությունը։
Նախարարությունից ստացվել է գրավոր մերժում՝ այն հիմնավորմամբ, որ սոցիալական աջակցության գումարները ենթակա չեն ժառանգման։
Կարդացեք նաև
Լ.Վ.-ն 2025թ. ապրիլին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան եւ պահանջել պարտավորեցնել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը վճարել իր որդու՝ Ա.Ա.-ի հասանելիք 5 ամսվա աջակցության գումարը։ Դատարանը գտել է, որ առկա են բավարար իրավական եւ փաստական հիմքեր այն մասին, որ պետական մարմինը չի կատարել իր պարտավորությունները, ուստի վճռել է բավարարել Լ.Վ.-ի հայցը՝ պարտավորեցնելով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը վճարել Ա Ա.-ին հասանելիք աջակցության գումարը։
Այս գործը նախադեպային նշանակություն ունի, քանզի ամրագրում է
- Խնամակալները իրավունք ունեն պահանջելու շահառուին կյանքի ընթացքում չտրամադրված սոցիալական աջակցությունը,
- Վարչական մարմինների անգործությունը կարող է վերանայվել դատարանի միջոցով,
- Սոցիալական աջակցությունը չի կարող կորցնել իր նպատակային բնույթը՝ հիմնվելով սխալ մեկնաբանված ժառանգման կանոնների վրա։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ
«Առավոտ» օրաթերթ
14.10.2025