Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ ԳԵՎՈՐԳ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ «Համակարգչային հափշտակության իրավաբանական կազմի օբյեկտիվ հատկանիշների նկարագիրը եւ քրեաբանական նշանակությունը» հետազոտության արդիականությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին արձանագրված համակարգչային հափշտակությունների բացասական քրեաբանական միտումերի հետ` կապված արդյունավետ կանխարգելիչ միջոցների եւ մարտավարական հնարքների ընտրության անհրաժեշտությամբ: Հետազոտության նպատակն է ներկայացնել համակարգչային հափշտակության իրավաբանական կազմի օբյեկտիվ հատկանիշների նկարագիրը եւ քրեաբանական նշանակությունը: Հեղինակը նշում է, որ համակարգչային հափշտակությունը տարբերվում է համակարգչային համակարգի եւ համակարգչային տվյալների անվտանգության դեմ ուղղված հանցագործություններից, ուստի դրանցով է որոշվում թվարկված հանցատեսակների կանխարգելիչ միջոցառումերի տարբերակվածությունը:
Ներկայացում ենք մի հատված ՀՀ դատավորների միության «Դատական իշխանություն» ամսագրի վերջին (2025 հուլիս –սեպտեմբեր ամսվա) Գ.Իսրայելյանի նշված հետազոտությունից.
Համակարգչային հափշտակության կատարման եղանակները. Պարտադիր օբյեկտիվ հատկանիշ է հանցանքի կատարման եղանակը:
Օրենքը նախատեսում է համակարգչային հափշտակության կատարման հետեւյալ եղանակները՝
Կարդացեք նաև
1) համակարգչային տվյալն առանց օրենքով կամ պայմանագրով կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլտվության՝
ա) մուտքագրելը՝ տվյալը ներմուծելը,
բ) փոփոխելը՝ սկզբնական տեսքը մոդիֆիկացնելը, ինչը դժվարություն է առաջացնում դրա օգտագործման համար,
գ) ոչնչացնելը՝ այնպիսի վիճակի հասցնելը, որն անհնար է դարձնում տվյալի նույնացումը կամ ըստ նպատակային նշանակության օգտագործումը,
դ) ուղեփակելը (մեկուսացնելը)՝ անհասանելի դարձնելը, ինչը հնարավորություն չի տալիս այն օգտագործել,
2) համակարգչի, համակարգչային համակարգի կամ համակարգչային ցանցի աշխատանքի նկատմամբ որեւէ այլ եղանակով ներգործելը, օրինակ՝ տվյալն աղավաղելը: Քրեական գործերի՝ մեր կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները հավաստում են, որ հափշտակության ամենատարածված եղանակը համակարգչային տվյալը մուտքագրելն է: Վերը թվարկված եղանակներով համակարգչային հափշտակությունը տարբերվում է հափշտակության մյուս տեսակներից, ինչը եւս պետք է հաշվի առնել կանխարգելիչ միջոցառումերի ընտրության եւ մարտավարության որոշման գործընթացում:
Բացի դրանից՝ եղանակներն ունեն նաեւ քրեաբանական հետեւյալ նշանակությունը. համակարգչային հափշտակության եղանակները յուրահատուկ դրսեւորումեր են ունենում քրեաբանական տարբեր իրադրություններում, որոնց իմացությունը պետք է դրվի խնդրո առարկա հանցատեսակների հատուկ եւ զոհաբանական կանխարգելման կազմակերպման գործընթացի հիմքում:
Քրեական գործերի՝ մեր կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները հնարավորություն են տվել բացահայտել համակարգչային հափշտակությունների կատարման հետեւյալ եղանակները եւ դրանց դրսեւորման քրեաբանական իրադրությունները.
1. Խաբեությունը. Խաբեությունը դիտավորությամբ իրականությունը խեղաթյուրելն է՝ կոնկրետ փաստերը ձեւախեղելով, իրականում գոյություն չունեցող կեղծ տվյալներ հաղորդելով, իրական մտադրության մասին լռելով կամ այնպիսի տեղեկություն չհաղորդելով, որն անձը պարտավոր էր հաղորդել (Օրենսգրքի հոդված 3, մաս 1, կետ 11):
Խաբեության միջոցով հանցավորը.
1) Հասանելիություն է ստանում տուժողի «Իդրամ» դրամապանակին, ինչը, որպես կանոն, կատարվում է ստորեւ նկարագրված լայն տարածում ունեցող եղանակով:
Հանցավորը, որը հաճախ քրեակատարողական հիմարկի կալանավոր է, «Viber» եւ «WhatsApp» հավելվածներով զանգահարում է տարբեր անձանց՝ հայտնելով, թե իբր սխալմամբ գումար է փոխանցել նրանց «Իդրամ» դրամապանակներին եւ խնդրում տրամադրել նրանց հեռախոսահամարներին ստացված գաղտնաբառերը: Դրանք ձեռք բերելուց հետո նա հասանելիություն է ստանում տուժողների «Իդրամ» դրամապանակներին եւ, համապատասխան տվյալը մուտքագրելով, նրանց անունից կնքում է վարկային պայմանագրեր:
2) Հասանելիություն է ստանում տուժողի բանկային քարտի տվյալներին՝ հետեւյալ եղանակներով.
