Երևան, 2025թ., հոկտեմբերի 14. Երևանում կայացավ «Արհեստական բանականության անատոմիա» խորագրով Silicon Mountains 2025 գագաթնաժողովը, որը դարձել է երկրի առանցքային տեխնոլոգիական հարթակը: Միջոցառումը միավորել էր առաջատար փորձագետներին և ոլորտի առաջնորդներին՝ ցույց տալու, թե ինչ կառուցվածք ունի արհեստական բանականությունը՝ ալգորիթմներից և նեյրոնային ցանցերից մինչև տվյալների հոսքեր և մարդկային փորձառության դերը թվային փոխակերպման մեջ:
Գագաթնաժողովի բացման խոսքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց. «Ես կարող եմ հիշատակել առաջին երեք քայլերը, որոնցով մենք պատկերացնում ենք, որ պետք է աջակցենք տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ Դրանցից առաջինը կրթությունն է, երկրորդը կրթությունն է, երրորդը կրթությունն է։ Հաջորդ քայլերը թվարկելով կարող եմ հիշատակել ենթակառուցվածքները, լավ կարգավորումները, լավ քաղաքականությունները։ Բայց հարց է ծագում, թե ինչ է պետք անել և ինչ է պետք ունենալ լավ ենթակառուցվածքներ, կարգավորումներ և քաղաքականություններ մշակելու և ունենալու համար։ Կարծում եմ՝ այստեղ էլ պատասխանը նույն է։ Երեք բան է անհրաժեշտ՝ կրթություն, կրթություն և էլի կրթություն»։ Փաշինյանը նշեց, որ տեխնոլոգիական ընկերություններն արդեն ակտիվորեն ներգրավված են դպրոցական կրթության զարգացման գործում՝ երկրում ապահովելով առանցքային պայմաններ կայուն աճի և անվտանգության համար:
ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանն ընդգծեց, որ գագաթնաժողովն անցկացվում է արդեն իններորդ անգամ, իսկ վերջին երկու տարիներին միջոցառումներն առաջին անգամ անցկացվել են նաեւ մարզերում՝ Գյումրիում և Լոռիում: «Ձեւաչափը, երբ տարվա ընթացքում մեկ միջոցառումն անցկացվում է մայրաքաղաքում, իսկ մյուսը՝ մարզերում, հնարավորություն է տալիս նորարարությունները տարածել ամբողջ երկրի տարածքում: Մենք կարծում ենք, որ տեխնոլոգիաները պետք է հասանելի լինեն յուրաքանչյուր համայնքի, յուրաքանչյուր դպրոցի և յուրաքանչյուր երիտասարդի համար», – ընդգծեց Մուսայելյանը: Նա նաև ընդգծեց ավագ դպրոցներում արհեստական բանականության դասավանդման STEP.ai ծրագրի մեկնարկի կարեւորությունը՝ նշելով, որ ծրագիրը 2024թ. հոկտեմբերից իրականացվում է երկրի 15 դպրոցներում:
Ծրագրի շրջանակում երեք տարվա ընթացքում աշակերտները խորությամբ ուսումնասիրում են արհեստական բանականությունը՝ սկսելով հիմունքներից։ 10-րդ դասարանում նրանք սովորում են ծրագրավորում Python լեզվով, որը հնարավորություն է տալիս կառավարել համակարգիչները։ 11-րդ դասարանում նրանք ուսումնասիրում են մեքենայական ուսուցում, իսկ 12-րդ դասարանում արդեն կառուցում են իրական ռոբոտներ։
Կարդացեք նաև
Գագաթնաժողովին մասնակցում էին աշխարհահռչակ մասնագետներ եւ փորձագետներ՝ Analog Devices-ի գլխավոր գործադիր տնօրեն, Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2025թ. դափնեկիր Վինսենթ Ռոշը, Flagship Pioneering-ի հիմնադիր և Moderna-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանը, Հյուսիսային Ասիայի McKinsey & Company-ի պատվավոր նախագահ Անդրե Անդոնյանը, Nokia-ի Կենտրոնական և Հարավային Եվրոպայի տեխնիկական տնօրեն Իվան Լեսիչը, տեխնոլոգիական ձեռնարկատեր և գինեգործ Ադամ Կաբլանյանը, Cognaize-ի հիմնադիր Վահե Անդոնյանսը և ոլորտի այլ առաջնորդներ: Նրանք կիսվել են իրենց անձնական փորձով և քննարկել արհեստական բանականության ապագան, գեներատիվ մոդելները, տվյալների կառավարումը և մարդկային փորձառության դերը:
Գագաթնաժողովի կարևորն իրադարձություններից մեկը Ucom-ի և Nokia-ի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումն էր՝ «Ինքնավար ցանցերը և արհեստական բանականության կիրառությունը 6G-ի համար» թեմայով։ Հուշագիրը ստորագրեցին Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ Nokia-ի բջջային ցանցերի Եվրոպայի շուկայի ղեկավար, ավագ փոխնախագահ դոկտոր Ռոլֆ Վերները։
Գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել նաև հատուկ նամականիշով երկկողմանի բացիկի մարման արարողություն՝ նվիրված Silicon Mountains 2025–ին։ Արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գևորգ Մելիքսեթյանը, «Հայփոստ»-ի գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, Հայաստանի ֆիլատելիստների ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը և Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ Բացիկի դիզայնը մշակել է Դավիթ Դովլաթյանը։