ա) «WhatsApp» հավելվածի միջոցով կապ է հաստատում քաղաքացու հետ՝ «List.am» կայքում տեղադրված նրա հայտարարության տվյալներով: Գումար փոխանցելու պատրվակով հանցավորն ուղարկում է «Հայ Փոստի» հղում, որտեղ տուժողը լրացնում է իր բանկային քարտի տվյալները, ինչից հետո անհայտ անձը հափշտակում է քարտին առկա գումարը:
բ) «WhatsApp» հավելվածով կամ բանկի տարբերանշանով այլ բջջային հավելվածով կամ բանկի հեռախոսահամարով քաղաքացու հետ կապ հաստատած անձը ներկայանում է որպես տվյալ բանկի աշխատակից, հավելվածի անվտանգությունն ապահովելու պատրվակով խաբեությամբ տիրանում է տուժողի բանկային քարտի տվյալներին եւ հաշվեհամարից կանխիկացնում գումար կամ առցանց վարկ ձեւակերպում:
3) Հասանելիություն է ստանում տուժողի գումարին՝ հետեւյալ եղանակներով.
ա) «Facebook» կամ «Instagram» սոցիալական կայքով ներկայանում է որեւէ կազմակերպության, օրինակ՝ «Գազպրոմ» ընկերության մենեջեր կամ ֆինանսական խորհրդատու, ներդրումային կեղծ կայքերում ներդրում կատարելու եւ եկամուտը հետ փոխանցելու պատրվակով տուժողից պահանջում եւ փոխանցման միջոցով ստանում է գումար, սակայն փոխանցելուց հետո խաբեությամբ հափշտակում է այն:
բ) «Facebook.com» սոցիալական ցանցում, տուժողի՝ արտերկրում, որպես կանոն, ԱՄՆում կամ ՌԴ-ում գտնվող ընկերոջ անունով եւ նկարներով ֆեյսբուքյան էջ է բացում ու խաբեությամբ տիրանում որպես օգնություն տուժողի կողմից «Թել-Սել» հավելվածով կամ այլ էլեկտրոնային եղանակով փոխանցված գումարին:
Վստահությունը չարաշահելը. Վստահությունը չարաշահելը որոշակի վարքագծով, խոստումներով կամ հանցագործությունից տուժածի հետ ունեցած միջանձնային հարաբերություններն օգտագործելով` հանցավորի կամ այլ անձի ապագա վարքագծի կամ ապագայում սպասվող փաստերի կամ իրադարձությունների կապակցությամբ անձին դիտավորությամբ մոլորության մեջ գցելն է (Օրենսգրքի հոդված 3, մաս 1, կետ 12):
Վստահությունը չարաշահելու օրինակ կարող են ծառայել հետեւյալ դեպքերը.
ա) Ա.-ն ու Բ-ն գտնվել են փաստական ամուսնական հարաբերությունների մեջ: Բ.-ն վստահել է Ա.-ին քարտային հաշվի գաղտնաբառը, ով կատարել Բ.-ի դրամական միջոցների հափշտակություն եւ անհետացել:
բ) Պատիժը կրելու ընթացքում գումար հափշտակելու դիտավորությամբ քրեակատարողական հիմարկից՝ իր կողմից ապօրինի օգտագործվող բջջային հեռախոսների միջոցով ստանալով համացանցի հասանելիություն՝ հանցավորը մուտք է գործում «Odnoklasniki.ru» կայք, որտեղ, բացելով անհատական էջ, ծանոթանում է տուժողի հետ, նրա հետ ստեղծում կեղծ մտերմիկ հարաբերություններ: Հետագայում, տուժողի վստահությունը չարաշահելու եղանակով՝ հանցավորը նրանից պահանջում է բանկային քարտի թվային տվյալները, որոնց միջոցով կատարում է դրամական միջոցների հափշտակություն:
Համակարգչային հափշտակության միջոցները. Պարտադիր օբյեկտիվ հատկանիշ է նաեւ հանցանքի կատարման միջոցը: Վերը նկարագրված գործողությունները կարող են կատարվել ինչպես համակարգչով, այնպես էլ սմարթֆոնով կամ ցանկացած հաշվողական տեխնիկայի օգտագործմամբ։ Էլեկտրոնային կամ համակարգչային տեղեկատվությունը կարող է ներմուծվել ինչպես կոնկրետ սարքի, օրինակ՝ բանկոմատի, այնպես էլ համացանցի միջոցով, հափշտակությունները կարող են կատարվել տարբեր էլեկտրոնային հաշիվներից, այդ թվում՝ կարող է հափշտակվել կրիպտոարժույթ։ Այս հատկանիշի քրեաբանական նշանակությունն այն է, որ միջոցի տեսակով է պայմանավորված կանխարգելիչ միջոցառումների եւ մարտավարության տարբերակի ընտրությունը:
Գևորգ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյի քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնի պետ, Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի դասախոս
«Առավոտ» օրաթերթ
14.10.2025